[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության  հանրաքվեի  և Սահմանադրության օրվա  կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝  ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ հանրապետությունում  դեկտեմբերի 24-ից սկսված է առանձին խմբերին տրամադրվող միանվագ դրամական օգնության գործընթացը։ Այդ առումով ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվել է շուրջ 71 միլիոն դրամ։ Որոշման համաձայն՝  ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, Արցախյան գոյամարտի հաշմանդամ  զինծառայողները՝ 10-հազարական դրամ։  Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց կտրամադրվի  16-հազարական դրամ, նույն պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց՝ 13-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին և այդ ժամանակաշրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին՝ 11-հազարական դրամ։ Ընդհանուր առմամբ դրամական օգնություն կստանա 5300 հոգի։
 ԼՂՀ մշտական հաշվառում ունեցող անձանց  դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։  
Սոցիալական աջակցության բաժնի պետի պարզաբանմամբ՝ մեր Ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների այն անդամները, ովքեր ունեցել են երկու զոհ՝  միանվագ դրամական  օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։ 
 Դրամական օգնության վճարումներն իրականացվում են ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ կապի բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային  մասնաճյուղերի միջոցով։ Դրամական  օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ