[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

dolma_festival_armeina.jpgԱմանորը Հայաստանում ամենաուրախ և գեղեցիկ տոնն է, որը ենթադրում է հավատ իղձերի իրականացման նկատմամբ և դրական փոփոխությունների հույս: Տոնին նախորդում է անասելի իրարանցում, որն աստիճանաբար վերաճում է բացահայտ աժիոտաժի: 
Ամանորի նախապատրաստությունն ընթանում է երեք ուղղությամբ՝ տոնական սեղանի համար կերակրատեսակների պատրաստում, նվերների հայթայթում, բնակարանների կարգավորում: Սակայն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրը տոնական սեղանն է: 
Դեկտեմբերի տասնհինգից հայ ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն խոզաբդի վրա, որը մնում է որպես տոնական սեղանի դ 1 կերակրատեսակը: 
Խոզի բուդը, որ հայկական Ամանորի սեղանի խորհրդանիշն ու հիմնական ատրիբուտն է, գնվում է դեկտեմբերի 31-ից մեկ շաբաթ առաջ: Այստեղ կարևորը պատրաստելու տեխնոլոգիան է. բուդը մի քանի օր դնում են աղաջրի մեջ, այնուհետև  3-7 օր պահում թթվաջրի (մարինադ) մեջ: Պատրաստման ամբողջ ընթացքն ուղեկցվում է տնտեսուհիների միջև փորձի փոխանակմամբ, որոնցից շատերը չեն վախենում ուղղումներ մտցնել տատիկների բաղադրատոմսերի մեջ՝ տեխնոլոգիան կատարելագործելով բազմաբնույթ նոր մոտեցումներով, այդ թվում՝ համացանցից վերցված: Ի դեպ, տատիկների բաղադրատոմսերի մասին։ Անցած դարի կեսերին Ամանորի սեղանի հիմնական կերակրատեսակը ջեռոցում տապակած խոզուկն էր, որն ամբողջական դրվում էր սեղանին և համարվում խորհրդային դարաշրջանի բարօրության խորհրդանիշը: 
Տոնական ոչ մի սեղանի չի բացակայում խաղողի տերևներով ավանդական տոլման, շատերը, որպես սառը ուտեստ, պասուց տոլմա են պատրաստում, ասել է թե՝  պահքի տոլմա` բրնձի, ձավարի, լոբու, ոսպի կամ սիսեռի միջուկով, որի պատրաստման ավանդույթներն սկիզբ են առնում հին ժամանակներից: Տաք ճաշատեսակներից նախկինի պես ժողովրդականություն են վայելում իշխան ձուկն ու հնդկահավը, ինչպես և խոզի բուդը, որը պատրաստվում է նարնջով, խնձորով կամ նուշով:
Ավանդական որոշ կերակրատեսակներ սլավոնական արմատներ ունեն, մասնավորապես, բլինչիկները: Ամանորի սեղանն առատ է տարբեր աղցաններով և այլ ուտեստներով, որոնք թե՜ ազգային, թե՜ օտար ծագում ունեն, խմիչքներով, որոնց մեջ պարտադիր են շամպայնը, կոնյակը, օղին և գինին: Վերջին տարիներին հայկական սեղաններին սովորական են դարձել ՙգլոբալացման՚ այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են վիսկին, ռոմը, մարտինին և այլ անդրծովյան խմիչքներ: Ընդ որում,  տնտեսուհիները շարունակում են հյուրերին զարմացնել իրենց պատրաստած բալի, վարդի թերթերի, սալորի, ընկույզի և ծիրանի թրմօղիով: Ընդհանրապես, հարուստ աղանդերի մեջ հատուկ տեղ են գրավում մրգերն ու չրեղենը. սա ևս հին ժամանակներից եկող ավանդույթ է: ՙՔանի որ Նավասարդը (համապատասխանում է օգոստոս ամսվան), ինչպես հին հայերի մոտ կոչվել է նոր տարին, համարվում էր բերքի տոն, նրանք բոլոր միջոցներով ձգտում էին իրենց երախտագիտությունը հայտնել աստվածներին՝ հաջողակ տարվա և առատ բերքի համար: Այդ պատճառով սեղանին հիմնականում լինում էին մրգեր և զանազան չրեղեն, որոնք այսօր էլ հայկական սեղանին պարտադիր բաղադրիչ են համարվում՚,- նշում է ՙՀայկական խոհանոցի ավանդույթների պահպանում՚  կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ամանորի ճոխ սեղան գցելու ավանդույթն իր արմատներով հեթանոսական ժամանակներից է ծագում, երբ հայերն իրենց ձեռքով աճեցրած ընտիր բարիքներն էին դնում սեղանին: Այժմ մարդիկ հուսով են, որ նոր տարին առատ կլինի. ինչպես դիմավորես Նոր տարին` այնպես էլ կանցկացնես տարին: 
Այդուհանդերձ, տոնի փիլիսոփայությունը փոփոխություններ է կրել: Եթե նախկինում հայերը նախընտրում էին ավելի շատ ուրախանալ` տոնին հուզական բնույթ հաղորդելով, այժմ նյութական տարրն է կարևորվում. այն վեր է ածվել  բարեկեցության և ֆինանսական հնարավորությունների ցուցադրության: Բարեբախտաբար, փոփոխության չի ենթարկվել հին քրիստոնեական ժամանակներից եկող ավանդույթը, երբ երիտասարդները տնետուն շրջում էին, շնորհավորում բոլորին Նոր տարվա առթիվ: Այսօր ևս Ամանորի այցեր կատարելը պարտադիր է, մանավանդ՝ տարեցներին: Եվ, իհարկե, ուշադրության կենտրոնում երեխաներն են, ովքեր նվերներ են ստանում Ձմեռ պապից:
 Հայաստանում փոխառել են տոնածառը մեծ, գույնզգույն գնդերով և ժապավեններով զարդարելու եվրոպական ավանդույթը, բայց դեռևս չեն ընդօրինակել ժողովրդական զբոսահանդեսներով Ամանորի տոնակատարության ավանդույթը,  երբ մեծ հրավառություն է լինում, իսկ շամպայնը խմում են հենց փողոցներում: Այսպես, գերմանացիները սիրում են Նոր տարուն նախորդող գիշերը Բրանդենբուրգյան դարպասներ այցելել, ֆրանսիացիները` Ելիսեյան դաշտեր, բրիտանացիք` Տրաֆալգարյան հրապարակ: Երևանում միշտ տեղի են ունենում Ամանորին նախորդող և Ամանորի համերգներ,  բայց այս ամենը համընդհանուր ուրախության, մարդկանց միասնության բնույթ չի կրում: Այն դեպքում, երբ  պատմական Հայաստանում նոր տարվա տոնակատարությունը համաժողովրդական բնույթ էր կրում` կազմակերպվում էին համընդհանուր զվարճանք, մարզական մրցույթներ, սեղանները գցվում էին անմիջապես ծառերի տակ:      
                              
  ՙՎեստնիկ Կավկազա՚