[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

PTSD_j2_cr.jpgՏարերային աղետները, պատերազմները, ավտո և ավիավթարները, ընտանիքում ծանր հիվանդություններն ու մահացությունները, վարակիչ հիվանդությունները և այլ հոգեսոմատիկ ցնցումներ ծնող իրադարձություններ բնակչության շրջանում առաջացնում են զանգվածային խուճապ, տագնապ, վախ, սթրեսներ, երբեմն՝ դեպրեսիա: Տարերային աղետների զոհ դարձած անձանց մոտ ծանր հուզազգացմունքային հիշողությունների արտամղումը ենթագիտակցություն տեղիք է տալիս հոգեկան լուրջ խանգարումների: 
Եթե հոգեսոմատիկ խանգարումները նկատվում են հոգեցունց իրադարձությունից մեկ կամ մի քանի ամիս հետո, ապա երևույթը հիվանդության է վերածվում՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (ՀՏՍԽ) անվանմամբ:
Ցավոք, այս հիվանդության հետ քաջ ծանոթ է մեր ազգը, որը ոչ հեռավոր անցյալում անցել է և՜ պատերազմի բոհով և՜ ուժգին երկրաշարժով: 
1988-ի երկրաշարժից տարիներ են անցել, բայց հետևանքները շարունակում են մնալ: Հետտրավմատիկ սթրեսներն  առկա են նույնիսկ նրանց մոտ, ովքեր անմիջապես չէին գտնվում երկրաշարժի էպիկենտրոնում: Ճիշտ է,  ժամանակը մոռացության է մատնում մանրամասները, սակայն, ցավոք,  գիտակցական ոլորտից տհաճ հիշողությունների բացակայությունը չի նպաստում հոգեկան առողջության վերականգնմանը: 91817110_cr.jpg
ՀՏՍԽ-ի ախտանիշներն են՝ աղետի վերապրում՝ արթուն կամ քնած վիճակում, հուզական դեֆիցիտ հարազատների և այլ մարդկանց հարաբերություններում, անկայունության նշաններ, դեպրեսիաներ, կոգնիտիվ խախտումներ (մտածողության խանգարում, ուշադրության շեղում, ցրվածություն, կպչուն մտքեր, խուսափման վիճակներ, գերլարվածություն, ինչպես նաև ոչ յուրահատուկ մի շարք ախտանիշներ): Կամքից թույլ մարդկանց մոտ ՀՏՍԽ-ն կարող է պատճառ դառնալ մի շարք մոլուցքների գիրկն ընկնելու, հատկապես՝ թմրամոլության և հարբեցողության: Ցավոք, չենք կարող ապահովագրվել նման արհավիրքներից, հետևաբար, հետագայում ևս հիվանդագին ապրումներից ազատվելու համար  պարտավոր ենք քաջատեղյակ լինել որոշ նրբությունների: Հատկապես որ,  կրկնակի հայտնվելով աղետալի իրադրության մեջ, ՀՏՍԽ-ով մարդիկ ի վիճակի չեն լինում դիմակայել ՙհորդառատ՚ հույզերին, ինչն էլ տեղիք է տալիս շատ ավելի լուրջ հիվանդությունների՝ միգրեն, քաղցկեղ, սրտի կամ ուղեղի կաթված... Հաճախ լացում են, կոկորդը խզվում է, կատաղության բռնկումներ են ունենում և այլն: 
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին հատուկ ախտանիշներից մի քանիսն ունենալու դեպքում լավ կլիներ դիմել մասնագետի, սակայն, բարեբախտաբար, հաճախ օգնության կարող են հասնել նաև բանիմաց հարազատները, ընկերները, ինչպես նաև կրոնական հավատքը: 
ՀՏՍԽ-ով հիվանդ մարդիկ հեռանում են շրջապատից: Երբեմն խզում են հուզական կապերն անգամ ընտանիքի անդամների հետ: Իսկ երբեմն էլ չեն կարողանում արտահայտել զգացմունքները: Սա յուրահատուկ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որն իբր թե մարդուն պաշտպանում է հարազատի հետագա հնարավոր կորստից: Մարդն ինքնամփոփ է դառնում: Նրա գործողություններն ավելի շատ մեխանիկական են ու ինքնակա: Երբեմն աղետ  ապրած մարդիկ խղճի խայթ են զգում, որ, ի տարբերություն հարազատների, բարեկամների, ընկերների, իրենք փրկվել են: Նրանք հոգեկան տառապանքների մեջ են ընկնում` համոզված, որ կարող էին ինչ-որ մեկին փրկել: Այս հոգեվիճակները պատճառ են դառնում դեպրեսիայի համար: 
Ինչպես նշեցինք վերևում, նման մարդկանց կարող են օգնության հասնել մտերիմները, ընկերները: Պետք է պայմաններ ստեղծել, որ ՀՏՍԽ ունեցող անձն արտահայտվի, պատմի իր ապրումների ու հիշողությունների մասին: Չպետք է թույլ տալ, որ նա առանձնանա երկար ժամանակով: Պետք է օգնել ցրվել: Պատմեք նմանատիպ իրավիճակում հայտնված մարդկանց մասին, ովքեր այս կամ այն կերպ կարողացել են հաջողությամբ հաղթահարել սթրեսները: Շատ կարևոր է մխիթարանքը: 
Մասնագետները հիվանդությունը բուժում են հոգեթերապիայի և դեղորայքաբուժության համատեղությամբ. տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ, հանգստացնող դեղաբույսեր: Ցավոք, հաճախ դեղերից կախվածություն է առաջանում, այդ իսկ պատճառով շատ ավելի արդյունավետ է հոգեթերապիան՝ անհատական և խմբային: Այն օգնում է վերականգնել հոգեկան գործընթացները՝ ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն, երևակայություն: Հոգեթերապևտը պարզելով, թե ինչ գործոններ են խնամառուներին (պացիենտ)  խուճապի մատնում, նվազագույնի  է հասցնում դրանց հանդեպ նրանց զգայունակությունը, ինչպես նաև օգնում է նրանց տիրապետել ինքնակառավարման մեթոդներին: Նման դեպքերում ավելի արդյունավետ է խմբային հոգեթերապիան, որի ընթացքում աշխատանք է տարվում նմանատիպ խնդիրներով մի շարք խնամառուների (պացիենտ) հետ: Այս պարագայում, բացի հոգեթերապևտից, իրար օգնում են նաև մասնակիցները: Սա օգնում է հաղթահարել միայնակության զգացումը, օտարացումը հասարակությունից, ձևավորվում է կյանքի և շրջապատողների հանդեպ նոր հայացք և դրական վերաբերմունք սեփական անձի հանդեպ: 
 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան