[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՏՈՂԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

99.jpgԴեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման գիտամեթոդական խորհրդի նիստը, որի օրակարգում Հադրութի շրջանի Տող գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագծի քննարկումն էր։ 
Նախագծի հեղինակ, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովիկ Սանամյանը, խոսելով նախագծի մասին, ասաց, որ այն նպատակ ունի բացահայտել և ըստ արժանվույն ներկայացնել բնակավայրի համամշակութային համապատկերը, նախանշել բնակավայրի բնականոն զարգացման ընթացքը, պատմական միջուկի վերակառուցման հայեցակարգն ու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ DSC_4048.jpg
Ներկայացնելով կատարած ուսումնասիրությունները՝ Հ. Սանամյանն անդրադարձավ հարուստ պատմական անցյալ ունեցող Տող գյուղի նյութական մշակույթի բազմաթիվ արժեքներին. հասարակական-արտադրական կառույցներ, յուրատեսակ բնակելի տներ և այլն։ Մելիքական ապարանքը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ խիտ բնակելի կառուցապատման մեջ։ Ընդունարանի երկրորդ հարկի շքամուտքի ամբողջ ճակատով մեկ փորագրված ընդարձակ  արձանագրությունը փաստում է, որ ապարանքը կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք Եգանը։ Զեկուցողի խոսքերով՝ ապարանքն արդեն իսկ գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Բավականին երկար պատմական ընթացք ապրելով՝ Տողը հետաքրքիր կերպար է ստեղծել մինչև վերջին ժամանակները։ 
54.jpgԽորհրդային տարիներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, սակայն, խաթարել են  բնակավայրի ճարտարապետական տեսքը։ ։ Կառույցների մի մասն ավերվել է, մյուս մասն էլ պատշաճ ուշադրության չի արժանանում։
Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը 2012 թվականին պատվիրել էր ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։ Նշված կառույցի հուշարձանների պահպանության բաժնի պետ Սլավա Սարգսյանի խոսքերով՝ նպատակը հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելն է, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելը։ 
Տողի պատմական միջուկի վերակառուցման հայեցակարգային առաջարկներում գերակա է ավանդույթների պահպանման խնդիրը։ Ըստ նախագծի, գյուղը պետք է ունենա թանգարանային գոտի, վաճառքի կետեր։ Առաջարկներ կան նաև զբոսաշրջության հեռանկարային զարգացման համար, մասնավորապես, երկհարկանի հյուրանոցային տների տեսքով։   
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը  շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկումների համար։ Նրա խոսքերով՝ մեծ նշանակություն ունեցող նախագծերը հասարակական լայն քննարկման առարկա դարձնելն անչափ կարևոր է։ Նման ուղեգիծ, ըստ վարչության պետի, իրենք որդեգրել են դեռևս տարիներ առաջ։  Ս. Շահվերդյանն ափսոսանք հայտնեց, որ քննարկումներին ներկա չէին Հադրութի շրջվարչակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Այդուհանդերձ, նախագծի վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելով, վարչության պետը նշեց, որ պատմամշակութային հիմնավորման նախագծում արտացոլված չէ պատմական թաղամասին կից գործող ավանդական գինու արտադրությունը, որը շատ կարևոր հանգամանք է համայնքի զարգացման համար։ Նա հույս հայտնեց, որ նախագծողները հաշվի կառնեն այդ հանգամանքը, քանզի մշակված փաստաթղթերի նպատակներից մեկն էլ տեղական արտադրանքի զարգացումը խրախուսելն է։
ՙԱմեն դեպքում սա գիտական աշխատանքի գիտական քննարկում է, որը արդյունավետ արվեց վարչությանը կից գիտամեթոդական խորհրդի կողմից,- ասաց Ս. Շահվերդյանը։- Որպես հետագա աշխատանքների նախանշում՝ մենք նախատեսում ենք շարունակել պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակումները, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հաջորդ նախագիծը կլինի Հարդութի շրջանի Տաք գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակումը, որը որպես համայնք գրեթե անաղարտ պահպանել է իր միջնադարյան տեսքը։ Պետք է փորձենք այդ բնակավայրը մեր սերունդներին հասցնել այն վիճակում, ինչպիսին գոնե ժառանգել ենք՚։
Վարչության պետը համոզմունք հայտնեց, որ պատմամշակութային հիմնավորման նախագիծը, որը ներկայացվեց և հաստատվեց այդ օրը, նոր ընթացք կտա Արցախի ամենակարևոր պատմական համայնքներից մեկի հետագա զարգացմանը։     
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ