Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

altԱռողջապահական խնդիրները թերևս ամենասուրն են դրված հանրապետության գյուղական բնակավայրերում։ Այդ ուղղությամբ հանրապետությունում վերջին տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկվում. բացվում են նորակառույց բուժկետներ, եղածները վերազինվում են նոր սարքավորումներով։ Այդուհանդերձ, կան գյուղեր, որտեղ գործող բուժհիմնարկները դեռևս նմանատիպ խնդիրներ ունեն։
Շենքը, որտեղ տեղակայված է Չլդրանի բուժամբուլատորիան, նախկինում ծառայում էր կապի բաժանմունքին։ Խորհրդային տարիներին առկա հիվանդանոցային շենքը գյուղի ներքևի մասում է գտնվում (Արցախյան պատերազմի տարիներին այն ծառայել է որպես զինվորական հոսպիտալ), որը պատերազմից հետո վերանորոգման խիստ կարիք է զգում. աշխատելն այստեղ պարզապես հնարավոր չէ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը հետպատերազմյան տարիներին օգնության ձեռք էր հասցնում տուժած բնակավայրերին, որոշեց վերանորոգել կապի բաժանմունքի շենքը և այն հատկացնել գյուղական բուժամբուլատորիային՝ հաշվի առնելով շինարարական համեմատաբար նվազ ծախսերը։
Չլդրանի բուժամբուլատորիայի վարիչ, բժիշկ Լարա Հովսեփյանն այստեղ աշխատում է 2006 թվականից։ 2005-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը, իսկ հետագայում, երկու տարի կլինարդինատուրա անցնելով՝ ստացել է ընտանեկան բժշկի որակավորում։ Բուժամբուլատորիան ունի 6 աշխատող՝ բժիշկ, բուժակ, երեք բուժքույր և մեկ հավաքարար, սպասարկում է Չլդրան, Կիչան, Ղազանչի, Պողոսագոմեր և Ղազարահողեր գյուղերի բնակչությանը։ ՙՄենք հանդիսանում ենք թե՜ որպես ամբուլատոր, և թե՜ որպես ստացիոնար բուժծառայություն՚,- ասում է Լարա Հովսեփյանը՝ ներկայացնելով իրենց կողմից կատարվող աշխատանքը։ Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ըստ իմունիզացիայի ազգային ծրագրի, այստեղ պարբերաբար իրականացվում են երեխաների տարիքային պատվաստումները։ Կատարում են հղիների հաշվառում, նրանց նկատմամբ իրականացնում ընթացիկ վերահսկողություն, իսկ ծննդաբերությունն արդեն տեղի է ունենում կա՜մ Մարտակերտ շրջկենտրոնում, կա՜մ Ստեփանակերտում։ Լինում են դեպքեր, երբ (չհասցնելու դեպքում) տնային պայմաններում են ծննդաբերում՝ տեղի մանկաբարձուհու օգնությամբ։ 
Բնակչության ո՞ր խավն է ավելի շատ դիմում բուժծառայողների օգնությանը հարցին բուժամբուլատորիայի վարիչը պատասխանեց. ՙՔանի որ անտառը հեռու չէ գյուղից՝ առավելապես դիմում են վնասվածքների համար։ Քիչ չէ նաև հիպերտոնիկ հիվանդություններով տառապողների թիվը, որոնց շարքում շատ են տարեցները՚։   
Դեղամիջոցները միայն առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար են հերիքում։ Դրանց ձեռքբերման հարցում նախկինում մեծապես օգնում էր ԿԽՄԿ-ի ղարաբաղյան գրասենյակը։ Ներկայումս դեղորայք ստանում են Մարտակերտից՝  համապատասխան ծառայությունից՝ նվազ քանակով։
Խոսելով առկա խնդիրներից և դժվարություններից՝ բուժամբուլատորիայի վարիչն առաջինը մատնանշեց տրանսպորտի՝ սանիտարական մեքենայի բացակայության հարցը։ Գյուղը մեծ է, վեց թաղամասերից յուրաքանչյուրը մեկը մյուսից ահագին հեռավորություն ունի, իսկ շտապ օգնության կանչերը շատ են լինում՝ հատկապես գիշերային ժամերին։ Ստիպված են ոտքով կտրել երկար ճանապարհը՝ երբեմն վտանգելով իրենց կյանքը (բուժքույրերը հավելեցին, որ իրենցից յուրաքանչյուրն արդեն ՙարժանացել է՚ թափառող շների հարձակմանը)։ Հարկ է հաշվի առնել նաև գյուղում անձրևոտ եղանակներին տիրող իրավիճակը։ Իսկ շտապ օգնության մեքենան շրջկենտրոնից հաճախ չի կարողանում ժամանակին գալ-հասնել՝ ծանր հիվանդին տեղափոխելու համար։  Ստեփանակերտի շտապ օգնության կայանում, ինչպես փաստում է բուժամբուլատորիայի վարիչը, նման հեռավոր բնակավայրերից կանչ չեն ընդունում, և իրենք ստիպված են լինում անհրաժեշտության դեպքում հիվանդին տեղափոխել իր իսկ սեփական միջոցներով։ Իսկ եթե հիվանդը զոհված ազատամարտիկի ծնող է՝ դժգոհություններն ու բողոքներն անպակաս են և, անշուշտ, տեղին։ 
ՙԲազմիցս դիմել ենք պատկան մարմիններին՝ տրանսպորտի միջոց տրամադրելու հարցով, բայց առայսօր արձագանք չկա։ Բացի այդ, մենք արտաժամյա շատ ենք աշխատում, չնայած աշխատանքային ռեժիմը նույնն է, ինչ քաղաքային և շրջանային պոլիկլինիկաներինը։ Այդ մասին նույնպես իրազեկել ենք... Մեր հանգստի ժամերին և օրերին կանչերի ենք գնում, անկողնային հիվանդներին ենք համապատասխան բուժօգնություն ցուցաբերում, բայց դրա դիմաց չենք վարձատրվում՚։  
Ներկայումս բուժամբուլատորիան վատթար պայմաններում է. խոնավությունից փուլ եկող պատեր, կիսաքանդ ու փտած հատակ, ինչի պատճառով շուրջբոլորը անարգել վխտում են կրծողները։ 
Հինգ գյուղերին սպասարկող բուժամբուլատորիան ապահովված չէ ջրով, չկա սանհանգույց, բացակայում են անհրաժեշտ բուժսարքավորումները։ Շենքի միայն երկու սենյակներն են օգտագործվում, մյուսները մեծ խոնավության ու անհրաժեշտ կահավորանքի բացակայության   պատճառով ՙպարապուրդում են՚ հայտնվել։ Չունեն հեռախոսակապ։ Անհրաժեշտության դեպքում, ինչը շատ հաճախ է լինում, բժշկուհին իր բջջային հեռախոսով է կապվում ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ հիվանդների հետ։ ՙԳոնե մի հեռախոս տրամադրեն բուժամբուլատորիային՚,- ասում է Լ. Հովսեփյանը։ 
Որպես ուրախացուցիչ հանգամանք՝ գյուղապետարանում տեղեկացանք, որ Հայ օգնության ֆոնդը խոստացել է անհրաժեշտ բուժսարքավորումներ տրամադրել Չլդրանի բուժամբուլատորիային։ 
Չլդրանցիները հույս ունեն, որ մոտ ապագայում բուժամբուլատորիան կտեսնեն վերանորոգված, հարմարավետ պայմաններով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած, քանզի որակյալ բուժծառայություն մատուցելը միայն այդ կերպ է հնարավոր։    
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ