[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ՀԿ-Ն՝ ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Taron.jpg2006 թվականից Արցախում գործում է ՙՎերածնված հայրենիք՚ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է ԼՂՀ բնակավայրերում իրականացնել սոցիալ¬տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրեր, նպաստել մարդու իրավունքների արդարացի պաշտպանությանը, քաղաքացիական հասարակարգի ձևավորմանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը, մշակել ու իրագործել բնապահպանական ծրագրեր և այլն։ 
Անցած ութ տարիների ընթացքում կազմակերպությունն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններում և իր աջակցությունն է ցուցաբերել  մեկ հարյուրից ավելի ընտանիքների։ Կատարված  աշխատանքների, ձեռքբերումների մասին  զրուցեցինք  կազմակերպության նախագահ Տարոն ՀԱԿՈԲՅԱՆԻ  հետ։
-Պարոն Հակոբյան, թե ինչպե՞ս ծնվեց մտահղացումը և ինչպես սկսվեցին աշխատանքները։
- Այս ուղղությամբ մտածել ստիպեց մեր գյուղերի սոցիալապես անկայուն վիճակը, ինչն էլ իր հերթին  պատճառ է դառնում բնակիչների արտահոսքի ու արդյունքում հանգեցնում գյուղերի ծերացման։ Հստակ է, որ գյուղում ապրելու համար գյուղացին պետք է կապվածություն ունենա, իսկ այդ կապվածությունը հաճախ առաջ է գալիս գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ Ճակատագրի բերումով մտահոգություններս ու ինչ¬որ օգտակար բան անելու հնարավորությունները համընկան։  Ծանոթացա ՙՀեյֆեր՚ (ինչը թարգմանաբար նշանակում է երինջ) միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենի՝ Անահիտ Ղազանչյանի հետ. կառույցն  Արցախում սոցիալ¬տնտեսական ծրագիր իրականացնելու նպատակ ուներ։ Ու 2006-ին սկսեցինք մեր մեկնարկային ծրագիրը ՙՀեյֆեր՚ կազմակերպության ու ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ մեկտեղ։ Ծրագիրն սկսել ենք Մարտակերտի շրջանի 4 գյուղերում, նրա մեջ նախապես ներառել   58 ընտանիք։
Սկսած 2009 թվականից, նույն ծրագրով սկսել ենք համագործակցել հայաստանյան ՙԶարգացման սկզբունքներ՚ ՀԿ և ֆրանսիական ՙՖերմերներ առանց սահմանների՚ միջազգային կազմակերպությունների հետ։ Այս երկրորդ փուլում ընտրվել են Մարտունու շրջանի գյուղերը, մասնավորապես Աշան, Հացի,  Ավդուռ, Մյուրիշեն և Կաղարծի։ Շարունակվել են աշխատանքները Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ, Շահմասուր և Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղերում։ 
Սկսած 2013 թվականից ՙԱմերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն՚ կազմակերպության առաջարկությամբ և, իհարկե, ՙԶարգացման սկզբունքներ՚ ՀԿ-ի հետ համատեղ ծրագիր ենք սկսել իրականացնել Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ Ծրագրից օգտվում է 15 ընտանիք։
 Ընդհանուր առմամբ ծրագրի մեջ ներգրավված են 134 ընտանիքներ։
- Կոնկրետ ինչպե՞ս են իրականացվում այդ աշխատանքները և որո՞նք  են ՙթիրախները՚։
- ՙԹիրախներ՚ ընտրվում են կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներով, շեշտը հիմնականում դրվում է երիտասարդ, անապահով ու բազմազավակ ընտանիքների վրա։  Նախանշված ընտանիքներին երեք տարով կով է տրամադրվում՝ պարտավորությամբ, որ 3 տարի հետո շահառուն պետք է կազմակերպությանը  հղի վիճակում առաջին սերնդի մի երինջ փոխանցի, որը տրամադրվում է արդեն մեկ այլ ընտանիքի։ Ու այսպես՝ շրջանառության սկզբունքով  արդեն ութ տարի իրականացնում ենք սույն ծրագիրը։
- Կազմակերպության կողմից այդ երեք տարվա ընթացքում վերահսկողություն իրականացվո՞ւմ է, թե ոչ։
¬Միանշանակ, ու ավելի շատ ոչ թե վերահսկողություն է իրականացվում, այլ շարունակում ենք աջակցությունը, որն արտահայտվում է   հիմնականում անասունների համար դեղորայքի և ձրի անասնաբուժական ծառայությունների մատուցմամբ։ Անասունների ցեղատեսակի որակի բարձրացման նպատակով կատարվում են արհեստական բեղմնավորումներ։ Նշեմ, որ կազմակերպությունն ունի իր անասնաբույժները, ովքեր հատուկ վերապատրաստում են անցել։ 
Ուզում եմ հավելել նաև, որ կազմակերպության առանցքային նպատակներից մեկն էլ հանդիսանում է  անասնապահության նոր մշակույթի ձևավորումն  Արցախում։ Այդ նպատակով կազմակերպվում են դասընթացներ անասնաբուծության, անասունների պահվածքի, արդի անասնաբուժական խնդիրների վերաբերյալ։
 
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ