[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ` ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚ ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է ՙՄեկնարկ՚ ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում։
Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված այս ծրագրին մասնակցում են նաև արցախցի երիտասարդները։ Ծրագիրն իրականացվում է պարբերաբար, ու այս անգամ` նոյեմբերի 30-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ-ի անդամներ Միլա Սարգսյանի և Նարինե Բաղդասարյանի նախաձեռնությամբ։ Ծրագիրն ունի ՙՊահպանենք մեր պատմամշակութային արժեքները՚ վերտառությունը։ Այն կայացավ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում։ Ծրագրին մասնակցեց 51 երիտասարդ. 34-ը` նույն համայնքից, 17-ը՝ Ստեփանակերտից, այլ շրջաններից։ Մինչ ծրագրի մեկնարկը երիտասարդները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև Հերհեր գյուղում կազմակերպվեց քննարկում համայնքի հիմնախնդիրների վերաբերյալ։ Մ. Սարգյանն ու Ն. Բաղդասարյանը պատմեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված ՙՄեկնարկ՚ ծրագրին իրենց մասնակցության մասին, կիսվեցին փորձով, տպավորություններով։ Ընդհանրապես, նման ծրագրերի նպատակն է բարձրացնել գյուղաբնակ երիտասարդների տեղեկացվածության մակարդակը, ուսուցման կազմակերպմամբ նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը  հասարակական կյանքին, խրախուսել գյուղում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված նախաձեռնությունները։ 
Նույն օրը Կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանը կազմակերպեց սեմինար ՙԳյուղի երիտասարդության ակտիվացման ուղիները՚ թեմայով և կոչ արեց հատկապես ակտիվություն դրսևորել գյուղի պատմամշակութային արժեքների պահպանման, գյուղը մաքուր պահելու հարցերում։ 
Սեմինարին մասնակցում էին նաև դպրոցի ուսուցիչները, ովքեր էլ իրենց հերթին շեշտեցին գյուղի գլխավոր հիմնախնդիրները, հատկապես ճանապարհների անբարեկարգ վիճակը, մանկապարտեզ չունենալու և երիտասարդության զբաղվածության հարցերը։ Այնուհետև կատարեցին եկեղեցու և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։ Վերջում կազմակերպվեցին մարզական և ինտելեկտուալ խաղեր։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ