[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՏ ՁՅՈՒՆ. ՍՊԱՍՎԱԾ ԵՎ ՉՍՊԱՍՎԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

333.jpgԴեկտեմբերի 11-ից հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղացած  առատ ձյունը դժվարություններ է ստեղծել թե՜ ներքաղաքային և թե՜ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների տարբեր հատվածներում: 
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի բաժնի պետ Սերգեյ Մարդիյանից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ ճանապարհների որոշ հատվածների անանցանելիության պատճառով ներհանրապետական և միջպետական մի շարք երթուղիներ չեն գործել, որոնց թվում են Բերձոր-Ստեփանակերտ, Սիսիան Ստեփանակերտ և հանրապետության Վազգենաշեն, Վաղուհաս, Հաթերք, Մոխրաթաղ համայնքներից մայրաքաղաք եկող միկրոավտոբուսները: 
Մինչև կեսօր խնդիրներ էին առաջացել նաև Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու Սարավանի հատվածում, սակայն կուտակված ձյունը մաքրվել է, և ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները ստիպված չեն եղել երկար սպասել: Մեր դիտարկումին, որ համապատասխան ընկերությունների կողմից ճանապարհներն ուշացումով են մաքրվում, իսկ շատ հատվածներ էլ պարզապես մոռացության են մատնվում, ի պատասխան` Ս. Մարդիյանն ասաց, որ իրենց կառույցը պատասխանատվություն է կրում կանոնավոր ուղևորափոխադրումներ ապահովելու համար, իսկ ճանապարհների մաքրման աշխատանքների համար կան այլ ընկերություններ, որոնք թերացել են: Այլ հարց է, որ նման խնդիրներ շատ քիչ կծագեին, եթե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրինակով այդ գործառույթը ևս իրենք իրականացնեին: Ստեփանակերտին ամենամոտ գտնվող Շուշիից դեկտեմբերի 12-ին մայրաքաղաք է հասել մեկ երթուղային, ըստ երևույթին, մեծ դժվարությամբ, քանի որ  քաղաքի մուտքում այն ավտոճանապարհային պատահարի է ենթարկվել: Մեզ հասած տեղեկություններով` լուրջ վնասվածքներով տուժողներ չեն եղել: Ընդհանրապես, առատ ձյան բերած դժվարություններն առավել ակնառու են վերջին տարիներին մշակութային մայրաքաղաք հռչակված բերդաքաղաքում, որտեղ տեղումներին հաջորդած նույնիսկ երկրորդ օրը ձնամաքրման աշխատանքներ չէին իրականացվել: Անհասկանալի է մնում, թե Շուշի տանող ոլորաններով ու դժվարանցանելի հատվածներով հարուստ ավտոճանապարհն ինչու այս օրերին չի հայտնվել համապատասխան ընկերությունների ուշադրության կենտրոնում, այն դեպքում, երբ դա մեր հանրապետությունը ՀՀ-ին կապող ավտոմայրուղու կարևոր հատվածներից մեկն է: 
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ներհանրապետական ճանապարհների սպասարկումն ապահովող ՙԱրցախուղի՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ վերջին երկու օրում աշխատում են արտակարգ ռեժիմով՝ մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելով հանրապետության տարբեր հատվածներում: Չնայած ընկերությունը սպասարկում է  միայն հանրապետության ասֆալտապատ ճանապարհները, այս օրերին իրենց տեխնիկան տեղացող ձյունից մաքրում է նաև միջհամայնքային ոչ այնքան բարեկարգ ճանապարհները: ՙԱրցախուղու՚ օգնությամբ երթևեկելի են դարձել Մարտունի-ՆՆգի-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Դրմբոն, Դրմբոն- Մարտակերտ, Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհահատվածները: Վերջինս հայտնեց նաև, որ չնայած ՙՎահե Կարապետյան՚ ընկերությունն է սպասարկում Ստեփանակերտից ՀՀ տանող մայրուղին, օգնության կարգով իրենք ևս վերահսկել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, Բերձորում իրականացրել մաքրման աշխատանքներ: Մեր զրուցակցի խոսքերով՝ մաքրվող բոլոր ճանապարհներին աղ ու ավազ է ցանվում, սակայն դժվար աշխատանքները դեռ առջևում են, քանի որ սպասվում է ջերմաստիճանի նվազում, ճանապարհներին մերկասառույցի գոյացում և այլն: Իսկ ՙՎահե Կարապետյան՚  ընկերության աշխղեկ Լենդրոշ Գևորգյանը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում վստահեցրեց, որ ընկերությունն առատ ձյանը նախորդած և հաջորդող բոլոր օրերին իր ողջ տեխնիկայով գտնվում էր Ստեփանակերտ-Գորիս մայրուղու դժվարանցանելի մասերում: Նրա խոսքերով` դեկտեմբերի 13-ի դրությամբ ընկերության պատասխանատվության տակ գտնվող 64 կմ երկարության ավտոճանապարհը լիովին երթևեկելի է, ճանապարհի ողջ երկարությամբ ցանվել է շուրջ 45 տոննա ավազախառն աղ: Ձյան մեջ կորած Շուշիի խնդրի առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ ընկերության տեխնիկան Լիսագորից դեկտեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսին կհասնի Շուշի և կմաքրի քաղաքի մուտքը: Չնայած ներքաղաքային մաքրությունը քաղաքային ԲՇՏ-ի պարտականությունն է, վերջինս խոստացավ, որ տեխնիկան կաշխատի նաև մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, վերջին տարիներին մայրաքաղաքի բնակչության համար արդեն սովորական է դարձել, որ առաջին ձյունը յուրօրինակ ՙարտակարգ դրության՚ մասին հայտարարության արժեք է ունենում: Չնայած պատկան մարմինները, ինչպես ամեն ձմեռնամուտի, հավաստիացնում էին, որ բոլոր նախապատրաստական միջոցառումներն իրականացված են, համապատասխան տեխնիկան պատրաստ է ձյունն արագ մաքրելու և կանոնավոր երթևեկություն ապահովելու համար, դեկտեմբերի 12-ի առավոտից մայրաքաղաքի կանգառներում աշխատանքից ուշացող մարդկանց խմբերը, ճամփեզրերին կուտակված ձյունն ու չմաքրված մայթերն այլ բանի վկայություն էին: Տիգրան Մեծի և Ալեք Մանուկյան փողոցներում 13 համարի երթուղայինը երազանք էր դարձել, իսկ երբ կեսժամյա սպասումից հետո այն երևաց, պարզվեց, որ  վերջնականգառը հենց Ալեք Մանուկյան փողոցն է։ Տարօրինակ և անհասականալի երթուղի ուներ նաև 16 համարի երթուղայինը: Ստեփանակերտի արվարձաններում ձնահեռացման աշխատանքներ գրեթե չէին իրականացվել` ի տարբերություն կենտրոնական փողոցների, որտեղ այս պահին էլ շարունակվում են աշխատանքները: Ասենք նաև, որ այս օրերին, եղանակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը մի շարք տաքսու վարորդների աննախադեպ գներով աշխատելու հնարավորություն էր ընձեռել: Օգտվելով առիթից, որ հասարակական տրանսպորտի պարկն այնքան էլ լավ վիճակում չէ, հատկապես երեկոյան ժամերին տաքսի ծառայությունների գները կրկնապատկվում էին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանը քաղաքի երթևեկության կաթվածահար վիճակի մասին մեր հարցադրմանը հակաճառեց, ասելով, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով համապատասխան ծառայությունների կողմից արվել է հնարավոր՝ անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ: Գործի է դրվել ամբողջ տեխնիկան, որքանով հաջողվել է՝ մաքրման աշխատանքներն իրականացվել են, սակայն արդյունքներն իրենց եւս չեն գոհացնում:  Մեր դիտարկումին, թե դեկտեմբերի 12-ի առավոտյան մայրաքաղաքում այն տպավորություն էր, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ են աշխատում, Է. Ավանեսյանը պատասխանեց, որ նման բան չի նկատվել: Մի քանի ժամով անանցանելի էին դարձել Առաքելյան, Թումանյան, Ս. Դավթի և այլ փողոցների տարբեր հատվածներ:  Ուղևորափոխադրումների կաթվածահար վիճակից խուսափելու համար և ուղևորների անվտանգության ապահովման նկատառմամբ   հ հ.13, 16 երթուղիներին կցվել են ՙԳազել՚ մակնիշի մեքենաներ: Նա նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաքի փողոցներում ՙՍանմաքրում-կանաչապատում՚ ՓԲԸ-ի աշխատանքներին աջակցել է նաև ՙԱրցախուղին՚, որի օգնությամբ վերականգնվել է երթևեկությունը Հեքիմյան, Ս. Դավթի, Առաքելյան փողոցներում: 
Ձմեռն իր կանոններն է թելադրում, որոնք բոլորին են հայտնի, և շարքային ստեփանակերտցուն այնքան էլ հասկանալի չեն պատճառաբանությունները, որոնցով արդարանում են որոշակի պայմանագրային պարտավորություններ ստանձնած կառույցներն ու ընկերությունները:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ