[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՆՁԱՏԱՓ

03.jpgՀՀ Սյունիքի մարզի Ագարակ գյուղից դեպի արևելք տարածվում է Թորոսաձոր կոչվող սարահարթը, որն այժմ մտնում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մեջ: Այս մասում՝ Ագարակից մոտ 4 կմ արևելք, ծովի մակերևույթից 700-750 մետր բարձրության վրա է գտնվում Տանձատափ գյուղատեղին, որտեղ պահպանվել է բազիլիկ եկեղեցի:  
Գյուղը, չնայած եղել է ավելի հին, սակայն հիշատակվում է 18-րդ դարից: Այն եղել է Դավիթ Բեկի հավատարիմ Թորոս իշխանի կալվածքներից մեկը: Հետագայում Թորոսի թոռներից Քյարամը տեղափոխվում է Տանձատափ, բնակեցնում և շենացնում: 
1897 թվականին այնտեղ բնակվել են 29 ընտանիքներ՝ 218 բնակչով: 20-րդ դարասկզբին հայ-թաթարական բախումների շրջանում թուրքերը հարձակման թիրախ են դարձրել նաև Տանձատափը: Չնայած հերոսական դիմադրությանը՝ այնուամենայնիվ, տանձատափցիները հեռացել են: Հետագայում վերադարձել և դարձյալ շենացրել են այն. մինչև 1967 թվականը գյուղը եղել է ամբողջովին հայերով բնակեցված: Խորհրդային ամենաթողության տարիներին գյուղը հիմնովին հայաթափվել է և բնակեցվել թուրքերով՝ մտնելով Զանգելանի շրջանի մեջ: Արցախյան գոյամարտի տարիներին էլ այստեղի թուրքերը բազում չարիքներ գործեցին, սակայն այս անգամ զգացին հայի ուժը և ճողոպրեցին,  հիմնովին ավերելով գյուղը: 
Տանձատափում եղանք աշնանը. եկեղեցու տեղը մեզ օգնեցին գտնել Ագարակի գյուղապետն ու այս տարածքում աշնանացան կատարող մեր հայրենակիցները: Եկեղեցին գտնվում է Ագարակից Կովսական տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան բլրակի վրա: Չնայած անձրևոտ ու մառախլապատ օր էր, ՙՄեր երկիրը՚ հաղորդաշարի նկարահանումները կայացան: Տարածքում պահպանվել են երբեմնի բնակելի տների ավերակները: Եկեղեցու հյուսիսային մասում հավանաբար ավելի հին շրջանի գետնափոր տներ են եղել. պահպանվել են մոտ 2 մետր խորությամբ փոսերը, որոնք այժմ ծածկված են եղինջով: Մոտակայքում նաև գերեզմատունն է եղել, որը տարածված էր եկեղեցուն շուրջբոլոր: Այն հիմնովին ավերվել էր ադրբեջանա-ղարաբաղյան առճակատման տարիներին: Բլրի վրա՝ ճանապարհի երկայնքով, փորված և դեռևս պահպանված խրամատներ կան, որոնք հուշում են, որ այստեղ թուրքերը ռազմական մեծ ուժեր են կուտակել՝ դիմակայելու մեր ազատամարտիկներին: Եկեղեցու պատերը սվաղված են, սակայն ջարդվել են խաչերն ու քանդակները, արձանագրությունները: Մուտքը հարավից է՝ դարձյալ քանդված: Նրա երկու կողմերում պատուհաններ են, որոնց անկյունաքարերը նույնպես տեղահան են արված: Մուտքից վերև սրբատաշ սպիտակավուն քարից մոտ մեկ ք/մ շրջանակ կա, որը, հավանաբար, ժամանակին եկեղեցու մասին եղած արձանագրությունն է պահել. հետագայում այն տեղահանվել և ոչնչացվել է թուրքերի կողմից: Ձախ կողմում խաչքարի բեկոր կա՝ ագուցված պատի մեջ: Միանավ բազիլիկ եկեղեցու արտաքին չափերն են՝ 14, 5-8,3 մ, պատերի հաստությունը՝ մոտ 1 մ: Ըստ մասնագետների՝ այն, հավանաբար, կառուցվել է 19-րդ դարում: Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ գյուղը վերականգնվել է 1870-ական թվերին: Սուրբ Խորանի երկու կողմերում ավանդատներ կան, որոնց պատուհանները նույնպես քանդված են մինչև հիմքը: Հյուսիսային պատին մկրտության ավազանը նույնպես քանդված է, սակայն պահպանվել է մի խաչաքանդակ քար: Սուրբ Խորանը պատուհան ունի, իսկ երկու պատերին փոքր խորշեր կան: Կամարները նույնպես վնասված են: Արևմտյան պատին, որը ճաք է տվել, դարձյալ պատուհան կա: Բոլոր պատերն էլ  դրսի կողմից քանդված տեղեր ունեն: Մուտքի մոտ ընկած է մի ամբողջական տապանաքար՝ կողմերից մեկի վրա խաչաքանդակով, և տապանաքարի բեկոր, որը պատկանել է Մելիք-Քարամյան տոհմից Հաթամբեկին: Չափերն են 65-54 սմ, ունի եռատող արձանագրություն, որը Սամվել Կարապետյանը վերծանել է. 
/ԱՅՍ Է/ ՏԱՊԱՆ ՀԱԹԱՄ ԲԷԿ/Ի/…
../Ա/ԿՈԲՋԱՆ ԲԵԿ ՄԵԼԻՔ Ք/Ա/…
 …/18/82 ԱՄԻ:
Գերեզմանոցի տեղում թուրքերը խաղողի այգիներ են հիմնել, տեղ-տեղ ընկած են շիրմաքարերի կտորներ, պատվանդաններ: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր