[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

IMG_0019_1_.JPGՔաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն ունեն նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ: ԱՄՆ-ում գործող ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամը գրեթե 10 տարի է, ինչ  ֆինանսական ու նյութական օժանդակություն է  ցուցաբերում նորաստեղծ շրջանին:  Վերջին տարիներին Հիմնադրամը հիմնականում ներդրում է կատարում բնակարանաշինության գործում:
Շրջանի հարավային Կովսական քաղաքում արդեն ավարտվել է սիրիահայերի համար կառուցվող 12¬բնակարանոց երկհարկանի շենքի կառուցումը: Այս շենքի կառուցման համար ներդրումներ են արել ԼՂՀ կառավարությունը, ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամը և այլք. մոտ 4 մլն դրամ հատկացրել է ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը: Ավելի մեծ է ներդրված գումարն Իշխանաձորում դարձյալ սիրիահայերի համար նախատեսած  10¬բնակարանոց շենքի կառուցման համար: Նույն գյուղում հիմնադրամի միջոցներով կառուցվել է միհարկանի բնակելի շենք 2 ընտանիքի համար: Մարտի 25-ին ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի ընդհանուր տնօրեն Անդրանիկ Գասպարյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Էդիկ Գրիգորյանը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ Կովսականում ու Իշխանաձորում ծանոթացան շինարարական աշխատանքներին, Իշխանաձորում ներկա եղան բնակարանամուտի: Կովսականում այցելեցին 12-բնակարանոց շենք, որտեղ ընթանում էին բնակարանների մաքրման և բակի բարեկարգման աշխատանքներ: Իշխանաձոր գյուղում դեռևս շարունակվում են 10-բնակարանոց երկհարկանի շենքի ներքին հարդարման աշխատանքները: Աշխղեկ Վահրիճ Գրիգորյանը վստահեցրեց, որ նախատեսած ժամկետում կավարտեն աշխատանքները: 
Հաջորդ կանգառը նորակառույց երկբնակարանոցի մոտ էր: Այստեղ էին Իշխանաձորի բնակիչներ, համայնքի ղեկավարը, հյուրեր: Եկել էին՝ ներկա գտնվելու բնակարանամուտի: Ինչ խոսք, շատ հաճելի է՝ Քաշաթաղի շրջանում մասնակիցը լինել նման իրադարձության: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՙԹուֆենկյան՚ բարեգործականին, նրա ղեկավարությանը՝ շրջանի կայացման գործում ունեցած ներդրումների համար:  Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ընթերցեց շրջվարչակազմի ղեկավարի կարգադրությունը՝ ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի ընդհանուր տնօրեն Անդրանիկ Գասպարյանին և Արցախի գրասենյակի պատասխանատու Էդիկ Գրիգորյանին շնորհակալագրով պարգևատրելու մասին: Այնուհետև Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը բնակարանների բանալիները հանձնեց տերերին՝ Անդրանիկ Ասադյանին և սիրիահայ Սեպուհին:  Անդրանիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենց ծրագիրը շրջանում լինելու է շարունակական: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շնորհավորելով  նորաբնակներին, ասաց, որ  Հիմնադրամը հետագայում Կովսականում նորակառույց շենքի նկուղային հարկը ձևափոխելու  է որպես մարզադահլիճ, իսկ Իշխանաձորում նորոգելու է բուժկետը, կառուցելու ևս մեկ բնակելի առանձնատուն: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր