Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

MARDIYAN_SERGEI.jpgՀանրապետության բնակչությանը հուզող հիմնախնդիրների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում  հանրային տրանսպորտով  ուղևորափոխադրումների որակը, ինչի բարձացմանն ուղղված որոշակի ծրագրեր են իրականացվել վերջին տարիներին: 
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության  տրանսպորտի բաժնի պետ Սերգեյ ՄԱՐԴԻՅԱՆԻ տեղեկատվությամբ` այսօր տրանսպորտի ոլորտի գերակա խնդիրներն են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ապահովումը, ուղևորների սպասարկման որակի բարձրացումն ու հանրապետության ավտոմոբիլային պարկի թարմացումը: 
Նախարար Հակոբ Ղահրամանյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են երթուղիների սպասարկման մակարդակն ու ուղևորահոսքը, որոշ ոչ եկամտաբեր երթուղիներ ներկայացվել պետական սուբսիդավորման:  2010 թվականից  ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը: Ըստ Ս. Մարդիյանի` նախորդ տարվա և ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում կազմակերպվել են   ավտոբուսների համալրման և փոխարինման 6 մրցույթներ, որոնց ներկայացվել է 12 ավտոբուս:  Մրցույթների արդյունքում ավտոբուսային պարկը համալրվել է մեկ նոր և մեկ տեխնիկական բարվոք վիճակում գտնվող ավտոբուսներով:  Ուղևորափոխադրումների` փաթեթային համակարգի անցնելուց հետո  ձեռք է բերվել 30 ավտոբուս: Իրականացված բարեփոխումների արդյունքում ոլորտում լուրջ առաջընթաց կա. եթե 2007թ. սպասարկվում էր  147 բնակավայր, ապա այսօր հանրապետության 295 բնակավայրերից 209-ը  ապահովված է կանոնավոր հանրային տրանսպորտային կապով: Կանոնավոր ուղևորափոխադրումների 8 փաթեթների երթուղիների սպասարկման  մեջ  ընդգրկված է 92 երթուղի, որից 17¬ը ներշրջանային  են: Սպասարկումն իրականացվում է 90 փոխադրամիջոցներով: Ըստ Ս. Մարդիյանի` փաթեթային համակարգի առավելություններից է նաև եկամտաբեր երթուղիների հաշվին ոչ եկամտաբերների սպասարկումը:  Ներկա դրությամբ չի  սպասարկվում Մարտունու շրջանի համապատասխան փաթեթի 13 երթուղիներից  4-ը (հիմնականում` գիծը սպասարկելու համար մրցույթի հայտերի բացակայության  պատճառով): Չեն սպասարկվում նաև Սարգսաշեն-Ստեփանակերտ, Շեխեր-Մարտունի, Քերթ- Մարտունի և Քերթ-Ստեփանակերտ երթուղիները: Ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտում է նաև որոշ ճանապարհների անբարեկարգ վիճակը, որն ավելի է վատթարացել գարնանային հորդառատ տեղումների արդյունքում: Այդ պատճառաբանությամբ հունիսի սկզբից չի գործում նաև Թաղավարդ-Ստեփանակերտ և Խերխան, Ծովատեղ համայնքները մայրաքաղաքին կապող հանրային տրանսպորտային կապը:   Մեր զրուցակցի խոսքով` վերջին ամիսների ընթացքում քաղաքաշինության նախարարության և իրենց բաժնի մասնագետների համատեղ ուժերով ուսումնասիրվել է հանրապետական և համայնքային նշանակության 800 կմ ճանապարհ: Արդյունքում պարզվել է, որ 280 կմ ճանապարհների վրա ճանապարհաշինարարական աշխատանքների անհրաժեշտություն կա: Բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ կառավարության կողմից մայրուղուց հեռու գտնվող տարբեր համայնքների հատկացվել է ՙՈւԱԶ՚ մակնիշի 30 մարդատար ավտոմեքենա: Դրանով է պայմանավորված  նախորդ տարվա համեմատությամբ  կանոնավոր ուղևորափոխադրումներում ընգրկված սպասարկվող բնակավայրերի նվազումը (216-209): 2013 թվականին 84 կազմակերպության և անհատ ձեռնարկատերերի տրամադրվել են մարդատար տաքսի ավտոմոբիլներով կանոնավոր ուղևորափոխադրումներ  իրականացնող  նույնչափ արտոնագիր, իսկ (մարդատար ավտոբուսներով)  կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման համար՝ մեկ արտոնագիր։  Լիցենզիայի ներդիրներ է տրվել 113 մարդատար տաքսիների: 2014 թ. հինգ ամիսների ընթացքում` համապատասխանաբար 43 լիցենզիա և 58 ներդիրներ: Լիցենզիայի տրամադրման, տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև ներդիրների կրկնօրինակների տրամադրման համար պետական բյուջե է գանձվել 8381600 դրամ:
Չնայած տրանսպորտի բնագավառում կատարված աշխատանքներին, այնուամենայնիվ,  ոլորտը դեռևս հեռու է կարգավորված համարելուց: Տարիներ շարունակ ավտոկայանին հարող  տարածքում տարբեր մասնավոր ընկերությունների կողմից շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում թե՜ ուղևորների և թե  տրանսպորտային միջոցների համար: Ավտոկայանի տարածքն այսօր համարվում է համատեղ օգտագործման տարածք, ինչը թույլատրվել է դեռևս տարիներ առաջ: Ներկայում,  Ս. Մարդիյանի տեղեկացմամբ, ուղևորափոխադրումների շուրջ 30 տոկոսը տարածքի բացակայության պատճառով ավտոկայանից չի իրականացվում: Ասկերանի շրջանի երթուղիները սպասարկող մեքենաների մեծ մասը կայանված է Հաղթանակի հրապարակին հարող տարածքում: Այսօր կարծես վերջապես լուծվել է կենտրոնական ավտոկայանին առանձին տարածք տրամադրելու և ժամանակակից ու հարմարավետ շենք ունենալու հարցը. այն նախատեսված է  կառուցել մայրաքաղաքի մուտքի մոտ` ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշակոթողին մերձ հատվածում: Օրախնդիր է նաև շրջկենտրոններում պատշաճ ուղևորափոխադրումներ կազմակերպող ավտոկայանների շենքերի առկայության հարցը: Ըստ Ս. Մարդիյանի` ՙԿենտրոնական ավտոկայան՚ ՓԲԸ-ում նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել է ուղևորափոխադրումների ծավալը: Ստեփանակերտ-Երևան երթուղում այն կազմել է 94%, իսկ ՙԳլոբալ-Տրանս-Սերվիս՚ ՍՊԸ¬ի կողմից ապահովվել է նշված երթուղու ուղևորափոխադրումների միայն 47,9%-ը, այսինքն՝ 52 տոկոսն իրականացվում է հայաստանյան ՙՏիգրան՚ ՍՊԸ¬ի սպասարկմամբ: Այսօր  կենտրոնական ավտոկայանի ֆինանսական գործունեության վրա առանձնապես բացասաբար է անդրադառնում ՙՍուպերբաս՚ ՍՊԸ-ի անբավարար և ավտոկայանի տարածքում այլ անհատների  տրանսպորտային գործունեությունը: Այստեղ անելիքներ դեռ շատ կան` հիմնականում վերահսկողական գործառույթները խստացնելու և ստվերային երևույթները վերացնելու տեսանկյունից: Այսօրվա դրությամբ տրանսպորտի ոլորտի մասնագետներին անհրաժեշտ է հարկային տեսչության և ՃՈ մասնագետների գործուն աջակցությունը` համոզված է տրանսպորտի բաժնի պետը:
Տրանսպորտային տեսչությունն այսօր չունի փոխադրամիջոց, ինչը դժվարացնում է շրջաններում վերահսկողությունը: Ըստ Ս. Մարդիյանի՝ խնդիրը հնարավոր է լուծել նաև շրջվարչակազմերում ստեղծելով համապատասխան ծառայողի հաստիք: Չնայած դժվարություններին, տեսչությունն իր իրավասության սահմաններում ոլորտում վերահսկողություն է իրականացրել, որի արդյունքում արձանագրվել է թվով 262 խախտման դեպք, նշանակվել և վարվել են նույնքան վարչական վարույթներ (տաքսամոտորային ուղևորափոխադրումներում` 64, միջպետական, միջշրջանային և ներշրջանային ուղևորափոխադրումներում` 192, ներքաղաքային ուղևորափոխադրումներում` 6), նշանակվել է 2541000 դրամ վարչական տուգանք: Ստուգումներ է իրականցվել տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող 8 կազմակերպություններում, որի արդյունքում արձանագրվել է  36 խախտում, նշանակվել  114000 դրամ վարչական տուգանք: 
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տեխնիկայի պետական տեսչության հետ համատեղ կազմակերպվել է գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեքենա-մեխանիզմների վարման իրավունքի տրամադրման  5 քննություն, որոնց մասնակցել է 92 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ քննությունների թիվն ավելացել է 4-ով, իսկ դիմորդների թիվը` 83-ով: Տեսչության կողմից տրվել է 477 գրության պատասխան, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 190-ով:
Վերահսկողություն է կազմակերպվել կենտրոնական ավտոկայանի տարածքում, երթակարգավարական կետերում, ուղևորների ավանդական կուտակումների տեղերում, հանրապետության տարբեր մայրուղիներում, ԼՂՀ ԿԱ  ոստիկանության ճանապարհային 
 պահակակետերում, Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում: Ճանապարհային ոստիկանության, հարկային պետական ծառայության, քաղաքապետարանի և կենտրոնական ավտոկայանի աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվել են մասնագիտական-բացատրական միջոցառումներ  կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների և վարորդական կազմի հետ:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ