[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՙՇԱՀԿԱԽ՚ ԵԿԵՂԵՑԻՆ

04.jpgՀադրութի շրջանի Ծամձոր համայնքի Սարինշեն գյուղի բնակիչների միջոցներով  և ռուսաստանաբնակ, ծագումով սարինշենցի բարերարների, մասնավորապես, Անդրանիկ Բադալյանի գործուն մասնակցությամբ ու ֆինանսական աջակցությամբ մասնակի բարեկարգվել ու վերանորոգվել է  Սարինշենի ՙՇահկախ՚ եկեղեցին։ 
Նախ՝ մաքրվել է եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի  մի մասը, որը ծածկված էր հողով, ամրացվել հարավային պատի  հիմնապատի մի հատվածը, որը տուժել էր արկի պայթյունից, բարեկարգվել տանիքը։ Որոշակի վերանորոգչական աշխատանքներ են տարվել նաև  եկեղեցու ներսում, տեղադրվել է դուռ, ինչը փաստորեն սրբավայրը զերծ կպահի կենդանիների ելումուտից։ Եկեղեցին հուշարձանախմբի ընդամենը մեկ միավորն է, ընդհանուր սրբավայրը, որը կոչվում է ՙՇաղախ՚, բաղկացած է երկու եկեղեցիներից, ուխտավորների տնից, որոնց շուրջը տարածվում է գերեզմանոցը։ Հարկ է նշել, որ ՙՇաղախը՚ Սարինշենի նախկին անվանումն է, նշանակում է սրբավայր։ Ինչպես նշում է համայնքի ղեկավար Կ. Մինասյանը, այդ  հուշարձանախմբից քիչ թե շատ կանգուն էր մնացել վերը նշված եկեղեցին, որը փլուզման վտանգի տակ էր, և գյուղացիներով որոշեցին փրկել այն։ Մանավանդ որ սրբատեղին մեծ ժողովրդականություն է վայելում նաև շրջակա գյուղերի համար և գրեթե ամեն կիրակի ընդունում է  ուխտավորների։
Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ հուշարձանը կառուցվել է 1865 թվականին՝ Շաղախի ՙարդեամբք և ծախիւք՚, Վրդնաշատ գյուղի բնակիչ Ավագ Գասպարյանի և այլոց հիշատակին։ Միանավ բազիլիկ է, ներսում պահպանվում են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր։ 
Վերջում հավելենք, որ աշխատանքներն իրականացվել են  համայնքի ղեկավարի, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ու ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։
 
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ