[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

USD_1.jpgՄեր ժամանակներում կեղծվում է ամեն ինչ՝ սկսած սպիրտային խմիչքներից ու հանքային ջրերից, վերջացրած տարբեր սննդամթերքներով, սուրճով, շոկոլադով... Բայց, այնուհանդերձ, առավել շատ  կեղծվել և շարունակում է կեղծվել փողը. ամերիկյան դոլարը, հայկական դրամը, եվրոն... Նման դեպքեր, ավաղ, կան նաև մեզ մոտ և ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են։
Վերջին ժամանակներս մեր հանրապետությունում արձանագրվեցին դրամանենգության հերթական  փաստերը։ Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազության կայքէջից, 2014թ. փետրվարի 6-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության աշխատակիցները կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ Յուրի Երեմյանին և Քրիստինա Միրզոյանին։ Բերման ենթարկելու ժամանակ Յուրի Երեմյանը փորձել է ծամելու եղանակով ոչնչացնել իր մոտ գտնվող նույնացման միևնույն համարի 10000-անոց և 5000-անոց ՀՀ թղթադրամները, իսկ Քրիստինա Միրզոյանի անձնական խուզարկության ժամանակ ձեռքի պայուսակում հայտնաբերվել և վերցվել է թվով 50 հատ 1000-անոց և 10 հատ 5000-անոց ՀՀ թղթադրամներ։ Բացի այդ, Յու. Երեմյանի ժամանակավոր բնակության վայրի՝ Ստեփանակերտ քաղաքի Աբրահամյան 1 հասցեում գտնվող տան զննման ժամանակ հայտնաբերվել և վերցվել են վերջինիս պատկանող 26 հատ նույն համարի 5000-անոց և երկու հատ նույն համարի 5000-անոց ՀՀ թղթադրամներ։ 
Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քր. օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փողեր կամ արժեթեղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը)։ 
Նույն աղբյուրից ստացված մեկ այլ հաղորդագրության (տեղադրված փետրվարի 21-ին) համաձայն՝ 2014թ. փետրվարի 3-ին ժամը 13.30-ի սահմաններում նույն Յուրի Երեմյանը կեղծ փող իրացնելու նպատակով, Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի թիվ 82 հասցեում տեղակայված ՙՏարումյան՚ ԱՁ մթերային խանութում կեղծ 10000 ՀՀ թղթադրամով գնել է 380 դրամ գումարի արժողությամբ մեկ տուփ ՙԿինգ՚ տեսակի ծխախոտ ՝ դրանով իսկ իրացնելով նշված կեղծ թղթադրամը։ Նույն օրը՝ նույն ժամանակահատվածում Յու. Երեմյանը Զորգե փողոցի վրա գտնվող մեկ այլ՝ ՙԳևորգյան Կարմեն՚ ԱՁ-ի մթերային խանութում կեղծ 10000 ՀՀ դրամով գնել է ՙՄալբորո՚ տեսակի  մեկ տուփ ծխախոտ՝ դարձյալ իրացնելով կեղծ թղթադրամը։ Հաջորդ օրը՝ փետրվարի 4-ին, ժամը 13.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում նա կեղծ փող իրացնելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 52 հասցեում տեղակայված ՙՄուսայելյան՚ ԱՁ մթերային խանութում կեղծ 10000 դրամով գնել է ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ բջջային հեռախոսահամար լիցքավորելու քարտ՝ դրանով իսկ իրացնելով նշված կեղծ թղթադրամը։       
Յու. Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ 
Ինչպիսի՞ իրավական կարգավորում ունի քաղաքացիներին կեղծ թղթադրամներ տալու հանգամանքը, ի՞նչ կարող է անել քաղաքացին, եթե նրան կեղծ թղթադրամ են տվել։ Այս թեմայով հարցերին հանգամանալից պարզաբանումներ է տվել ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանն՝ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 
Գլխավոր դատախազի խոսքերով՝ դրամանենգության դեպքեր հանրապետությունում գրանցվել են նաև անցյալ տարի։ Իսկ այս տարի փետրվարին արձանագրված դեպքերը բացահայտվել են։ Ինչ վերաբերում է բնակչության կեղծիքներից պաշտպանվելու խնդրին՝ Ա. Ղարամյանն ասաց. ՙԵթե քաղաքացուն որևէ տեղ թղթադրամ են տվել, և նա կասկածում է, որ դա կեղծ է, պետք է իսկույն իրազեկի ոստիկանությանը։ Իրենց հերթին իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն՝ կեղծիքը բացահայտելու համար։ Եթե փորձաքննությունը պարզում է, որ թղթադրամը կեղծ է, հարուցվում է քրեական գործ, կատարվում նախաքննություն՚։ 
Գլխավոր դատախազն ասաց, որ վերոնշյալ դեպքերի ժամանակ կեղծ թղթադրամներ իրացնողները ՀՀ բնակիչներ են, ովքեր հյուրի կարգավիճակով գալիս և առևտրային գործարքների միջոցով նման խարդախություններ են կատարում։ Նրա համոզմամբ՝ դրամանենգության դեպքերը մեր հանրապետությունում զանգվածային բնույթ չեն կրում. ոլորտում արտառոց կամ մեծ խարդախություններ առ այսօր չեն արձանագրվել։ 
Այսուհանդերձ՝ ինչպե՞ս խուսափել կեղծ և անվճարունակ թղթադրամներից։ Արդյոք հնարավո՞ր է առանց հատուկ սարքավորման տարբերել կեղծը իսկականից։ Այս և շատերին հուզող նման հարցերի սպառիչ պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցինք ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ գլխավոր գանձապետ Սլավիկ Մկրտչյանին։ Վերջինս երկու կեղծ 10000-անոց թղթադրամները համեմատելով իսկականի հետ՝ մեկնաբանեց դրանց տարբերությունները։ 
Հայկական թղթադրամն ունի պաշտպանական հատկանիշներ, որոնք սպառողին թույլ են տալիս ճանաչել դրամի բնօրինակը։ Դրանք են՝ ջրանիշը, պաշտպանված եզրագիծը, պաշտպանական մանրաթելերը, անհատական համարանիշը, թափանցիկ պատկերը, շոշափելի ներկի շերտը, թաքնված պատկերը, ինչպես նաև՝ մանրատառաշարը և այլն։
Ս. Մկրտչյանի խոսքերով՝ պաշտպանական հատկանիշները թղթադրամի այն բաղադրիչներն են, որոնք պաշտպանում են թղթադրամն արտաքին միջավայրի ազդեցությունից՝ պատռվելուց, աղտոտվելուց, խոնավությունից, գունաթափումից և այլն, խոչընդոտում են դրա կեղծումը և հեշտացնում ճանաչելիությունն՝ ինչպես անզեն աչքով, այնպես էլ հատուկ սարքերի միջոցով։ Կեղծ դրամն իսկականից տարբերելու համար պարզապես պետք է ուշադրություն դարձնել թղթադրամի գույնին, դրա վրա առկա դետալներին և այլ մանրամասների։ Դիմերեսներին զետեղված բոլոր դիմանկարները և որոշ այլ պատկերներ տպագրված են շոշափելի ներկի շերտով, որի ռելիեֆն  զգացվում է մատների ծայրով շոշափելիս (ձեռքով շոշափելիս իսկական թղթադրամը փոքր-ինչ կոշտ է)։ Վերջինիս դիմերեսին և դարձերեսին տպագրված մասնիկները լուսընդդեմ դիտելիս՝ մեծ ճշտությամբ համընկնում են և, լրացնելով միմյանց, կազմում են միասնական պատկեր։ Կեղծերի վրա այս մասնիկները հիմնականում չեն համընկնում և ՙվառվում են՚ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո։ Իսկական փողերը՝ դրամ լինի թե դոլար, կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, իսկ կեղծվածները դրանք անդրադարձնում են։ Բացի այդ, իսկական փողերի պաշտպանիչ ներգիծը (ՙսպիրալ՚) շատ ավելի պարզորոշ է։ 
ՙՍրանք հիմնականում այն պաշտպանական հատկանիշներն են, որոնք հեշտությամբ ստուգվում են անզեն աչքով՝ առանց սարքավորումների օգնության,- ասաց Ս.Մկրտչյանը։- Ու երբեք չպետք է բավարարվել միայն մեկ հատկանիշի առկայության մեջ համոզվելով։ Անհրաժեշտ է ստուգել բոլոր, գոնե 3-4 հատկանիշներ՝ հոլոգրամ, ջրանիշ, պաշտպանական ներգիծ, գունափոխվող հատված և այլն։ Որովհետև հնարավոր է, որ դրամանենգը ճգնել է առավել աչքի ընկնող հատկանիշը վարպետորեն կեղծելու վրա։ Իսկ եթե, այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ հայտնվել են կեղծ թղթադրամներ, պետք է դրանք ներկայացնել բանկ, որտեղ անվճար կորոշեն դրանց իսկությունը և վճարունակությունը։ Եթե դրամանիշը կեղծ է, ապա այն ենթակա չէ փոխանակման և պետք է հանձնվի ոստիկանությանը՚։
Մինչդեռ մետաղադրամների դեպքում կեղծիքը բացահայտելն ավելի բարդ է. կարելի է միայն ձեռքով շոշափել ու ավելի ուշադիր զննել մետաղադրամի երիզը։ Դրանում համոզվեցինք 500-դրամանոց կեղծ մետաղադրամն ՙԱրցախբանկում՚ ուսումնասիրելիս, չնայած, գլխավոր գանձապետի հավաստմամբ՝ մետաղե դրամանիշերը կեղծելը ձեռնտու չէ դրամանենգներին և հազվադեպ են պատահում նման դեպքերը։ 
Փորձագետների հավաստմամբ՝ վերջին մի քանի տարիներին ՀՀ բանկային համակարգում հայտնաբերված կեղծ թղթադրամների թիվը նվազման միտում ունի։ Քիչ թե շատ որակյալ կեղծ թղթադրամները պատրաստվում են տպագրական եղանակով, ինչի համար դրամանենգները հաճախ գործածում են ինքնաշեն կամ գործարանային հաստոցներ։ Բայց դրանք նույնպես նկատելիորեն տարբերվում են իսկականներից։ Անզեն աչքի համար տեսանելի առաջին տարբերությունը տպագրության ուռուցիկության բացակայությունն է կեղծ թղթադրամների վրա, այսինքն՝ թուղթը հարթ է։ 
Հայկական թղթադրամները ներկայումս, ըստ միջազգային չափորոշիչների, բավական լավ են պաշտպանված և մշտապես կատարելագործվում են։ Սակայն դրամանենգության դեմ պայքարի գործընթացին պետք է մասնակցի նաև բնակչությունը՝ ուշադրություն դարձնելով իր մոտ գտնվող դրամին, համագործակցելով բանկերի և իրավապահ մարմինների հետ՝ դրանով իսկ բացառելով կեղծ դրամանիշերի շրջանառությունը, ասաց իմ զրուցակիցը։   
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ