[ARM]     [RUS]     [ENG]

ԱՉՔ ՄԻ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՐԵՎԱՆԻԴ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ

Կան մարդիկ, որոնք ծնվում են մուրացկանի հոգեբանությամբ։ Այդպիսիները որքան էլ հարստանում`  իրենց հարուստ լինելը չեն նկատում ու միշտ գջլելու պահանջ են զգում։
Ժողիմաստասիրություններից
Այս իմաստախոսությունն ընկերոջս չի վերաբերում, որի մոտ հյուր էի գնացել ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։ Քաղաքում հաճախակի էինք հանդիպում, իսկ երբ իր նախկին աշակերտ-դպրոցի տնօրենի խնդրանքով 1993 թվականի ապրիլից գյուղ տեղափոխվեց և իր դստեր ու կնոջ հետ դպրոցում աշխատանքի անցավ, այս երկրորդ անգամն է, որ հանդիպեցի։ 
Առաջինը 2008-ին էր՝ ծննդյան 80-ամյակին։ Մինչ սեղանի շուրջ հավաքվելը նա ծերունական հպարտությամբ ինձ և մյուս ընկերներին ծանոթացրեց իր իսկ ձեռքերով ստեղծած տնտեսությանը, որ 15 տարվա ընթացքում  քրտնաջան աշխատանքի շնորհիվ բուրաստան էր դարձրել։ Մոտ 0,5 հա տարածք էր կազմում տնամերձը, որն ամրագրված էր կնոջ անունով, քանի որ կինն էր գրանցված այդ տանը։ Ծառեր կային, որոնց ճյուղերը կարմրաթուշ պտուղների ծանրությունից գետնին էին հասել։ Իսկ այսօր այդ ծառերի տակ տեսա խոզերի բոլուկ, որ փորփրում էր ծառերի արմատների արանքը։
Զարմացած հարցնում եմ. ՙԻնչ է, այդքան շուտ հոգնե՞լ ես ծառերը խնամելուց, հիմա էլ զինքդ տվել ես խոզաբուծությանը՚։ Իսկ ընկերս չափազանց ընկճված պատասխանում է. ՙՈչ, չեմ հոգնել։ Հիմա այդ ծառերն իմը չեն։ Հարևանինս են։ Խոզերն էլ նրանն են՚։ Ինձ անչափ հետաքրքրեց այդ պատմությունը, և խնդրեցի պատմել։ 
- 20 տարի է, այդ հողակտորը ես եմ օգտագործում, բայց նոր պարզվել է, թե իբր աճուրդի արդյունքով հարևանս, որ ավագանու անդամ էր, իր կնոջ անունով սեփականության վկայական է ձեռք բերել։ Պատկերացնո՞ւմ ես, 3 տարի առաջ, 2010թ. ապրիլի 22-ին, և երեք տարի գաղտնի պահել է, հարևանությունն առաջվա պես շարունակել և միայն նոր, վկայականը դրոշ դարձրած, տնով-տեղով սկսել են բղավել. ՙԱյս հողը մերն է, այս ծառերը մերն են, ահա ՙօրենքով՚ գրանցած սեփականության վկայականը...՚։
Փաստորեն ամեն ինչ գաղտնի է կատարվել։ Գյուղապետարանի աշխատողներն էլ այդ մասին մեզ չեն հայտնել։ Երբ իրազեկ դարձանք, որ մեր այգու մի մասը մեզնից գաղտնի սեփականաշնորհվել է հարևանիս օգտին, ընտանիքիս համար անհանգիստ վիճակ ստեղծվեց, ստիպված մի շարք դռներ բախելով՝ հույս ունեինք արդարացի լուծման հասնել։ Բայց իզուր։ Դիմել ենք զանազան պետական ատյաններ։ Բնականաբար, սկզբում գյուղական համայնքի ղեկավարին, այնուհետև` շրջվարչակազմի ղեկավարին, դատարան, կադաստր, փաստաբան, պետարխիվ...
Համոզվելով արդեն, որ անիմաստ է շարունակել արդար վճռի հասնելուն, քանի որ դեռևս մեր հասարակությունում շատ բան որոշվում է ՙԽնամի-ծանոթ-բարեկամ՚ սկզբունքով, հաշտվում ենք հարևանության մեջ խրված թունավոր այդ սեպի հետ։ Կարծես իրար չենք ճանաչում, ոչ ՙբարև՚ և ոչ էլ որևէ հարաբերություն... 
Նա ցույց է տալիս իր դիմումի կապակցությամբ ստացված պատասխանը։ Ընթերցում եմ. ՙ...ի պատասխան համայնքի ղեկավարին ուղղված Ձեր առ 28.01.2013թ. դիմումի` տեղեկացնում եմ Ձեզ, որ 2010թ. ապրիլի 22-ին համայնքում կայացած հողերի օտարման աճուրդում ոչ մի գաղտնի գործարք չի կատարվել։ Այդ օրը կայանալիք աճուրդի մասին համայնքի աշխատակազմի կողմից  հայտարարություն էր տրվել ԼՂՀ հանրապետական ՙԱզատ Արցախ՚ թերթում։ Նշված աճուրդը կազմակերպվել է և անցկացվել համաձայն ԼՂՀ Հողային օրենսգրքի 66, 68 և 70-րդ հոդվածների։ Ինչ վերաբերում է դիմումի այն մասին, որում Դուք նշում եք, որ աճուրդի արդյունքներով հաղթած բնակչուհուն հատկացված հողամասի մի մասն օգտագործվելիս է եղել Ձեր կողմից, կադաստրային տեղեկագրում նշված չէ։ Այդ տեղեկագրում հստակորեն նշված է, որ Ձեր կողմից, բացի սեփականության իրավունքով պետական գրանցում ունեցող 2000 քառ. մետր մակերեսով տնամերձից, Դուք առանց իրավունքի պետական գրանցման փաստացի օգտագործում եք 1112 քառ. մետր տնամերձ հողատարածք։ Վերաչափագրումից պարզվել է, որ տվյալ տարածքի մակերեսը կազմում է 2000 քառ. մետր, որն էլ 2013թ. հունվարի 25-ին կազմակերպված աճուրդում, արդյունքների համաձայն, հատկացվել է Ձեր թոռանը...՚։ Ցույց է տալիս այն թերթը, որտեղ աճուրդ-վաճառքի մասին հայտարարությունն է։
ՙԱզատ Արցախ՚ թերթը միայն գյուղապետարանն է ստանում, այն էլ իմ միջամտությամբ, գյուղի բնակչությունից ոչ ոք այդ թերթը չի ստանում և չի ընթերցում, նույնիսկ օտարված հողակտորների հավակնորդներից ոչ մեկը ոչ թերթ է տեսել և ոչ էլ ընթերցել, գյուղապետարանում ասել են` այսինչ օրը կգաք թղթերը ձևակերպեք, համապատասխան գումարը մուծեք և գնաք կադաստրում ձևակերպեք։ Հիմա ասացեք, խնդրեմ, ես ոչ ամառանոց, ոչ ավտոտնակ, ոչ առևտրի սրահ, ոչ էլ բնակարան կառուցելու ոչ նպատակ ունեմ, ոչ էլ կարիք: Իսկ գյուղապետարանը հայտնում է, թե  ես օգտագործում եմ, այն էլ` ՙառանց իրավունքի պետական գրանցման 1112 քառ. մետր տարածքով տնամերձ՚։ Ենթադրենք ընթերցել եմ, որտեղի՞ց ես իմանամ, որ իմ հողակտորն էլ է աճուրդի դրված, չէ՞ որ ես օգտագործում եմ ոչ թե 1112 քառ. մետր, այլ՝ 4863 քառ. մետր, ինչը սևով սպիտակի վրա գրված է մեր տան տեխնիկական անձնագրում 1999թ. հունվարի 4-ից և վերահաստատված է 2012թ. դեկտեմբերի 21-ին, արխիվային տեղեկանքում, ըստ որի, հողակադաստրային գրքի 5-րդ բաժնում 1999 թվականից մեր տնտեսության սեփական հողը 4863 քառ. մետր է։
Այսքանը լսում ու մտածում եմ. երբ ֆիզիկական անձը հողն օգտագործում է առանց իրավաբանական, առանց իրավունքի պետական գրանցման, ինչո՞ւ գյուղապետարանը մի անգամ չի զգուշացրել գրավոր կամ բանավոր, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածն իրավունք է տալիս. ՙՀամայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար՚։ Կամ ինչո՞ւ աճուրդի մասին տեղյակ չի  պահվել այն անձին, որի հողատարածքը վաճառքի է դրվում, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի կետ  2-ում  գրված է. ՙՔաղաքացիները  և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան 10 տարի անընդմեջ բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանորեն ձևավորման օգտվում են պետական կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք՚։ Կամ ինչո՞ւ չպահպանել մեր Հիմնական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը. ՙՍեփականության իրավունքի իրականացումը չպետք է խախտի այլ անձանց  իրավունքները և ազատությունները, վնաս պատճառի շրջակա միջավայրին, հանրային շահերին՚։ 
Այնպես որ, թե մեր երկրի հասարակ, շարքային քաղաքացին, թե պաշտոնյա անձինք, սկսած ամենացածրից մինչև ամենաբարձրը, պետք է հարգեն մեր օրենքները և գործեն օրենքով։ Այսօր մենք  ապրում ենք մեր ազատ ու անկախ պետությունում, մեր ժողովրդի կողմից ժողովրդավարության ուղին ընտրած հասարակարգում. քաղաքացիական հասարակություն ենք ձևավորում և Սահմանադրությամբ  ամրագրված այդ հասարակության մոդելը ու երկրում կատարվող բոլոր բարեփոխումները տանում են  նոր հասարակության կայացմանը։ Իսկ այդ նոր հասարակության բնակիչների 48 տոկոսը գյուղաբնակներ են, որոնց կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում, անում է ամեն ինչ, որ  հողօգտագործողներն ավելի մեծ շահույթ ստանան, որ գյուղացին հարստանա, իսկ գյուղացու ամենամեծ հարստությունը հողն է, որ տրված է իրեն։ 
Իմ սերունդը շատ ծանր կյանք  է վարել։ Դպրոցում աշխատելու ժամանակ սաներիս տեղեկացրել եմ, որ անցյալ դարի  20-30-ական թվականներին, մինչև կոլեկտիվացումը, Լեռնային Ղարաբաղում 26 հազ. անհատական գյուղացիական տնտեսություններ կային, որոնք տեր էին 4400 փայտե արորի, միախոփ 486 գութանի և երկխոփ  ընդամենը 3 գութանի։ Քարշիչ ուժը եղել են բանող անասունները։
Տրակտոր մենք տեսել ենք 1940-ական թվականների երկրորդ կեսին, իսկ կոմբայն` 50-ականների վերջին։ 
Փոխվել է գյուղացու ապրելակերպը։ Արտաքուստ չես տարբերի` քաղաքաբնա՞կ է, թե՞ գյուղաբնակ։ Շատերն ապրում են հարմարավետ, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված բնակարաններում, ունեն և՜ մարդատար, և՜ բեռնատար մեքենաներ։ Դրան գումարած` գյուղացի կա` և՜ տրակտոր ունի, և՜ կոմբայն, և՜ խոտհնձիչ։ Այնպես որ, քանի գնում, հարուստ  գյուղացիների քանակը  շատանում է, և դա շատ ուրախալի է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երկիրը հարուստ բնակչությամբ է հզոր, բայց այն էլ պետք է հաշվի առնել, որ հարուստ լինել դեռ բավական չէ, պետք է հարուստ լինել նաև հոգով, մշակույթով, հարուստ լինել հոգեբանությամբ։ Մեր հարուստ գյուղացիներից ոմանք հեռախոսով են իրենց դաշտային աշխատանքները կազմակերպում։
Գյուղացի կա` 30-40 տոննա հացահատիկ  է ստանում, բայց մի հատիկ էլ չի բերում տուն, հացը խանութից  է գնում։ Հանդիպում ենք տնտեսապես հարուստ, բայց հոգեպես աղքատ մարդու, մարդ, որ չի թողնում իր տնտեսության կողքով մի թռչուն անցնի. հեկտարներով վարձակալում է, բայց այդ հեկտարների կողքին ազատ տարածքում արգելում է համայնքակիցներից որևէ մեկի անասունը այնտեղ արածի, նույնիսկ իր տան մոտ գտնվող մոշի թփից էլ չի թողնում որևէ մեկն օգտվի, թուփը հրդեհում է, որ ոչ ոք չօգտվի։ Այնպես որ, կան այդպիսիները, բայց լավ է, որ դրանք քիչ են։ Կան նաև գյուղաբնակներ, որոնց աչքը ունքից բարձրացել է. միջանձնային հարաբերություններում սանձարձակորեն դիմում են վիրավորանքների, ապավինում են ոչ թե պետության ներքին կառուցակարգին, այլ բռունցքի ուժին, սեփական մկանների զորությանը։ Ինչպես վերևում նշեցի, մեր երկրում կատարվող բարեփոխումները տանում են նոր հասարակության կայացման, իսկ նոր հասարկությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ձևավորվի նոր մարդը` հիմնովին փոփոխված հոգևոր աշխարհով, բնավորությամբ, մտածելակերպով։ Մի առիթով գրել եմ, որ պետք է  դաստիարակենք  նոր մարդ, լավ քաղաքացի։ Այո, լավ, ազնիվ քաղաքացի, որն  անհրաժեշտության դեպքում վեր է կանգնում սեփական շահերից, հետաքրքրություն է ցուցաբերում այլոց կարիքների ու խնդիրների հանդեպ, ճանաչում ու կատարում է իր պարտականություններն ընտանիքի, համայնքի և հասարակության առջև։ Իսկ նոր մարդ դաստիարակելու հարցում մեծ դերակատարություն ունեն դպրոցը, եկեղեցին: Եկեղեցին քարոզում է. ՙ...Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր... Աչք մի ունեցիր քո մերձավորի ունեցվածքին...՚։
Բայց նոր մարդու դաստիարակության, ձևավորման գործում մեծ դերակատարություն ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Նախկինում մարդն օրվա աշխատանքից հետո երեկոները գնում էր գյուղամեջ, բարձրանում վերև, ուր կոլվարչության նախագահի, հաշվապահի, գյուղխորհրդի, կուսկազմակերպության քարտուղարի, արհկոմի նախագահի գրասենյակների դռները բաց էին, էլ չեմ ասում ակումբների, գրադարանների մասին, որոնցում մարդն իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն էր ստանում, շփվում էր այլոց հետ, իսկ այսօր այդ բոլորին փոխարինում է գյուղապետարանը, որի աշխատակազմը առավոտվա ժամը 9-ից մինչև երեկոյան  ժամը 6-ն է աշխատում։ Երեկոյան գյուղում մեռելային դրություն է, ոչ ոքի չես հանդիպի։ 
ԼՂՀ կառավարությունը չափազանց կարևոր գործ է նախաձեռնել` գյուղապետների համար դասընթացներ կազմակերպելով, որտեղ համայնքների ղեկավարները շատ բան են սովորում համայնքներում  կատարվող  աշխատանքներն էլ ավելի կատարելագործելու համար. չէ՞ որ համայնքը պետական համակարգի  ժողովրդավարական հիմքն է։ Ահա այդ համայնքում կոլեկտիվիզմ դաստիարակելու, մարդկային լավ հարաբերություններ ձևավորելու գործում մեծ  դերակատարություն ունեն և՜ գյուղապետը, և՜ համայնքի ավագանին։ Մեր պետության օրենքներում հաճախակի են լինում փոփոխությունները, որոնք  հրապարակվում են թերթերում կամ հաղորդվում հեռուստատեսությամբ, բայց, ցավոք, անհասանելի են գյուղացուն, իսկ եթե այդ փոփոխությունների մասին հանդես գա գյուղապետարանի աշխատակազմից որևէ մեկը, ապա դրանք շատ մատչելի կլինեն։ Գյուղացու  դաստիարակության գործում հենց շատ անելիքներ ունեն համայնքների  ղեկավարները, ինչը պետք է դրված լինի նրանց աշխատանքային ծրագրերի հիմքում։ 
 
Մառլեն  ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
 գ. Իվանյան