[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐԱԼԻ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

altՎիճակագրական տվյալների համաձայն, երկրագնդի բնակչության 6-7 տոկոսը տառապում է ստամոքսաաղիքային հիվանդություններով։ Մեզ մոտ` Արցախում, նշված հիվանդությունն ունեցող մարդկանց տոկոսը զարմանալիորեն բարձր է, չնայած մենք ավելի շատ ենք օգտագործում թարմ սննդամթերքները, բուսական ծագում ունեցող մթերքները։ Այս հանգամանքը միշտ իմ ուշադրության կենտրոնում է եղել, և ամեն կերպ ձգտել եմ իմանալ պատճառը։ 
Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արցախցիներն ընդհանրապես քիչ են օգտագործում առաջին կերակրատեսակները (այսպես կոչված, ջրալի կերակուրները), շատերը պարզապես խուսափում են առաջին կերակուրներից։ Հայրենակիցներիս կարծիքով՝ ջրալի կերակուրների կալորիականությունը ցածր է, ուստի և, չեն հագենում։
Հասկանալի է, որ մեզ մոտ ճիշտ պատկերացում չունեն ջրալի կերակուրների նշանակության, մեր օրգանիզմում նրանց ֆիզիոլոգիական դերի մասին։
Ջրալի կերակուրները խթանում են մարսողական գեղձերի աշխատանքը ստամոքսում և աղիքներում։ Փաստորեն նրանք մարսողական օրգաններին նախապատրաստում են հետագայում ընդունած սննդի  մարսմանը։
Տաք կերակուրների հյութաբեր գործունեությունը պայմանավորված է նրանց մեջ գտնվող հատուկ էքստրակտային նյութերի (մզվածքային նյութեր) առկայությամբ, որոնք ջրալի կերակուրների մեջ են մտնում մսից, ձկներից, սնկերից` կերակուրը պատրաստելու ժամանակ։
Մարսողական գեղձերի աշխատանքը՝ հյութարտադրությունը, խթանում են նաև բանջարեղենները, նրանցից պատրաստված կերակուրները։ Ի դեպ, բանջարեղենը պարունակում է նաև տարատեսակ հանքային աղեր, վիտամիններ։ Դժբախտաբար, բանջարեղենից և, ընդհանրապես,    բույսերից շատ քիչ են օգտվում արցախցիները։ Մերոնք սուպեր եփելիս հիմնականում օգտագործում են բրինձը, մակարոնը, վերմիշելը։ Չնայած դրանք ևս բուսական ծագում ունեն, բայց կանաչ ու թարմ բույսերը մարսողության համար օգտակար նյութեր ավելի շատ են պարունակում։
Հարց է ծագում. ինչո՞ւ բանակային ծառայությունը վերջացնելուց հետո մեր որդիները տուն են վերադառնում կենսախինդ, առույգ, կազդուրված և առողջ վիճակում։ Հարցի պատասխանը շատ պարզ ու հասարակ է. բանակային ճաշարաններում միշտ օգտագործում են և՜ առաջին, և՜ երկրորդ կերակրատեսակներ։ Որպես օրենք՝ զինվորական ճաշարաններում միշտ եփում են  ամենաշատ տարածում ունեցող կերակուրը՝ կաղամբապուրը (բորշը), որի հյութաբեր նյութերը նրա մեջ են անցնում և՜ մսից, և՜ բույսերից։ Ճիշտ են նկատել արցախցիները, երբ բանակից տուն վերադարձողներին ասում են. ՙԲանակում բոլորին տղամարդ դարձնողը բորշն է, բորշը...՚։
Շատ հաճախ առաջին կերակուրների՝ սուպերի փոխարեն կարելի է օգտագործել բանջարեղենից, պտուղներից և հատապտուղներից ստացած հյութերը։ Դրանք ևս պարունակում են մարսողական գեղձերի հյութարտադրությունն ուժեղացնող էքստրակտային նյութեր, որոնք ստացել են (մզվել են) բանջարեղենից և պտուղներից։ Դրանք, ինչպես վերը նշեցի, կոչվում են մզվածքային նյութեր։ Բուսական հյութերը հեղուկ կերակուրների նման գրգռում են ախորժակը, ակտիվացնում ստամոքսի գեղձերի հյութարտադրությունը։ Եթե ամառվա տաքին չեք ցանկանում սուպ ուտել, կամ հնարավորություն չի եղել ջրալի կերակուր պատրաստել, կարող եք մեկ բաժակ հյութ խմել, հետո սկսել ուտել երկրորդ կերակուրը։ 
Տանը պատրաստած թարմ հյութերն իրենց հետ մեր օրգանիզմ են բերում շատ անհրաժեշտ հանքային աղեր, վիտամիններ։ Հյութերը սննդային արժեքավոր նյութերով ավելի հարուստ են, քան բանջարեղենից պատրաստված կերակուրները։ Բացի դրանից, շատ հյութեր (օրինակ` սալորի հյութը) ակտիվացնում են աղիքների շարժողական ֆունկցիան՝ դրանով օրգանիզմին պաշտպանում փորկապությունից։ Մեզ մոտ մեծ քանակությամբ շատ հյութ կարելի է ստանալ մոշից,  տանձից, խնձորից, սալորից, հոնից, լոլիկից, խաղողից, մասուրից և այլն։
Առաջին կերակուրներին կարող են փոխարինել նաև բանջարեղենները՝ որպես նախաճաշիկ։ Դրանք ևս լավացնում են ախորժակը, ուժեղացնում մարսողական գեղձերի աշխատանքը։
Օրաբաժնից առաջին կերակուրների լրիվ հանելը, 2-րդ կերակուրներով հրապուրվելը անցանկալի է, հիվանդաբեր։ Մի հրապուրվեք չոր-ցամաք սննդամթերքներով։ Այդ ձևով սնվելն ապացուցում է, որ ձեր կենցաղն անկազմակերպ է։ Այդպես վատացնում եք ձեր մարսողական օրգանների  գործունեությունը, ձեզ մոտ գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերի առաջացման մի պատճառ էլ կարող է դա հանդիսանալ։ Հիշենք, որ ջրալի կերակուրները լայն տարածում են գտել բոլոր ժողովուրդների կենցաղում։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ այն ընտանիքներում, որտեղ մշտապես օգտագործում են 1-ին և 2-րդ կերակուրները, բոլոր անդամները միշտ լինում են առողջ, ֆիզիկապես լավ վիճակում։ Ճաշին միշտ հեղուկ կերակուրներ օգտագործելն ամենալավ ցուցանիշն է՝ ընտանիքում կենսակերպի հարցերը խելացի կարգավորելու մասին։
Մեզ մոտ շատ է տարածված եփած մսաջրի օգտագործումը, նրանով շատերը սուպեր են պատրաստում։ Ընդհանրապես, դա չի երաշխավորվում, մսաջրից պատրաստած կերակուրը հատկապես չպետք է օգտագործեն տարեցները, լյարդի հիվանդությամբ տառապողները, օրգանիզմում նյութափոխանակությունը խանգարված մարդիկ։ Նրանք ավելի լավ է ուտեն բուսական սուպեր։ Արցախում բուսական սուպեր պատրաստելու համար լայն հնարավորություններ կան։ Նշենք հեղուկ կերակուրների համար օգտագործվող ամենակարևոր բույսերը. կաղամբ, կարտոֆիլ, սիսեռ, եղինջ, դդում, լոլիկ, ծիրան, մորի, մասուր, հոն, զկեռ, սալոր, մաղադանոս, դեղձ, խնձոր և այլն։
Տարվա բոլոր եղանակներին, օրվա ցանկացած ժամի ջրալի կերակուրների օգտագործումը կենսական պահանջ պետք է դառնա բոլորիս համար։  
 
Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կենսաբան