[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

lena.jpgՀայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների շուրջ զրուցեցինք ՙՍիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոն՚ ՀԿ-ի նախագահ Լենա ՀԱԼԱՋՅԱՆԻ հետ։
-Տիկին  Հալաջյան, սիրիական ճգնաժամի հետևանքով քանի՞ սիրիահայ է տեղափոխվել Հայաստան և հիմնականում որտե՞ղ են նրանք հաստատվել։
-Վերջին տվյալներով՝ շուրջ 12 000 սիրիահայ է եկել Հայաստան։ Նրանց կեսը` մոտ 6000 հոգի, որպես կարիքավոր, գրանցված են  ՙՍիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոն՚ ՀԿ-ում և օգտվում են տարբեր ծրագրերից։ 2012թ.  տեղի ունեցավ դեպի Հայաստան սիրիահայերի ամենամեծ հոսքը, և նրանց խնդիրներով զբաղվող կառույցի ստեղծումը դարձավ անհրաժեշտություն։ Նույն թվականի հոկտեմբերին  Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց ՙՍիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոն՚ ՀԿ-ն, որին ամենատարբեր խնդիրներով դիմում են Հայաստանում գտնվող սիրիահայերը։ 2012 թվականից առայսօր տարբեր միջազգային և հայաստանյան կազմակերպությունների, ինչպես և Հայաստանում բնակվող անհատների աջակցությամբ իրականացվել է 45 ծրագիր, մի շարք կարևոր ծրագրեր էլ ընթացքի մեջ են։ Նշեմ, որ սիրիահայերի մեծ մասը հաստատվել է Երևանում, մի մասն էլ  Գյումրիում, Աբովյանում, Չարենցավանում,  Աշտարակում։
- Հայաստանում հաստատված սիրիահայերն ի՞նչ խնդիրների հանդիպեցին։
-Խնդիրները, որոնց բախվել և բախվում են սիրիահայերը, կապված են անձնագրերի ու վիզաների, կրթության` լեզվի և ուսման վճարների, առողջապահության, աշխատանքի և  բնակարանի հետ։ ՀՀ իշխանություններն, իհարկե, առաջին հերթին ձեռնամուխ եղան անձնագրային հարցերի լուծմանը։ Առողջապահության խնդիրը ևս կարելի է համարել լուծված. բոլորն արդեն գրանցվել են իրենց բնակության վայրերի պոլիկլինիկաներում և ստանում են  անհրաժեշտ բուժօգնությունը։ Թերևս, այստեղ խնդիրներ  են  առաջանում բարդ, թանկ վիրահատությունների դեպքում, որոնցից է սրտի ստենդավորումը։  Մոտ օրերս պետք է նման մի վիրահատություն արվի, որի գումարը հազիվ  է հավաքվել. մի մասը տրամադրել է Առողջապահության, մյուսը՝ Սփյուռքի նախարարությունները, մի քիչ ՀԿ-ներն են տրամադրել,  մի փոքր  մասն էլ հիվանդանոցն է զեղչ արել։  Զգալիորեն կարգավորվել է նաև կրթության հարցը, թեկուզ լիովին դեռ չի լուծվել։ Արդեն երրորդ փուլն է, որ  սիրիահայերի համար կազմակերպվում են արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ։ Բուհում սովորողների ուսման վճարների մեծ մասը մինչև հիմա փոխհատուցել է պետությունը, օժանդակել են նաև մի շարք կառույցներ, սակայն 25 տոկոսը, որն ուսանողը պետք է վճարի, ցավոք, չի ստացվում։ Այդ ամենով հանդերձ, կրթության հարցը` բնակարանի և աշխատանքի հետ համեմատած, ավելի բարվոք է։ Չենք կարող ժխտել` մեծ թվով սիրիահայերի տեղավորել ենք աշխատանքի։  Օրվա ընթացքում բազմաթիվ զանգեր ենք ընդունում գործատուներից, ովքեր տարբեր մասնագետներ են ուզում, ի դեպ, ամենապահանջվածը խոհարարներն ու արաբերենի մասնագետներն են։ Բնակարանի հարցը, թերևս, ամենադժվար լուծվողն է։ Չուրանանք, այդ առումով պետությունն արեց իրենից կախվածը.հողատարածք տրամադրեց, ծրագրեր կազմվեցին։ Իսկ ահա բնակարանաշինության հարցը ձգձգվեց։ Սիրիահայերի համար նախատեսված ՙՆոր Հալեպ՚ թաղամասն ի սկզբանե սոցիալական ծրագիր չէր։ Այն ընտանիքները, որոնք պիտի բնակարան ստանային այնտեղից, պարտավոր էին վճարել դրա արժեքի մի մասը։  Սակայն մի կողմից նրանց անվճարունակությունը (խնայողություններն արդեն սպառվել էին), մյուս կողմից էլ՝ ծրագրի հասցեին հնչած քննադատությունները` որպես ճոխ ծրագիր, թույլ չտվին, որ այն ավարտին հասցվի։ Մեր ՀԿ-ն հատուկ նամակով դիմել է սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին` մեկ աղյուսի չափով օգնելու խնդրանքով, սակայն, ցավոք, ոչ մի արձագանք չեղավ։ Այդուհանդերձ, մենք չենք նահանջում, ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը մինչև 2014թ. ավարտը կտրամադրի մոտ 400 ընտանիքի  բնակվարձ, սակայն դա ընդամենը խնդրի ժամանակավոր լուծում է։
-Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերի մի մասը Սիրիայում ուներ սեփական բիզնես։ Ինչո՞վ են զբաղվում հիմնականում այստեղ գտնվողները։
-Սիրիահայերը սկզբում աշխատանքի մասին չէին մտածում, քանի որ կարծում էին, թե ճգնաժամը շուտով կավարտվի և կվերադառնան` առավելևս, որ որոշ խնայողություններ էին բերել իրենց հետ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ճգնաժամը հեշտ լուծվողներից   չէ, ուրեմն՝ և անհրաժեշտ է աշխատել։ Նրանք, ովքեր սովոր էին Սիրիայի աշխատանքային պայմաններին, անակնկալի եկան  Հայաստանում`ցածր աշխատավարձի հետ կապված, բայց այլընտրանք չկար, հարմարվեցին։ Ինչ վերաբերում է գործարար սիրիահայերին, այո, քիչ չեն Հայաստան տեղափոխված խոշոր գործարարները, սակայն հարկային դաշտի առումով Սիրիայի և Հայաստանի անհամադրելիության պայմաններում նրանք դժվարանում են գործ սկսել այստեղ։ Այդ մարդկանց մեծ մասը նախընտրում է ունեցած գումարը որպես ավանդ ներդնել բանկում և ստանալ տոկոսներ, քան որևէ գործ սկսել։ Հայաստանում սեփական բիզնես սկսելուն խանգարում է նաև  տեղական հումքի բացակայությունը։  Թեկուզ ՀՀ կառավարությունը Սիրիայում արտադրամաս ունեցողներին հնարավորություն է տվել առանց մաքսատուրքերի Հայաստան տեղափոխել իրենց գույքը, սակայն այնտեղ ոչինչ չի մնացել, որ տեղափոխվի։ Չմոռանանք նշել, սակայն, որ փոքր ու միջին բիզնեսին զարկ տալու նպատակով պետությունը կազմակերպել է դասընթացներ, տրամադրել ցածր տոկոսադրույքով վարկեր։ Արդյունքում մոտ 110 փոքր բիզնես է հիմնվել։
-Ի՞նչ լուրեր ունեք քեսաբահայությունից։
-Երանի այն աղմուկը, որ բարձրացել է Քեսաբի շուրջ, առաջին օրից բարձրանար նաև Հալեպի շուրջ։ Քեսաբում կրկնվել է Հալեպի ճակատագիրը, երբ թուրքերը մտան, ասացինք` համարյա 1915 թվականն է։
Քեսաբից տեղահանված մեր հայրենակիցների մի մասն ապաստանել է Լիբանանի իրենց բարեկամների մոտ, մյուսները Լաթաքիայում են մնացել։ Վերջերս լավ լուրեր ստացանք, ըստ որի կառավարական զորքը առաջ է տարել իր դիրքերը, սակայն դա փոփոխական է։ Հալեպում էլ  բազմիցս նման դեպքեր եղան, բայց հակառակ կողմը միշտ էլ պատասխան քայլ է անում։
-Ձեր կարծիքով, դեռ ինչքա՞ն կշարունակվի ճգնաժամը։
-Ճգնաժամը կլուծվի միայն այն ժամանակ, երբ համաձայնության գան գերտերությունները։ Բայց հարց է, թե ինչ համաձայնություն ձեռք կբերվի։ Կարող է և ճգնաժամն ավարտվի, սակայն այնպիսի պայմաններ ստեղծվեն Սիրիայում, որ մեզ` հայերիս համար ընդհանրապես հարմար չլինի այնտեղ վերադառնալը։ Ամեն դեպքում, հստակ ոչինչ ասել հնարավոր չէ, ժամանակը ցույց կտա։ Բայց շատ ափսոս, քանի որ սիրիահայ համայնքը, որ միշտ  աչքի  է ընկել իր հայրենասիրությամբ ու աշխուժությամբ, այնտեղ` Հալեպում, մեծ կշիռ կունենար։
 
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
ք. Երևան