[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ՝ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Siria.jpgՔաշաթաղի շրջանն այն տարածքն է, որտեղ բնակություն են հաստատել փախստականներ Ադրբեջանի հայաշատ տարածքներից, Աղետի գոտուց։ Վերջին տարիներին շրջանում սկսեցին բնակություն հաստատել նաև մեր հայրենակիցները Սիրիայից: 
Մինչև սիրիական պատերազմը Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հիմնավորվեց 3 ընտանիք: Պատերազմի երկարացումն ավելացրեց սիրիահայերի քանակը, որոնք հիմնականում հաստատվել են Կովսականում, Բերձորում և Իշխանաձոր գյուղում։ 
Սկզբնական շրջանում սիրիահայերը տեղավորվել էին Բերձորի հյուրատանը, այնուհետև նրանց համար Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ գտնվող վանատունը  վերակառուցվեց 3¬բնակարանոցի, և 3 ընտանիք այժմ ապրում է այստեղ: Շինարարությունն իրականացվեց  շրջանում գործող ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Բացի այդ՝ Բերձորում կառուցվեցին 2 առանձնատուն ՙՀայրենիք՚ բարեգործական միության կողմից: Եվս մեկ առանձնատուն գնվեց և վերանորոգվեց շրջանում գործող ամերիկյան ՙԱգապե՚ կազմակերպության կողմից: Բերձորում բնակվող սիրիահայերի դպրոցահասակ երեխաները (մոտ 10 աշակերտ) հաճախում են Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: Լուծված է նաև աշխատունակ անձանց զբաղվածության հարցը: Մեր հայրենակիցներն աշխատում են  քաղաքում գործող կառույցներում: Երիտասարդներից կան ուսանողներ, ովքեր պետպատվերի շրջանակում ուսանում են Ստեփանակերտի բուհերում: Ավելի շատ սիրիահայեր բնակություն են հաստատել Կովսական քաղաքում, որը հանդիսանում է տարածաշրջանի կենտրոն: Այստեղ արդեն մեկ  տարուց ավելի է, ինչ շահագործման է հանձնվել 6-բնակարանոց շենքը, և 6 ընտանիք ունի իր տանիքը: Շենքը շահագործման հանձնվեց ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի կողմից: Շուտով կավարտվի նաև 12-բնակարանոց շենքի կառուցումը. այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Բազմաբնակարան շենքի կառուցման համար 13 միլիոն դրամ հատկացրել է ՙՕգնիր եղբորդ՚ հիմնադրամը։ Որոշակի գումար է  տրամադրել  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: 9 միլիոն դրամ էլ խոստացել է հատկացնել ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը: Քաշաթաղի շրջանի կենտրոնական մասում է գտնվում Իշխանաձոր գյուղը, որտեղ ԼՂՀ փոխվարչապետի նախաձեռնությամբ նախատեսվել է կառուցել 50 բնակելի առանձնատուն, որոնք կհատկացվեն շրջանում բնակություն հաստատող սիրիահայ նոր ընտանիքներին. այժմ մի քանի ընտանիքներ սպասում են այդ օրվան: Այստեղ ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի կողմից կառուցվել է 1 առանձնատուն: 2 ընտանիքի համար ևս կառուցվել է մեկ առանձնատուն, որի շինարարությունն իրականացվել է ՙՔաշաթաղ՚ հիմնադրամի կողմից։ Գյուղի միջով անցնող Հակարի գետի ափին կառուցվում է ևս մեկ բնակելի շենք, որն ունենալու է 9 բնակարան: Բացի բնակելի տարածքներից, սիրիահայերն ստացել են այլ աջակցություն ևս. փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի միջնորդությամբ հատկացվել են 50 մահճակալ, անկողնային պարագաներ և այլն: Ֆրանսիայում գործող ՙԱջակցություն ինքնորոշված Արցախին՚ կազմակերպության կողմից 23 ընտանիքի հատկացվել է կահույք՝ սեղան, աթոռ, պահարաններ և այլ պարագաներ: ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամի կողմից մի քանի ընտանիքի հատկացվել է հեռուստացույց: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը խոստացել է նաև աջակցել բնակարան ստացած ընտանիքներին՝ հատկացնելով մեկական կով: Նույն հիմնադրամի, գործարար Արմեն Հարությունյանի և շրջանի արհմիության կողմից հաճախակի հատկացվում է նաև սննդամթերք: Ֆեսբուքյան երիտասարդական մի կազմակերպություն սիրիահայերին 2 անգամ հատկացրել է 800000-ական դրամ, ինչպես նաև տաք հագուստ, սննդամթերք: Կովսականում հաստատված սիրիահայերը, որ հիմնականում Սիրիայի Կամիշլու քաղաքից են, ծանոթ են հացահատիկ մշակելու գաղտնիքին և այստեղ էլ հիմնականում զբաղված են այս աշխատանքով: Ընդհանուր՝ 1000 հեկտարից ավելի տարածք այսօր նրանք են օգտագործում: Հայ  բարեգործական ընդհանուր միության կողմից հատկացվել է 3 ՙԲելառուս՚ տրակտոր՝ շարքացաններով, այլ գյուղատնտեսական գործիքներով: Այս տրակտորները շահագործելու են սիրիահայերը, ովքեր ունեն նաև սեփական տեխնիկա: Շուտով տարածքում կստեղծվի մեքենատրակտորային կայան, որը կօժանդակի գյուղատնտեսական աշխատանքներին: Մեկ ընտանիքի (դերձակներ են) հատկացվել է 300000 դրամ գումար, որով գնվել է 2 կարի մեքենա: Այստեղ նույնպես շատերն աշխատում են պետական ձեռնարկություններում, նաև հիվանդանոցում: 14 սիրիահայ աշակերտ սովորում է Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սիրիահայ Վարդան Պողոսը Բերձոր է եկել կնոջ և փոքրիկ դստեր՝ Բարիկի հետ: Աշխատում է շրջվարչակազմում, կինը՝ մանկապարտեզում: Ասաց, որ եթե լուծվի բնակարանների և աշխատանքի հարցը, ավելի շատ սիրիահայեր կգան և կբնակվեն Քաշաթաղում: Այժմ էլ կան ընտանիքներ, որոնք սպասում են բնակարանների կառուցմանը:
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ