Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐՋԱՊԵՍ...

Օրերս մայրաքաղաքի փողոցներից մեկում գազելատիպ մի մեքենայի թափքի աջ կողին գրված  խոսքերից հաճելի զարմանք ապրեցի. գրությունն, իրոք, արտառոց էր՝ ի հակակշիռ շուկայական հարաբերությունների հրամայականով թխված ու սնկերի պես աճած, հոգնեցնող ու ոչինչ չասող կարգախոսների։

Այնտեղ (մեքենայի կողապատին) ոչ ավել, ոչ պակաս գրված էր. ՙՈրակը սկսվում է  կարգապահությունից՚։ Կարճ, բայց իմաստալից։
Այս ճշմարտությունը մարդկության պատմության հասակակիցն է, բայց՝ հանիրավի մոռացության տրված։
Ի դեպ, այս գրության հարևանությամբ (եթե տեսողական հիշողությունս ինձ չի դավաճանում) երշկեղեն էր նկարված։ Ասել կուզի՝ այս արտադրանքի որակը պայմանավորված է մարդուս (բանվորից մինչև արտադրության ղեկավար)  ... կարգապահությամբ։ ՙԻ՛նչ կապ ունի դա՚,- կարող եք ասել։ Բայց՝ ոչ։ Կապը կա, այն էլ՝ շատ ամուր։ Եվ դա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներին, մեր գիտակցությանը. հատկապես այստեղ մեզ որակական ու կարգապահական մեծ տեղաշարժեր են անհրաժեշտ։
Թե չէ, ինչի է նման. ասենք՝ շինարարություն ենք իրականացնում, բայց նույնիսկ անզեն աչքով էլ (այս պարագայում՝ առանց լաբորատոր փորձաքննության) պարզ երևում է, որ եթե, աստված մի արասցե, մի 5-6-բալանոց երկրաշարժ լինի, ապա բազմահարկ մեր շենքերի (հատկապես խորհրդային տարիներին կառուցված) մեծ մասը կանգուն չի մնա. այդ մասին բազմիցս ահազանգել են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները։
Հաճախակի ենք ականատես լինում. ասֆալտ են փռում, մի որոշ ժամանակ անց սկսում այստեղ-այնտեղ կարկատաններ դնել (պատճառը դարձյալ անորակությունն է)։
Հիշում եմ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, երբ երկրի նախագահը շրջայց էր կատարում վերաբնակեցվող գյուղեր, բնակարանամուտ տոնած մի կին ուղղակի զարմանք հայտնեց. ՙԱյս ինչ են տվել մեզ, ի՛նչ է, ձե՞ռ են առնում՚։ Եվ երբ հարցրել են՝ ինչո՞ւմն է բանը, սենյակի մի անկյունում կանգնած բողոքավոր տանտիրուհին ոտքով հարվածել է մանրատախտակին, իսկ  մի քանի մետր այն կողմ մյուս մանրատախտակները սկսել են տեղում ՙպար գալ՚։ Ճիշտ է, երկրի ղեկավարը հավուր պատշաճի հանդիմանել է ոլորտի այդ ժամանակվա պատասխանատուին, բայց՝ ի՞նչ օգուտ։ Եվ նման  վերաբերմունքը շարունակվում էր երկար ժամանակ։ 
Վերջապես այսօր հասկացել ենք, որ մեզ ամենուր և ամեն ինչում որակ է պետք, բարձր ՈՐԱԿ՝ մեր իսկ անվտանգության համար (լինի դա սնունդ, թե շինություն), և այդ որակի գլխավոր նախապայմանն էլ... կարգապահությունն է։ Ճիշտ է, այսօր էլ կան ՙաճպարարներ՚, ովքեր (ասենք, շինարարության մեջ, հատկապես մասնավոր հատվածում)) ծուռումուռ պատերը դզում-հարթեցնում են՝ վրան քաշելով պլաստիկե  կամ արհեստական մեկ այլ շինանյութ։
Բայց, բարեբախտաբար, դա քանի գնում, նվազում է։
Այսօր վերջապես հասկացել, ավելի ճիշտ՝ ըմբռնել ենք, որ, ասենք, վատորակ շենքում ապրելով՝ կամովին մեր վիզը դնում ենք գիլյոտինի տակ։