[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹ

altԽորհրդածություններ  ՙՀարազատ թշնամի՚ սերիալի շուրջ
Բոլորովին  պատահաբար  մի օր դիտեցի ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության ՙՀարազատ թշնամի՚ հեռուստասերիալից  մի հատված։ Հետագայում ուշադրությամբ հետևեցի մի քանի սերիաների. հիասթափությունս խորն էր: Իսկապես հնարավոր չէ անտարբեր անցնել այսպիսի անորակ, հակամշակութային, հակադաստիարակչական կինոապրանքի կողքով: Հայի սպառող տեսակ, շուկայականություն, ագրեսիա և նևրոզային տրամադրություն. այսպիսին է հեռուստասերիալի բովանդակային ֆոնը: 
Սերիալում ակնհայտ է այլասերումը, անհարգալից վերաբերմունքն ազգային արժեքների, մասնավորապես լեզվի նկատմամբ: Ֆիլմի սյուժեն, դեպքերի ու իրադարձությունների ընթացքը, այլասերումն ու արժեզրկումը հասցված են աղետալի չափերի: Եվ այստեղ է, որ մշակույթը դառնում է հակամշակույթ: alt
Առաջին հայացքից թվում է՝ ֆիլմում արտացոլված է ընտանեկան դրամայի հոգեբանական վերլուծություն, բայց մեկ սերիայի դիտումը բավական է, որպեսզի հասկանանք, որ բարոյական հոգեբանության փոխարեն ամեն ինչ կառուցված է կենսաբանական բնազդի վրա: Ագրեսիան թափանցել է մարդկային հարաբերությունների՝ թվում է ամենամաքուր տարածքը՝ ընտանիքը, որը հայերիս համար չափանմուշային է: Երկու իրար ատող ընտանիքների հարաբերությունները հասցված են թշնամության ու ագրեսիայի, այլատյացության ու ապամարդկայնացման: Ընդ որում՝ երկու թշնամի ընտանիքների ամուսինները ընկերներ են ու խնամիներ: Նույն այդ ընտանիքների թշնամության ուղղակի զոհ է դառնում Բալայանների  որդու՝ Սպարտակի և Բեկնազարյանների դստեր՝ Էմիլիի ՙսերը՚: Ինչու ենք սերը չակերտների մեջ առնում,  որովհետև այդ, այսպես կոչված, զգացմունքը, որ փորձում են խաղալ երկու հերոսները, կառուցված է բնազդների ու սոսկ սեռական հակումների  վրա: Այդ քնքուշ աղջիկը, որ տառապող կերպար է, ըստ էության, կրակն է ընկել գռեհիկ ու կոպիտ Սպարտակ Բալայանի ձեռքին, ով ցանկացած պահի հայհոյանքներ է թափում իր սիրած աղջկա գլխին և ակնհայտորեն ցուցադրում  անհարգալից վերաբերմունք (ՙՎեր ընգի տեղդ, մեկա քեզ ծեծելով կտանեմ, ջեբկիրի աղջիկ՚,  ՙՁեռ ես առնո՞ւմ,  աղչի՚, ՙԱրա՜, իջի, արա, դավայ, տուն անցի…): Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
altՀեռուստասերիալի երկու ընտանիքներում էլ, ովքեր հարազատ թշնամիներ են՝ Բալայաններ, Բեկնազարյաններ, մթնոլորտն անբարոյական է, և պատահական չէ, որ երկու ընտանիքներից և ոչ մեկը անձնական երջանկություն չի գտնում: Ցավոք, ֆիլմի նևրոզային վիճակը հաղորդվում է հեռուստադիտողներին, որովհետև հեռուստացույցի առաջ նստողը կամա թե ակամա, հոգեբանական նույնացման կամ ապրումակցման զգացում է ունենում՝ կապված առանձին հերոսների, դեպքերի ու իրադարձությունների հետ: Ավելին, հեռուստասերիալի սիրահարները կարող են խորը հոգեբանական նույնացման արդյունքում ձեռք բերել նախընտրած հերոսի այս կամ այն վարքագծի կրկնում կամ պատճենում:
Մինչ այսօր ֆիլմի սերիաներում դեպքերի հանգուցալուծումը տանում է միայն ու միայն դեպի անհատների ողբերգություն: Ողբերգություն են ապրում ինչպես անհատապես, այնպես էլ ընտանիքներով: Երկու ընտանիքների մոդելներն էլ, որոնք գործում են հեռուստասերիալում,  ունեն դիսպերս նկարագիր: Մինչդեռ հայկական ընտանիքի անդամներն  ապրում են փոխլրացնող հարաբերություններով: Ֆիլմում միանշանակ սխալ ձևով են լուծվում ծնող-երեխա հարաբերությունների, ընկերների, ընտանեկան բարեկամության, խնամիության, սիրո զգացմունքի, ամուսնության, ծնողապաշտության ու զավակապաշտության ավանդական մոտեցումների արդիականացման խնդիրները: Եվ սա անհետևանք չի կարող մնալ հատկապես ֆիլմի առանձին հերոսների դերակատարներին համակրող երիտասարդության ու պատանեկան տարիքի երեխաների վրա, քանի որ ընկալված ինֆորմացիան հոգեբանական օրինաչափությամբ չի կորչում և կարող է ենթագիտակցորեն ղեկավարել մարդուն կամ նրա մոտ ձևավորել դիրքորոշումներ:alt
Գուցե թե ֆիլմի սցենարի հեղինակը շոպենհաուերյան հեռատեսությամբ է կերտում ժամանակի հերոսի իր մոդելը, բայց այն, որ այդ մոդելները չեն կարող դրական իմաստով ներգործել ժամանակի վրա, ակնհայտ է: Ավելին, ֆիլմի անհատական (առանձին հերոսների) ու հանրային կյանքի չկայացվածությունը խոսում է մեզանում առկա կամ ձևավորվող բարոյական ճգնաժամի մասին: Մինչդեռ նույն այդ սերիալը որպես կինոմշակույթ` պետք է ցույց տա ճիշտ հանրային կյանք վարելու ու մարդկանց հետ բարձր արժեքների վրա հիմնված հարաբերություններ կառուցելու մոդելը: Սերիալն ընդգծում է սոսկ առօրյա կյանքի կամ մեր ժամանակների արատավորությունը՝ հանրային կյանքի նկարագիրը դարձնելով տրոհված, քայքայված ու պաթոլոգիկ: Այսպես, ցասումն ու հիասթափությունը հաջորդում են իրար, և ելքը շարունակում է մնալ անհանդուրժողականությունը: 
Պետք է կարծել, որ ֆիլմի սցենարի հեղինակը հոգեբանական ողբերգության հասնող իր անզորությունից և ներքին չլուծված կոնֆլիկտի վրա է կառուցում այդ չարաբաստիկ սերիալը: Կարելի է ասել, այստեղ առկա է անուղղակի ագրեսիայի ու սխալ տրանսֆերի (տեղափոխման) երևույթը: Թե մինչև երբ կշարունակվի աճուրդի հանված այս հակամշակույթը ու դրանից արտածվող մղձավանջը, դժվար է ասել...
 
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
Հոգեբան