ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿԸ

Մեծացել է հետաքրքրությունը ՉԹՕ-ների, Վանգայի, Նոստրադամուսի, Գլոբայի և այլ պայծառատեսների, հիպնոսացնողների հանդեպ: Ոչ հեռու անցյալում հեռուստատեսությամբ լայն տարածում են գտել Կաշպիրովսկու ՙբժշկությունները՚, ում հավատում և հետևում էին մեծ թվով աթեիստներ: Այս տիպի մարդկանց, ինչպես նաև այլմոլորակայիններին քիչ էր մնում թե համարեին երկրագնդի արարչագործներ:
Բանն այն է, որ խորհրդային աշխարհայացքը հավատքն Աստծո հանդեպ միջնադարյան հետամնացություն է համարել: Պետական կառույցներում, գիտության մեջ և ամենուր աթեիզմի քարոզչությունն էր: Մինչդեռ մարդկային էությունը ի ծնէ ունի հոգևոր սննդի կարիք, որի բացն էլ լրացնելու համար շտապելու են գալիս արհեստական, խաբեբաների կողմից ստեղծված ՙհոգևոր սննդի ակունքները՚: Ժամանակի ընթացքում այդ կեղծիքներն այնքան են ներծծվել հասարակության ենթագիտակցության մեջ, որ բացահայտ սուտը վերածվել է հավատամքի ու կռապաշտության:
Դեռևս խորհրդային ժամանակներից մեծ հեղինակություն էր վայելում աստղագուշակությունը: Ականատեսները պատմում են, որ խորհրդային շատ քաղաքներում նույնիսկ սրճարաններ կային կենդանակերպի նշաններով: Սրանք որպես զարդանախշեր օգտագործվում էին նկարիչների ու քանդակագործների կողմից:
Աստղագուշակությունը հիմա լայնորեն տարածում է գտել մամուլում, համացանցում, հատկապես ամանորի նախաշեմին, ինչը ձեռնտու է միայն խաբեբաներին, խարդախ մարդկանց, որոշ գովազդատուների և անբարո առևտրականների: Մարդիկ այնքան են վստահում գիտությանը, որ, փոքր-ինչ գիտությանը մոտ գիտելիքներն ընդունում են հալած յուղի տեղ: Զավեշտալի է, բայց վերջերս համացանցում հանդիպել ենք նաև աստղագուշակ՝ շների ու կատուների համար:
Աստղագիտությունը հիմա, այսպես կոչված՝ ՙՆյու Էյջ՚ (նոր հեթանոսական շարժում) կոչվող շարժման անքակտելի մասն է կազմում: Նախկինում աստղագուշակությունը կռապաշտություն էր համարվում: Համարում էին, որ արևը, լուսինը, աստղերը աստվածներ են, որոնք, ըստ այդմ էլ, կարող են ներգործել մարդկային ճակատագրի վրա:
Այսօր այն մարդկանց վրա ներգործելու ամենատարրական ու տարածված միջոցն է: Կան անձինք, ովքեր մազոխիստական թուլություններից ելնելով, սիրում են խաբված լինել, հետևաբար, տարատեսակ գուշակությունների դիմելով, ինքնահաստատվում են, հոգեկան բավարարվածություն ստանում: Իսկ ահա այն, որ քրիստոնյա երկրում ապրողներս ենք մեզ թույլ տալիս, առանց խղճի խայթ զգալու, հավատալ ու հետաքրքրվել նմանատիպ կռապաշտական հավատամքներով, անընդունելի է:
Աստղագուշակները համոզում են, որ ճշտությամբ կարող են գուշակել ոչ միայն առանձին մարդկանց անհատական հորոսկոպները, այլև՝ պետությունների: Մինչդեռ իրականությունը վկայում է, որ երկու դեպքում էլ դա կեղծիք է: Տարերային աղետների ժամանակ զոհվում են մեծ թվով մարդիկ, ում հորոսկոպները, բնականաբար, նույնը չեն: Իրավիճակից չոր դուրս գալու համար աստղագուշակները համոզում են, որ առանձին անհատները այս պարագաններում իբր ենթարկվում են ազգերի, պետությունների և տեղանքների հորոսկոպներին: Մինչդեռ այստեղ էլ, ի դժբախտություն աստղագուշակների, պատմությունը թույլ է տալիս տեսնել գորշ խաբեությունները: Հայտնի աստղագուշակ Ջին Ջիկսոնը 1959 թվականին երրորդ համաշխարհային պատերազմ է գուշակել, Լինդոն Ջոնսոնը պետք էր 1968-ին ընտրվեր ԱՄՆ նախագահ, ինչը տեղի չունեցավ, աստղագուշակ Բոնատոն սխալ է գուշակել իր սեփական մահվան օրը և այլն: Մարդիկ մեծ հավատք են տածում Նոստրադամուսի գուշակություններին, մինչդեռ նա, երբ կոնկրետ թվեր էր նշում, ինչն, ի դեպ, հազվադեպ էր անում, դրանք չէին իրականանում: Այսպես, Նոստրադամուսը գուշակել է, որ 1792թ. Վենետիկը աշխարհում մեծ հեղինակություն ու հզորություն ձեռք կբերի, ինչին վենետիկցիները մինչև հիմա սպասում են: Գուշակել է, նաև որ 1607 թվականին հետապնդումներ կլինեն աստղագուշակների դեմ, մինչդեռ սա էլ մնացել է թղթի վրա: Աստղագուշակները սխալ են գուշակել նաև Երկրորդ համաշխարհայինի սկիզբը, իսկ երբ այն սկսվել է, համոզում էին, որ Անգլիան չի մասնակցի պատերազմին: Նրանք մոլորակների շքերթների դեպքում կատակլիզմներ (համաղետ) են կանխագուշակում, մինչդեռ դրանք, բարեբախտաբար, նույնպես մնացել են միայն խաբեբաների երևակայության մեջ: Ոմանք այնքան են հավատում նման գուշակություններին, որ փախչում են սարերը, թաքնվում կիրճերում: Հիշենք.՝ 2012թ. դեկտեմբերի 21-ին դարձյալ գուշակեցին որպես աշխարհի վերջը։ Մեծ քաղաքներում հատուկ պատրաստություն են տեսել. տապաններ են կառուցել, մթերքներ ժողովել:
Տարբեր հեռուստաալիքներ, կայքէջեր, ամսագրեր մեծ գումարներ են վաստակել այս կեղծիքի մասին լուրեր տարածելու շնորհիվ, քանի որ մարդիկ հափշտակված ձեռք էին բերում դրանք:
Այս խաբեությունների շարքը չափազանց մեծ է, որոնք թվարկելն անհնար է և ոչ նպատակահարմար:


Չնայած որ հետևողականորեն ապացուցվում է աստղագուշակության կեղծիքը, միևնույն է, գտնվում են մարդիկ, որոնց թիվը քիչ չէ, որոնք շարունակում են սրտին մոտ ընդունել չարաբաստիկ գուշակությունները: Աստղագուշակներն էլ համոզում են, որ երբ իրականանում են կանխատեսումները, դա վկայում է նրանց ճշմարտացիության մասին, իսկ եթե ոչ՝ աստղերը զգուշացնում են, բայց ոչ պարտադրում: Այսկերպ աստղագուշակությունն ՙապահովագրված՚ է սխալներից ու վրիպումներից: Հոգեբանական տեսանկյունից վտանգավոր է հավատալ գուշակություններին: Այսօրինակ հավատամքներով մարդը, կարդալով իր ամենօրյա, կամ ամանորյա աստղագուշակը, ներշնչվում է, ամեն քայլափոխի սպասում վտանգների: Իսկ հոգեբանությանը հայտնի է, որ եթե մարդն անգամ մոռանում է դրանց մասին, ապա, միևնույն է, բացասական հույզերը մնում են ենթագիտակցականում՝ շարունակելով կառավարել մարդու վարքը ամբողջ օրվա և տարվա ընթացքում: Ուստի, մենք ինքներս պետք է որոշենք, թե ով է մեր ճակատագրի հեղինակը: Շարունակենք արդյոք տուրք տալ աստղագուշակությանը, թե՞, ի վերջո, խելք հավաքենք:
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան