Logo
Print this page

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿԸ

ss.jpgԵրբ մարդիկ դադարում են Աստծուն հավատալ, սկսում են հավատք տածել մնացած ամեն ինչի հանդեպ, ասել է անգլիացի գրող  Չեստերտոնը: Ասվածի ճշմարտացիությունն ապացուցում է խորհրդային և հետխորհրդային երկրների բնակչության ապրելակերպը: Խորհրդային մտածողությամբ մարդիկ հավատում էին կոմունիզմին, Լենինին, կոմունիզմի հիմնադիրների անարատ ու մաքուր ապրելակերպին, տպագիր մամուլին և այլն: Այնուհետև հավատքի դաշտը փոքր-ինչ տեղաշարժվել է դեպի մերձգիտական, խորհրդավոր ուսմունքներ. մերձհոգեբանություն (парапсихология), թեոսոֆիա, յոգա, կաբբալա, մեդիտացիա և այլն: Մարդիկ սկսում են հաճախել պայծառատեսների, գուշակների, աստղագուշակների մոտ: 
Մեծացել է հետաքրքրությունը  ՉԹՕ-ների, Վանգայի, Նոստրադամուսի, Գլոբայի և այլ պայծառատեսների, հիպնոսացնողների հանդեպ: Ոչ հեռու անցյալում հեռուստատեսությամբ լայն տարածում են գտել Կաշպիրովսկու ՙբժշկությունները՚, ում հավատում  և հետևում էին մեծ  թվով աթեիստներ: Այս տիպի մարդկանց, ինչպես նաև այլմոլորակայիններին քիչ էր մնում թե համարեին երկրագնդի արարչագործներ:  
Բանն այն է, որ խորհրդային աշխարհայացքը հավատքն Աստծո հանդեպ միջնադարյան հետամնացություն է համարել: Պետական կառույցներում, գիտության մեջ և ամենուր աթեիզմի քարոզչությունն էր:  Մինչդեռ մարդկային էությունը ի ծնէ ունի հոգևոր սննդի կարիք, որի բացն էլ լրացնելու համար շտապելու են գալիս արհեստական, խաբեբաների կողմից ստեղծված ՙհոգևոր սննդի ակունքները՚:  Ժամանակի ընթացքում այդ կեղծիքներն այնքան են ներծծվել հասարակության  ենթագիտակցության մեջ, որ բացահայտ սուտը վերածվել է հավատամքի ու կռապաշտության: 
Դեռևս խորհրդային ժամանակներից մեծ հեղինակություն էր վայելում աստղագուշակությունը: Ականատեսները պատմում են, որ խորհրդային շատ քաղաքներում նույնիսկ սրճարաններ կային կենդանակերպի նշաններով: Սրանք որպես  զարդանախշեր օգտագործվում էին նկարիչների ու քանդակագործների կողմից:  
Աստղագուշակությունը հիմա լայնորեն տարածում է գտել մամուլում, համացանցում, հատկապես ամանորի նախաշեմին, ինչը ձեռնտու է միայն խաբեբաներին, խարդախ մարդկանց, որոշ գովազդատուների և անբարո առևտրականների: Մարդիկ այնքան են վստահում գիտությանը, որ,  փոքր-ինչ գիտությանը մոտ գիտելիքներն ընդունում են հալած յուղի տեղ: Զավեշտալի է, բայց վերջերս համացանցում հանդիպել ենք նաև աստղագուշակ՝  շների ու կատուների համար:
Աստղագիտությունը հիմա, այսպես կոչված՝ ՙՆյու Էյջ՚ (նոր հեթանոսական շարժում) կոչվող շարժման անքակտելի մասն է կազմում: Նախկինում աստղագուշակությունը կռապաշտություն էր համարվում: Համարում էին, որ արևը, լուսինը, աստղերը աստվածներ են, որոնք, ըստ այդմ էլ, կարող են ներգործել մարդկային ճակատագրի վրա: 
Այսօր այն մարդկանց վրա ներգործելու ամենատարրական ու տարածված միջոցն է: Կան անձինք, ովքեր մազոխիստական  թուլություններից ելնելով, սիրում են խաբված լինել, հետևաբար, տարատեսակ գուշակությունների դիմելով, ինքնահաստատվում են, հոգեկան բավարարվածություն ստանում: Իսկ ահա այն, որ  քրիստոնյա երկրում ապրողներս ենք մեզ  թույլ  տալիս, առանց խղճի խայթ զգալու, հավատալ ու հետաքրքրվել նմանատիպ կռապաշտական հավատամքներով, անընդունելի է: 
Աստղագուշակները համոզում են, որ ճշտությամբ կարող են գուշակել ոչ միայն առանձին մարդկանց անհատական հորոսկոպները, այլև՝ պետությունների: Մինչդեռ  իրականությունը վկայում է, որ երկու դեպքում էլ դա կեղծիք է:  Տարերային աղետների ժամանակ զոհվում են մեծ թվով մարդիկ, ում հորոսկոպները, բնականաբար, նույնը չեն: Իրավիճակից չոր դուրս գալու համար աստղագուշակները համոզում են, որ առանձին անհատները այս պարագաններում իբր ենթարկվում են ազգերի, պետությունների և տեղանքների հորոսկոպներին: Մինչդեռ այստեղ էլ, ի դժբախտություն աստղագուշակների, պատմությունը թույլ է տալիս տեսնել գորշ խաբեությունները: Հայտնի աստղագուշակ Ջին Ջիկսոնը 1959 թվականին երրորդ համաշխարհային պատերազմ է գուշակել, Լինդոն Ջոնսոնը պետք էր 1968-ին ընտրվեր ԱՄՆ նախագահ, ինչը տեղի չունեցավ, աստղագուշակ Բոնատոն սխալ է գուշակել իր սեփական մահվան օրը և այլն:  Մարդիկ մեծ հավատք են տածում Նոստրադամուսի գուշակություններին, մինչդեռ նա, երբ  կոնկրետ  թվեր էր նշում, ինչն, ի դեպ, հազվադեպ էր անում, դրանք չէին իրականանում: Այսպես, Նոստրադամուսը գուշակել է, որ 1792թ.   Վենետիկը աշխարհում մեծ հեղինակություն ու հզորություն ձեռք կբերի, ինչին վենետիկցիները մինչև հիմա սպասում են: Գուշակել է, նաև որ 1607 թվականին հետապնդումներ կլինեն աստղագուշակների դեմ, մինչդեռ սա էլ մնացել է թղթի վրա: Աստղագուշակները սխալ են գուշակել նաև Երկրորդ համաշխարհայինի սկիզբը, իսկ երբ այն սկսվել է, համոզում էին, որ Անգլիան չի մասնակցի պատերազմին: Նրանք մոլորակների շքերթների դեպքում կատակլիզմներ (համաղետ) են կանխագուշակում, մինչդեռ դրանք, բարեբախտաբար, նույնպես մնացել են միայն խաբեբաների երևակայության մեջ: Ոմանք այնքան են հավատում նման գուշակություններին, որ փախչում են սարերը, թաքնվում կիրճերում: Հիշենք.՝ 2012թ. դեկտեմբերի 21-ին դարձյալ գուշակեցին որպես աշխարհի վերջը։ Մեծ քաղաքներում հատուկ պատրաստություն են տեսել. տապաններ են կառուցել, մթերքներ ժողովել: altՏարբեր հեռուստաալիքներ, կայքէջեր, ամսագրեր մեծ գումարներ են վաստակել այս կեղծիքի մասին լուրեր տարածելու շնորհիվ, քանի որ մարդիկ հափշտակված ձեռք էին  բերում դրանք: altԱյս խաբեությունների շարքը չափազանց մեծ է, որոնք թվարկելն անհնար է և ոչ նպատակահարմար:
Չնայած որ հետևողականորեն ապացուցվում է աստղագուշակության  կեղծիքը, միևնույն է,  գտնվում են մարդիկ, որոնց թիվը քիչ չէ, որոնք շարունակում են սրտին մոտ ընդունել  չարաբաստիկ գուշակությունները: Աստղագուշակներն էլ համոզում են, որ երբ իրականանում են կանխատեսումները, դա վկայում է նրանց ճշմարտացիության մասին, իսկ եթե ոչ՝ աստղերը զգուշացնում են, բայց  ոչ պարտադրում: Այսկերպ աստղագուշակությունն ՙապահովագրված՚ է սխալներից ու վրիպումներից: Հոգեբանական տեսանկյունից  վտանգավոր է հավատալ գուշակություններին: Այսօրինակ հավատամքներով մարդը, կարդալով իր ամենօրյա, կամ ամանորյա աստղագուշակը, ներշնչվում է, ամեն քայլափոխի սպասում վտանգների: Իսկ հոգեբանությանը հայտնի է, որ եթե մարդն անգամ մոռանում է դրանց մասին, ապա, միևնույն է, բացասական հույզերը մնում են ենթագիտակցականում՝ շարունակելով կառավարել մարդու վարքը ամբողջ օրվա և տարվա ընթացքում: Ուստի, մենք ինքներս պետք է որոշենք, թե ով է մեր ճակատագրի հեղինակը: Շարունակենք արդյոք տուրք տալ աստղագուշակությանը, թե՞, ի վերջո, խելք հավաքենք: 
 
 
Սոֆի  ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.