[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԵՆՔ ԱՅՆ ԳՅՈՒՂԻՆ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ՈՒ ՄԵԾԱՑԵԼ ԵՆՔ՚

Խնկավանը շրջկենտրոնից 55 կմ հեռավորության վրա է, Թարթառի ձախ ափին: 1992-93թթ. շրջանի մի շարք գյուղերի նման ազերիների կողմից գրավվել ու ավերվել է: Ազատագրվելուց հետո բնակչությունն սկսել է վերադառնալ հայրական օջախները: 
Այժմ  55 մշտական եւ 8 ժամանակավոր տնտեսություն ունի  վերածնված Խնկավանը, բնակչության թիվը հասնում է 195-ի: Գյուղում գործում է տարրական դպրոց` 14 աշակերտով, բարձր դասարանների աշակերտները սովորում են Վաղուհասի միջնակարգ դպրոցում: Նախադպրոցական տարիքի երեխաները 19-ն են: Գյուղում գործում է բուժկետ:
Շրջանի մյուս գյուղական բնակավայրերի պես համայնքն ապրում է իր առօրյա հոգսերով: Բնակչության  զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, փոքր-ինչ առաջատարի դերում է անասնապահությունը: Համայնքում հաշվառված է 255 գլուխ խոշոր եւ 130 գլուխ մանր եղջերավոր անասուն: Այստեղ զարգացած է եղել նաեւ խոզաբուծությունը, սակայն աֆրիկյան ժանտախտի բռնկումից հետո անասնապահության այդ ճյուղը գրեթե մարեց: Համայնքում զբաղվում են նաեւ մեղվաբուծությամբ. կա 100 մեղվափեթակ:
Տնամերձներից բացի համայնքն ունի 35 հա հողատարածք: Այս տարի կատարվել է 17 հա եգիպտացորենի ցանքս, հեկտարից ստացվել է 35ց բերք: Ցանվել է 3 հա ցորեն, սակայն կարկտահարվել  եւ արդյունքում 10ց ցորեն է հնձվել: Ելնելով տեղանքի պայմաններից՝ գյուղում աշնանացան չի կատարվել:
2014թ. սեփականաշնորհված եւ վարձակալված հողերում նախատեսված է կատարել  15 հա եգիպտացորենի ցանքս:
Խնկավանը նույնպես խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունի եւ, կարելի է ասել` թիվ 1 խնդիը հենց դա է: Ջրի քանակն օրեցօր պակասում է, համայնքի մոտակայքում կան  աղբյուրներ, կա նաեւ գետ, մնում է ջուրը հասցնել գյուղ: Համայնքի ղեկավար Լորիկ Աբրահամյանը խնդրի մասին խոսելիս նշեց, որ վերջերս դիմել է ԼՂՀ վարչապետին, եւ նա խոստացել է լուծել այդ հարցը:  
ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի Մարտակերտի մասնաճյուղի միջոցով վերանորոգվել են գյուղամիջյան ճանապարհները։ Վթարային վիճակում են էլեկտրական հենասյուները, որոնք  անհրաժեշտ է  փոխարինել նորերով:
Գյուղի խնդիրներից է շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապի բացակայությունը. շաբաթը 2 անգամ գյուղից  միկրոավտոբուս է գնում  միայն Ստեփանակերտ:
- Զբաղվածության խնդիրը մասամբ լուծվել է. երիտասարդների մեծ մասն աշխատում է ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ում, ինչը նրանց գյուղում պահելու լավ հանգամանք է,- փաստում է համայնքի ղեկավարը՝ հավելելով,- աշխատանք չունենալու դեպքում նրանք կթողնեն գյուղը. արդեն  մեկ նորաստեղծ ընտանիք լքել է այն։ Հետաքրքրություն չկա, երիտասարդները ժամանցի վայր չունեն, այսինքն չկա ակումբի շենք կամ երիտասարդական որեւէ կենտրոն՝ շախմատ, շաշկի խաղալու, տարբեր միջոցառումներ անցկացնելու համար:
Նորմալ է գործում հեռախոսակապը, բջջայինից զատ՝ տներում կան  անշարժ հեռախոսներ: Մարդիկ դիտում են ինչպես Արցախի հանրային, այնպես էլ ՀՀ հեռուստաալիքները: 
Գյուղն Արցախյան պատերազմում տվել է 14 զոհ, նրանց ընտանիքներից 10-ն են ապահովված բնակարանով, որոնք պետական ծրագրով կամ վերանորոգվել են, կամ հիմքից կառուցվել: Վերանորոգվելու են զոհված ևս 2 ազատամարտիկների ընտանիքների բնակարաններ: 
Համայնքն այս տարի բյուջեի կատարողականը եկամուտների մասով կատարել է 110 տոկոսով, իսկ ծախսային մասով՝ 80 տոկոսով:
-Մենք պետք է հասնենք նրան, որ գյուղացին ամուր կառչի իր հողին, իր աշխատանքի տերը լինի,- ասում է Լ. Աբրահամյանը:- Ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք տնտեսության զարգացմանը: Համագյուղացիներիս հորդորում եմ ընբռնումով մոտենալ յուրաքանչյուր խնդրի: Բոլորս ձգտենք անմնացորդ նվիրվել մեր բնօրրանին, որտեղ ծնվել ու մեծացել ենք: Մենք  նաեւ մեր արարումով ենք մեր քաջորդիների արյամբ ողողված այս  սուրբ հողի տերերը, ուստի եւ պետք է  ստեղծենք բարեկեցիկ կյանք՝ դրանով իսկ շենացնելով և հզորացնելով մեր երկիրը:  Դա է լինելու նաև մեր հետագա հաղթանակների երաշխիքը։ 
 
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
ք. Մարտակերտ