[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՐՇԱՎԻՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՄԱՐԶԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ՚ ՀՈԴՎԱԾԻՆ

Ազատ Արցախ՚ հանրապետական թերթի 2013 թվականի դեկտեմբերի 7-ի  համարում զետեղվել է Նորագյուղի նախկին կոլտնտեսության նախագահ Արշավիր Գալստյանի՝ ՙՄարզկոմի առաջին քարտուղարը՚ ծավալուն հոդվածը: Այն հիմնականում նվիրված է նախկին մարզկոմի առաջին քարտուղարներ Գուրգեն Մելքումյանի և Բորիս Կևորկովի կյանքին ու գործունեությանը։ Հոդվածում գովասանքի շռայլ խոսքեր են հնչում նրանց հասցեին:
Անկեղծ ասած, մեծ բավարարվածություն ստացա՝ կարդալով այդ հոդվածի արձագանքը՝ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, մեր ազատագրական պայքարի ակտիվ մասնակից Էմիլ Բալայանի սույն թվականի հունվարի 21-ի ՙԱզատ Արցախ՚ թերթում տպագրված ՙՀայացք Արցախի ոչ հեռավոր անցյալին՚ վերտառությամբ հոդվածը, որտեղ նա, ի տարբերություն Արշավիր Գալստյանի, պատմականորեն հիմնավորված քաղաքական գնահատական է տվել ոչ վաղ անցյալում կուսմարզկոմի առաջին քարտուղարներ Ն. Շահնազարովի, Բ. Կևորկովի և Գ. Մելքումյանի գործունեությանը:
Իր հոդվածում Ա. Գալստյանն անձնական, շահադիտական նկատառումներով, խեղաթյուրելով պատմական իրողությունը՝ անհիմն կերպով անվայել դիրքորոշում է ցուցաբերել իմ՝ մարզգործկոմի նախկին նախագահիս հանդեպ: Ա. Գալստյանի հոդվածից կարելի է եզրակացնել, որ ես եմ եղել Գուրգեն Մելքումյանի պաշտոնից զրկվելու հիմնական մեղավորը: Համաձայն չլինելով նման մեղադրանքին` անհրաժեշտ  եմ համարում ներկայացնել իմ նկատառումները Ա. Գալստյանի հոդվածում արծարծված մտքերի  վերաբերյալ։ 
Լեռնային Ղարաբաղի կուսմարզկոմի առաջին քարտուղար Գուրգեն Մելքումյանի հետ ես աշխատել եմ 60-70-ական թվականերին, 10 տարուց ավելի: Եղել ենք դուռ դռան հարևաններ: Մինչ այդ էլ ճանաչում էի Գուրգեն Ալավերդովիչին:
Լինելով մտերիմ հարևաններ, հավաքվելով մի բաժակ թեյի շուրջ, պետանվտանգության կոմիտեի տեսադաշտից դուրս, կարծիքներ էինք փոխանակում մարզի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք էին երկրամասի հայ բնակչության թվաքանակի անբավարար աճը, արտագաղթը, ուսանող երիտասարդության՝ Բաքվի և մյուս քաղաքների բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստան տեղափոխելու հարցերը: Այդպիսի ջերմ հարաբերությունները և մտերմությունն ուղեկցեցին մեզ՝ ընդհուպ մինչև 1973 թվականը: 1971-ին կուսմարզկոմի երկրորդ քարտուղար է ընտրվել Բաքվից գործուղված էմիսար՝ տխրահռչակ Նիկոլայ Վոլոդինը: Օժտված լինելով ինտրիգների կազմակերպման մեծ փորձով ու հմտությամբ, նա առաջին օրվանից ուղիներ էր փնտրում՝ նսեմացնելու մարզկոմի առաջին քարտուղարի և մարզգործկոմի նախագահի ջերմ հարաբերությունները: Նա անազնիվ ճանապարհներով իր անմիջական վերահսկողության տակ էր վերցրել մարզի ՙեկամտաբեր ու յուղոտ՚ ոլորտները, ինչպիսիք են՝ անտառտնտեսությունը, Ղարգինտրեստը, մարզսպառկոոպը, քաղառևտուրը, անգամ Ստեփանակերտ քաղաքի միակ ոսկերչական խանութը:
Մարզկոմի բյուրոներում հաճախակի էի ընդհարվում նրա հետ, կշտամբում մարզկոմի առաջին քարտուղարին՝ նման անտարբերության ու թողտվության համար: Գուրգեն Ալավերդովիչը լուրջ թերություններ ուներ սկզբունքային հարցերում: Հանդուրժողականությունը և փափկասիրությունը հաճախ  էին նսեմացնում նրան:
1973թ. նախատեսված էին անցկացնել ժողպատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի հերթական ընտրություններ: Ինչպես ընդունված էր Խորհրդային Միությունում, նման կարգի ընտրությունների նախօրյակին վերադաս կուսակցական մարմինը՝ հանրապետական Կենտկոմը, հարցում է անում ԼՂ կուսմարզկոմին՝ ընտրություններից հետո մարզգործկոմի ղեկավար կադրերի նշանակումների կապակցությամբ:
Վրա էր հասել ընձեռված պահը, որպեսզի Բաքվի դրածոն՝ Վոլոդինը, հաշվեհարդար տեսներ մարզգործկոմի ղեկավար կազմի, իրեն ոչ բարեհաճ անձանց՝ իմ և մարզգործկոմի նախագահի առաջին տեղակալ Երվանդ  Բաղդասարյանի հետ: Նա իր դրածոների միջոցով անօրեն ճանապարհներով ձգտում էր մարզի ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներից վարկաբեկիչ նյութեր հավաքել մեր գործունեության մասին, սակայն նրա ճիգերն ապարդյուն անցան: Ստիպված դիմեց ստոր ու շինծու մի արարքի՝ մեղադրելով մեզ կադրերի ընտրության և տեղաբաշխման գործում մեր ՙմեղքերում՚, մոռանալով, որ կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը Խորհրդային Միությունում միայն ու միայն կուսակցական կազմակերպությունների մենաշնորհն է եղել:
1973թ. մայիսին խիստ կոնսպիրատիվ պայմաններում Ղարգինտրեստի թիվ 2 սովխոզի տարածքում գտնվող տաղավարում Նիկոլայ Վոլոդինը և Գուրգեն Մելքումյանը մի ամբողջ օր հատկացնում են Բաքու՝ Կենտկոմ ուղարկվող նամակի տեքստը շարադրելուն: Այդ մասին ինձ պատմեց թիվ 2 սովխոզի տնօրեն, նախկինում մարզգործկոմի նախագահի տեղակալ Ջամիլ Բեգլարովը՝ ասելով. ՙՀարգելի նախագահ, զգուշացիր, կարծեմ այդ անիրավները քեզնից ՙմատերիալ՚ են գրել Ադրբեջանի Կենտկոմ՚:
Կրկնում եմ` այդ ամենը կատարվել էր գաղտնի. նամակի տեքստին ես ծանոթացել եմ միայն 1974թ. փետրվարին, մարզգործկոմի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո։ Նամակում գրել էին, որ ես՝ Մուշեղ Օհանջանյանս, աշխատում եմ ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում ավելի քան 10 տարի և իմ շուրջն եմ համախմբել իմ մոտիկ բարեկամներին, համագյուղացիներին։
Վերջում առաջարկել են մեզ երկուսիս չվերընտրել զբաղեցրած պաշտոններում:
Նամակը ստորագրել էր կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Գուրգեն Մելքումյանը:
Ինչպես նշեցի վերևում, նամակը գրվել էր մայիսին: Հունիս ամսին՝ ընտրություններից անմիջապես հետո, պիտի կայանար նորընտիր մարզխորհրդի առաջին կազմակերպական նստաշրջանը, որտեղ պիտի ընտրվեին մարզգործկոմի նախագահը, տեղակալներն ու անդամները:
ամները:
Չնայած այդ նամակին, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմն ինձ նորից երաշխավորում է վերընտրել մարզգործկոմի նախագահի պաշտոնում, իսկ մարզգործկոմի նախագահի առաջին տեղակալ Երվանդ Բաղդասարյանի հարցում համաձայնվում է մարզկոմի առաջարկին: Հունիս ամսին՝ մարզխորհրդի առաջին նստաշրջանում, որին ներկա էին մարզկոմի քարտուղարներ Գուրգեն Մելքումյանը, Նիկոլայ Վոլոդինը, մարզկոմի առաջին քարտուղարի առաջարկությամբ, միաձայն, միանգամայն անսպասելի  ծափահարություններով ես վերընտրվեցի մարզգործկոմի նախագահի պաշտոնում: Հակառակ իմ կամքի՝ Երվանդ Բաղդասարյանի փոխարեն մարզգործկոմի նախագահի առաջին տեղակալ ՙընտրվեց՚ Բաքվի դրածո Էլդար Ասկերխանովը:
Տեսնել էր պետք, թե ինչ վիճակում էին հայտնվել նստաշրջանում կաս-կարմիր կտրած Գ. Մելքումյանը և Ն. Վոլոդինը, որոնք ՙշնորհավորեցին՚ ինձ վերընտրվելու կապակցությամբ:
Հետագայում ինձ միանգամայն հայտնի դարձան Ադրբեջանի Կենտկոմում այդ նամակի քննարկման մանրամասները: Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը 1974թ. փետրվարին ինձ մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնից ազատելու և Բաքու՝ հանրապետական աշխատանքի տեղափոխման կապակցությամբ ասել է.
- ՙԵրբ ստացանք այդ նամակը և քննարկեցինք Կենտկոմի բյուրոյում, եկանք այն եզրակացության, որ այդպիսի նամակի համար պետք է հեռացնել կուսմարզկոմի առաջին քարտուղարին, այլ ոչ թե մարզգործկոմի նախագահին: Այդ երբվանի՜ց են անվանակարգային պաշտոնները, նույնիսկ մարզկոմի բաժնի վարիչի, մարզի դատախազի, կուսակցության քաղկոմի առաջին քարտուղարի հաստիքները դարձել  մարզգործկոմի անվանակարգային պաշտոններ: Կուսակցության մարզկոմը, անձամբ առաջին քարտուղարն է պատասխանատու կադրերի ընտրության ու տեղաբաշխման համար: Մենք այդպես էլ վարվեցինք, որոշեցինք հեռացնել առաջին քարտուղարին՚:
1973թ. հոկտեմբերին Գուրգեն Մելքումյանին ազատեցին կուսմարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:
Վերհիշելով այս ամենը՝ զարմանում եմ, թե ինչպես հաջողվեց մի խորամանկ  աղվեսի խարխլել երկու նվիրյալ ընկերների 22 տարվա համերաշխությունը, ջերմ  հարաբերությունները: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչն ստիպեց  իմ կողմից անչափ հարգված Գուրգեն Ալավերդովիչին գնալ այդ խարդավանքին` տխրահռչակ Վոլոդինի դրդմամբ։ 
Հետագայում, երբ ես և Մելքումյանը, հակառակ մեր կամքի, հայտնվեցինք Բաքվում, ես զգում էի նրա ապրումները. նա առաջվա պես ուղիղ չէր կարողանում նայել իմ աչքերին։ Ափսոս, հազար ափսոս, որ մեր սրտագին հարաբերություններն այդպիսի ճակատագրի արժանացան:
Ընթերցելով այս հոդվածը՝ ընթերցողն ինքը կհամոզվի, թե որն է եղել Գուրգեն Մելքումյանի պաշտոնից զրկվելու հիմնական դրդապատճառը։ 
Արշավիր Գալստյանն իր հոդվածում գրում է, որ բոլոր նորագյուղցիները երախտապարտ են Գուրգեն Մելքումյանին, ով անգնահատելի մասնակցություն և օժանդակություն է ցուցաբերել Նորագյուղի վերաբնակեցման գործին։ Դա միայն ու միայն իր անձնական կարծիքն է, ոչ թե բոլոր նորագյուղցիների: 
Հարց է առաջանում. եթե Գ. Մելքումյանն, իրոք, այդպիսի օգնություն և աջակցություն ցուցաբերող ղեկավար է եղել, ինչո՞ւ այդ միջոցների մի չնչին մասը չի նվիրաբերել իր ծննդավայրին՝ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղին, որը որպես գյուղական բնակավայր, այժմ գոյություն չունի, ջնջվել է Հադրութի շրջանի գյուղական բնակավայրերի ցանկից։ 
Տպագրելով վերոհիշյալ հոդվածն ՙԱզատ Արցախ՚ թերթում՝ Ա. Գալստյանը հետևյալ նպատակն է հետապնդել. երկու տարուց հետո նշվելու է Նորագյուղի վերաբնակեցման 50 տարին, ուստի այժմվանից իրեն յուրահատուկ տոնայնությամբ նսեմացնում է Օհանջանյանի գործունեությունը և նախապատրաստվում է երգել իրեն հատուկ աշուղական երգը՝ գյուղի վերաբնակեցման գործը միայն ու միայն իրեն վերագրելուն:
ՙԱխր նա հինչա ըրալ էս շենի համար, լոխ ես ըմ ըրալ՚,- ամեն քայլափոխում ասում է Ա. Գալստյանը։   
Դե, ինչ արած, պետք է տանել, ինձ էլ բախտ է վիճակվել ունենալ Արշավիր Գալստյանի նման ՙհամագյուղացի՚:
 
Մուշեղ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ