[ARM]     [RUS]     [ENG]

ԿՆՈՋ ԴԵՐԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

35880.jpgԻնչո՞ւ իմ ամուսինը մյուսների պես հաջողակ չէ: Ինչո՞ւ նա չի կարողանում մեր ընտանիքի կարիքները հոգալ այնպես, ինչպես հարևանուհուս ամուսինը: Ինչո՞ւ ամուսինս բավականաչափ ինքնավստահ չէ շրջապատում: Ծանոթությանս սկզբնական շրջանում նա ավելի խիզախ, համարձակ ու նպատակասլաց էր թվում, իսկ հիմա՝ ոչ: 
 Իսկ այսօր, աշխատանքից հետո, հանգիստ  պառկում է բազմոցին, նստում   հեռուստացույցի կամ համակարգչի առաջ: Չի զբաղվում կենցաղային խնդիրներով, երեխաների դաստիարակությամբ: Ահա նմանատիպ հարցերն են այսօր հուզում մեծ թվով կանանց, չնայած ոմանք այսպես մտածում են, բայց չեն համարձակվում  խոստովանել: 
Ցավոք,  մեծամասամբ կանայք մոռանում են, որ ամուսնությունը պսակադրությունից հետո կանգ չի առնում:  Ոմանք համոզված են, որ ամուսնությունից հետո սերը երկրորդական պլան է մղվում, կամ, երբեմն, նույնիսկ,  չքանում: Մինչդեռ սերը նույնպես ունի զարգացում: Իրականում մահանում է ոչ թե սերը, այլ սիրահարվածությունը: Սրանք տարբեր հասկացություններ են: Եթե սիրահարվածությունը ժամանակավոր ու անկայուն զգացմունք է, ապա սերը՝ ոչ: Սիրում են նրան, ում լավ են ճանաչում, ընդունում տվյալ մարդու բոլոր դրական և բացասական գծերը: Սա բնավ չի նշանակում, որ պետք է համաձայնվել թերությունների հետ ու երբեք չմատնանշել: Ուղղակի դիմացինի թերությունները շտկել ցանկացող անձը պետք է գիտակցի, որ նախևառաջ ինքը պետք է  փոխվի: Ուստի, եթե կինը համոզված է, որ իր ամուսինը տարիների ընթացքում հետընթաց է ապրել, պետք է կռահի, որ շատ հնարավոր է, որ նույնը կատարվում է նաև իր հետ: Ինքնավերլուծությունն ու ինքնադաստիարակությունը երբեք ոչ ոքի չես խանգարել: Եթե կինն ամուսնուց փոփոխություն է պահանջում, բայց ինքնադաստիարակության համար մատն անգամ չի շարժում, ապա, ինչպես ասում են, ՙսայլը տեղից չի շարժվի՚: 
Ամուսնու  թերությունները չպետք է ընկալվեն  որպես նրա անձի անքակտելի մաս: Թերությունների պատճառով չարժե վատ վերաբերվել մարդուն, քանզի դրանք հաղթահարելի են համատեղ ուժերով, իսկ ահա հուզական վերաբերմունքն արհամարհանքի և անարգանքի ձևով փոխելը հազիվ թե հնարավոր լինի: Ամուսնու հանդեպ հիասթափությունն ու սառնությունը ժամանակի ընթացքում կվերածվեն մեծ ձնագնդի, որից ձերբազատվելն այլևս անհնար կլինի: Սովորաբար կանայք են իրենց վրա վերցնում բոլոր գործերը՝ չվստահելով ամուսնուն, հաճախ նաև վեճերի մեջ մեղադրելով նրան  անտարբերության ու անգործության համար: Արդյունքում՝ ամուսինը դադարում է մտահոգվել կենցաղային հարցերով: Չէ՞ որ դրանց մասին հոգացող կա: Այսպիսի կանայք նույնիսկ արտաքնապես նմանվում են տղամարդկանց, դառնում կոշտ ու կոպիտ, զուրկ կանացի հմայքից, նրբությունից, ձեռք են բերում բնավորության տղամարդկային գծեր, փոխվում են նաև բառապաշարը, շարժուձևը։ Բնականաբար, այս փոփոխությունները չեն կարող հիացմունք առաջացնել  ամուսնու մոտ: Այսպիսի կանայք, ցավոք, այնքան շատ են մեր միջավայրում, որ հասարակությունն արդեն դադարել է գնահատել իրական կանացիությունը, երբեմն այն համարելով չափից դուրս կոկետություն: Այսօր  իդեալական կնոջ կերպարը սերտորեն զուգորդվում է տղամարդկային հագուկապի, կեցվածքի, խիզախ պահվածքի, սպորտային կազմվածքի հետ: Ժամանակակից կինը  ծխում է, ավտոմեքենա  է վարում, ղեկավարում տարբեր ոլորտներ: Իհարկե, կինն էլ կարող է հիանալի ղեկավարել, բայց դա պետք է համատեղվի նրա բնական կանացիության հետ: Ժամանակի հետ մոռացության է մատնվում, թե ինչպիսին պետք է լինի կինը, նրա դերն ու դիրքը սոցիումում և ընտանիքում: Բնականաբար, վերոնշյալ կանանց մոտ ամուսիններն այնքան էլ չեն ցանկանում դրսևորել իրենց տղամարդկային որակներն ու  կենցաղում կատարել  իրենց պարտականությունները: 
Իրական կինը, որին այսօր, ցավոք, հազվագյուտ ենք հանդիպում, զարմանում ու հիանում է իր ամուսնու ամենափոքր իսկ հաջողություններով, կարևորում է նրա տեղն ու դիրքը ընտանիքում, հաշվի նստում  կարծիքի հետ:  
Իհարկե, ամեն ինչ փոխելու համար նախ ցանկություն է պետք, որից հետո՝ տևական աշխատանք: Չէ՞ որ ամեն ինչ փչացնելու համար  բավական ժամանակ էր պետք: Ուստի վերականգնման համար շատ ավելի մեծ ջանք ու եռանդ է անհրաժեշտ: Դժվարությունների հանդիպելով՝ չպետք է հիասթափվել ու հանձնվել, ամեն ինչ կհարթվի ժամանակի ընթացքում: Որքան կինը կանացի դառնա, այնքան ամուսինը ձեռք կբերի տղամարդկային գծեր: Շատ բան, փաստորեն, կախված է կնոջից, որը հաճախ իր իմաստությունն օգտագործելու փոխարեն ստանձնում է տղամարդու դերը: 
 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան