[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՋՈՒՐ, ՄՍԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Վարդաձոր գյուղի ճակատագիրը մեծապես կապված է  Կաշենի (Մարտակերտի շրջան) հանքավայրի շահագործման հետ։ Մինչև անգամ խոսք է գնում գյուղի  տեղափոխման մասին։  Թե օրակարգում ինչ ունի համայնքը և ինչ խնդիրների առաջ է այսօր կանգնած, մեզ հետ կիսվեց Նելսոն ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով ղեկավարում է համայնքը՝ սկսած 1998 թվականից։
-Եվ այսպես, պարոն Դանիելյան, նախ սկսենք ամենակարևոր հարցից. արդյո՞ք բնակավայրի տեղահանման հարց կա օրակարգում։
- Բնակավայրի տեղահանման հարցն օրակարգից հանված է, սանիտարական գոտում հայտնվել է  գյուղի ընդամենը 7 տուն, տեղափոխվում են միայն այդ 7 տների բնակիչները։ Մի ընտանիք փոխհատուցված գումարով շրջկենտրոնում տուն է ձեռք բերել ու տեղափոխվում է այնտեղ։ Մյուսների համար երկհարկանի տներ են կառուցվում գյուղում,  5 տուն արդեն կառուցվել է։  Մեկ ընտանիք նույնպես  նախընտրել է համարժեք գումարը։ Համայնքի տարածքից 647 հա հողատարածք է հայտնվել սանիտարական գոտում, սեփականատերերը համապատասխան փոխհատուցում են ստացել հեկտարի դիմաց 1 մլն 320 հազար դրամի չափով։ 
- Հանքի շահագործումը վնասակար ազդեցություն չի՞ ունենա բնակիչների առողջության վրա։ 
- Այդ հարցերը բարձրացվել են, քննարկումների ժամանակ ներկա էին մասնագետներ ՀՀ  բնապահպանության  պետական տեսչությունից, ովքեր հավաստիացրել են, որ ոչ մի վտանգ չկա, սահմանված 300 մետր հեռավորության փոխարեն պահպանվում է 500-ը։ Հույս ունենանք, որ բնակիչներն այդ առումով չեն տուժի։
-  Ինչպե՞ս կարելի է որակել 2013 թվականը համայնքի համար։
- Ընդհանուր առմամբ գոհ ենք անցած տնտեսական տարուց։ Հանքավայրի շահագործմամբ պայմանավորված՝ գյուղի բնակիչներն արդեն աշխատանք ունեն, գործազրկության հարցը լուծվել է։ Փոխհատուցմամբ ստացած գումարներով որոշակի խնդիրներ են լուծվել (թեկուզ այլևս հողատեր չեն)։ 
Գյուղում տնտեսական ծրագիր է իրականացնում նաև ՙՎերածնված հայրենիք՚ հասարակական կազմակերպությունը, որը սոցիալապես անապահով ընտանիքներին խոշոր եղջերավոր անասուններ է տրամադրում, սա էլ իր հերթին մեծ օգնություն է գյուղացիների համար։ 
- Իսկ ո՞րը կառանձնացնեիք համայնքի առջև ծառացած խնդիրներից։
- Ամենամեծ ու կենսական հարցը ջրի խնդիրն է, տարեցտարի ջրային պաշարները պակասեցին, և այսօր կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ։ Բնակիչները ապահովված չեն ոչ խմելու ու ոչ էլ ոռոգման ջրով։ Հարցի միակ լուծումը օրվա դրությամբ արտեզյան ջրհորի փորումն է, որն էլ կապված է մեծ գումարների հետ։ Հաջորդը գյուղացիների համար մսի իրացումն է։ Համայնքի բնակիչների մեծ մասն այսօր զբաղվում է անասնապահությամբ (ունենք 220 խոշոր և 300 մանր եղջերավոր անասուններ),  սակայն այն գինը, որ տալիս է մսամթերման կայանը, ձեռնտու չէ գյուղացուն։ Ներկա դրությամբ գյուղում մորթի ենթակա բավական թվով անասուններ կան, բայց սպանդը չեն իրականացնում, հույսով, որ գները կարող են բարձրանալ։ 
Երիտասարդության համար ժամանցի վայր չունենք, դպրոցից մի սենյակ ենք տրամադրել որպես ակումբ։ Գյուղի բնակիչները դժգոհ են ինտերնետային կապի որակից։ Համացանցին միանում են լիցքավորման եղանակով, որը մի կողմից շատ թույլ է, մյուս կողմից՝ թանկ։ 
Ինչպես շատ գյուղերում, մեզ մոտ ևս մեծ խնդիր է դարձել երիտասարդների ամուսնության հարցը՝ պայմանավորված  բնակարանների բացակայությամբ։ Երեսունն անց երիտասարդներ ունենք, որոնք ամուսնացած չեն, իսկ գյուղի իննամյա հիմնական դպրոցում ընդամենը 11 աշակերտ է սովորում, որից 6-ը՝ մի ընտանիքից. աստված մի արասցե, եթե այդ  ընտանիքը տեղափոխվի գյուղից, դպրոցը կփակվի։ 
Իսկ  2014 թվականից ամենափայփայած ակնկալիքը արտեզյան ջրհորի հարցի լուծումը կլինի, որին սպասում ենք անհամբերությամբ։ 
 
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ