[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Մեր հասարակության մի ստվար  հատվածի մոտ այն տեսակետն է արմատավորված, թե իբր, երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին  հալածում,  տուգանում    կամ դատում են,  այդ ամենով նրանք իրենց հավատացյալների շրջանում ՙսրբանում են՚, արժանամում հարգանքի ու պատվի: Ուստի նրանց նկատմամբ պետք է զգուշավոր լինել։ 
Նման տեսակետը ոչ միայն անընդունելի է, այլեւ՝  իրավական եւ բարոյահոգեբանական տեսանկյունից`   վտանգավոր: Ինչո՞ւ:   Հենց այն պարզ պատճառով, որ աղանդավորները եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, խախտելով Արցախում գործող օրենքները, ոտնահարում են բնակչության բացարձակ մեծամասնության իրավունքներն ու մնում անպատիժ: Բայց չէ՞  որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, ի՞նչ կապ ունի`  օրենքը աղանդավորն է խախտում, թե այլ քաղաքացի: Գուսան  Ջիվանու խոսքերով`  ՙԽեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով բանտի մեջ է փտել, խելքի՜ աշեցեք՚, իսկ մարդիկ, ովքեր գիտակցաբար հարյուրավոր մարդկանց են մոլորեցնում,  զբաղվում հոգեորսությամբ (դավանաորսությամբ), անօրեն կրոնական քարոզչությամբ, մարդկանց դեմ կիրառում են հոգեբանական ազդեցության արգելված միջոցներ,  նրանց նկատմամբ պետք է զգուշավո՞ր լինենք:
     Հարցը դիտարկենք նաեւ հոգեւոր տեսանկյունից:
Խղճի ազատությունից օգտվելն ու ցանկացած կրոն ազատ դավանելը մարդու եւ քաղաքացու իրավունքն է: Հարց  է ծագում. ՙՈրտեղի՞ց է վերցվել խղճի ազատության գաղափարը եւ, ընդհանրապես, ո՞վ է մարդուն  ազատ կամք տվել՚: Եթե մարդ գտնում է, որ ազատություններն իրեն տրվել են ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՚, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ այլ  հռչակագրերի, օրենքների, փաստաթղթերի եւ ԼՂՀ Սահմանադրության միջոցով, ապա պետք է որ նա ծանոթ լինի նաեւ նույն փաստաթղթերով իրեն ՙվերապահված՚ պարտականություններին եւ սահմանափակումներին: Իսկ դրանք նույնքան պարզ ու հստակ են գրված, որքան՝ հիշատակումներն ազատությունների մասին: Պարզապես, պետք է ենթարկվել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ես կամ հյուր ես գնացել: 
Կարծում եմ՝ ցանկացած քրիստոնյա մարդ  կհասկանա, որ իրավունք չունի խախտելու Արցախում գործող օրենքները, իսկ իշխանավորները, ովքեր հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, պարտավոր են կատարել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով պատժելով օրինազանցներին: 
Հետաքրքիրն այն է, որ մեր պարագայում բոլոր օրինախախտներն իրենց քրիստոնյաներ են համարում, իսկ իշխանավորների բացարձակ մեծամասնությունը եւս քրիստոնյաներ են: Հետեւաբար,  օրինազանց հավատացյալների նկատմամբ պետք է ոչ թե զգուշավորություն  ցուցաբերել, դրանով  իսկ խտրականություն դնելով հասարակության մյուս անդամների նկատմամբ, այլ կիրառել օրենքը` իր տառին ու բառին համապատասխան: 
Այ, հիմա զգուշավորությամբ մի հարց բարձրացնենք.  ինչո՞ւ  մեր  հանրապետությունում գործող   աղանդավորական խմբերից եւ ոչ մեկը պետական գրանցում չի ստացել, մի՞թե դա աշխարհիկ կամ հոգեւոր այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից է գալիս:
Հարցին մոտենանք տեսականորեն: Կրոնական  միավորումների գրանցման հարցում հնարավոր է երեք մոտեցում. առաջին՝ պետականորեն գրանցել միայն Հայ Առաքելական Եկեղեցին, երկրորդ՝ չգրանցել եւ ոչ մի եկեղեցի (վրացական տարբերակ) եւ երրորդ՝ գրանցել այն կրոնական միավորումներին, որոնք առաջնորդվում   են Արցախի Հանրապետությում գործող օրենքներով եւ կատարում են դրանց  պահանջները: 
Արցախի Հանրապետության  շահագրգիռ ատյաններում երկարատեւ քննարկումներից հետո ընդունվել է երրորդ տարբերակը: Այն համահունչ է ԼՂՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին: 
Արցախում պետական գրանցում են ստացել ՙՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմ՚, ՙԱրցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի՚, ՙԱրցախի Հայ Ավետարանական Եկեղեցի՚, ՙԱրցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի՚, ՙՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Եկեղեցասիրաց Եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպությունները: Մնացած կրոնական միավորումները՝ ՙԵհովայի վկաները՚, ՙԱրթնության կրակը՚, ՙՅոթերորդ օրվա ադվենտիստները՚, ՙԱվետարանական քրիստոնյա բապտիստները՚, ՙՌեման՚, ինչպես նաեւ որոշ ՙտնային եկեղեցիներ՚   պետական գրանցում չեն ստացել։ 
Պատճառը շատ պարզ է՝ որովհետեւ նրանց գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը,  հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները: 
ՙԵհովայի վկաները՚ պետական գրանցման մերժումը բողոքարկել են մինչեւ ԼՂՀ Գերագույն դատարան, վերջում էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (2010թ. սեպտեմբերի 17): Տարբեր ատյանի դատարաններում ապացուցվել են նրանց գործունեության վերաբերյալ վերը նշված մեղադրանքները: Նրանց չեն  կարողացել օգտակար լինել անգամ   աշխարհի տարբեր վայրերից հրավիրված եւ միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու փաստաբանները:  Սակայն առ այսօր էլ ՙԵհովայի վկաները՚  շարունակում են իրենց ՙավերածությունները՚  եւ հիմնականում մնում անպատիժ: 
ՙԱրթնության կրակ՚ կրոնական միավորումը պետական գրանցման մերժումը չի բողոքարկել. երեւի ՙԵհովայի վկաների՚ դառը փորձն աչքի առաջ է ունեցել, բայց նախկինի պես շարունակում է հավաքներ կազմակերպել ու մնալ անպատիժ: Կիրակնօրյա եւ այլ հավաքներն  ՙԱրթնության կրակը՚ կազմակերպում է Ստեփանակերտի հ.  3 դպրոցի անմիջական հարեւանությամբ`  Ազատամարտիկների 14 շենքի երկրորդ հարկում տեղակայված` Լեւոն Սարդարյանին պատկանող ԱՁ¬ի տարածքում: Այդ հավաքներն  անօրինական են եւ արգելված, քանի որ կրոնական միավորումը չունի պետական գրանցում: Հիմա հարց է առաջանում.  եթե տվյալ համայնքի քրիստոնյա հավատացյալները գիտակցաբար խախտում են Արցախի Հանրապետության օրենքները, նրանց առաջնորդները հարյուրավոր մարդկանց մոլորեցնում են,  կիրառում են հոգեբանական ազդեցության անթույլատրելի մեթոդներ, ապա իշխանության համապատասխան մարմիններն  ինչո՞ւ պիտի անտարբեր մնան կամ զգուշավոր լինեն, չէ՞ որ նրանք մեր հասարակության մի մասն են:
Հարկ է նշել, որ հանրության մեջ տարածված այն տեսակետը, թե աղանդների մեջ վտանգավորը ՙԵհովայի վկաներն՚ են, թյուրըմբռնում է:  Բոլոր աղանդավորներն էլ վտանգավոր են յուրովի: Բոլորն էլ ղեկավարվում են մեկ կենտրոնից, յուրաքանչյուր աղանդի  հատկացված է իր տեղն ու դերը: Պատկերավոր ասած, նրանց միասնական գործունեությունը նման է շեքսպիրյան մի ողբերգության, որտեղ կան բազմաթիվ   բացասական կերպարներ:  Պարզապես, մեկն իր գործելաոճով ու ցինիզմով մյուսներից տարբերվում է: Ողբերգությունը ճիշտ հասկանալու համար պետք է բացասական բոլոր  հերոսների խաղը ամբողջության մեջ դիտարկել:
 
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ  կառավարության աշխատակազմի ազգային  փոքրամասնությունների 
և կրոնի հարցեր բաժնի վարիչ