[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

 181201.jpgՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) ՀԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, հրատապ հարցերին հասարակության ուշադրության սևեռմանը։ Դեկտեմբեր ամսվա առաջին կեսին կազմակերպության անդամներն այցելեցին Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն, Արցախյան գոյամարտի ողնաշարային հիվանդություններով տառապող ՙՎիտա՚ հասարակական կազմակերպություն, անցկացվեցին միջոցառումներ։
Ամեն անգամ երիտասարդության կենտրոնն այս հաստատություններ է բերում նոր այցելուների, նոր երիտասարդների, ովքեր, ծանոթանալով սահմանափակ կարողություններով անձանց կենսապայմաններին ու խնդիրներին, պատրաստակամություն են հայտնում իրենց կարողությունների չափ աջակցել։ Վերականգնողական կենտրոնում գործում են մի շարք խմբակներ, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները զբաղվում են նկարչությամբ, կավագործությամբ, ասեղնագործությամբ և այլն։ Գործերը պարբերաբար ցուցադրվում են, նաև վաճառքի հանվում։ Ստացված գումարը ծախսվում է նրանց կարիքները հոգալու համար։ Երիտասարդներն անչափ հուզված էին սահմանափակ կարողություններով անձանց կենսակերպից. շատերն առաջին անգամ էին ծանոթանում հաշմանդամների խնդիրներին։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի կողմից ցուցադրվեց ոգեպնդող կինոնկար այն մասին, որ սահմանափակ կարողությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ մարդու ոգու վրա։ 
Իսկ դեկտեմբերի 5-ին` Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ, Կենտրոնը կազմակերպեց կլոր սեղան, որտեղ  քննարկվեցին կամավոր գործունեությանն առնչվող հարցեր։ Մասնակցում էին հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՙՀայ ընտանիք՚ ՀԿ հոգևոր խորհրդի անդամ Կարեն Ապրեսյանը, ինչպես նաև արցախցի ռեպ-երգիչ Վալերի Ղազարյանը։ Վերջինս հանդես եկավ ՙԿյանքի իմաստ՚ երգով։ Ընդհանուր առմամբ, երիտասարդները զրույց ծավալեցին կամավորականության շարժման շուրջ` թե ինչպես է կամավոր գործունեությունն ընդունվում մեր հասարակության կողմից։  Օրինակ՝ նշյալ կազմակերպություն պարբերաբար այցելում են սփյուռքահայ կամավորներ և իրենց հնարավորությունների չափ աջակցում տարբեր հարցերում։ Ներկա երիտասարդներից շատերն այն համոզմունքին էին, որ մեր իրականությունում կամավոր գործունեությունը ճիշտ չի ընկալվում։ Իսկ երիտասարդների կայացման ճանապարհին անհրաժեշտ է ակտիվ լինել հասարակական դաշտում և   գործունեություն ծավալել տարբեր ասպարեզներում։ 
Կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանի խոսքերով` առաջին կամավորական աշխատանքներն ինքը սկսել է 1997 թվականին, երբ հաղորդակցվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի մարդասիրական գործունեությանը։ Տարիներ շարունակ նա, որպես կամավոր, տարբեր աշխատանքներ է կատարել Ք. Քոքսի կողմից իրականացվող ծրագրերում։ Ս. Պետրոսյանը գտնում է, որ յուրաքանչյուր անհատ իր հայրենիքի համար պետք է կամավոր գոնե մի փոքրիկ գործ կատարի` իր լուման բերելով երկրի կայացմանը։ Այդ առումով  Կենտրոնը միշտ էլ փորձում է ակտիվ լինել երկրի հասարակական կյանքի անցուդարձերում` երիտասարդների ուշադրությունը սևեռելով նաև հիշարժան օրերին, որոնցից մեկն էլ հենց Դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի օրը, ինչի կապակցությամբ կազմակերպությունում ցուցադրվեց երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ֆիլմ։  
Այնուհետև Կենտրոնի անդամներն այցելեցին Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցի և աղոթեցին ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ս. Պետրոսյանի կարծիքով` նման միջոցառումների նպատակն է երիտասարդներին մշտապես հիշեցնել հայ ժողովրդի պատմության էջերը, որպեսզի նրանք էլ փոխանցեն գ ալիք սերունդներին։  
 
;