[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՅՌԱՓՈՐ ԲՆԱԿԱՏԵՂԻ-ԱՄՐՈՑ ՙԱՆՁԿԱՅՔ՚

sh2.jpgԳտնվում է Բարկուշատ (Որոտան) գետի ձախակողմյան Խնձորեկ վտակի ձախ ափին, Ալիղուլիշեն գյուղից 500-600մ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 775մ բարձրության վրա: Համաձայն Սյունյաց Հաբանդ գավառի գյուղանունների ցանկերից մեկի, ամրոց-բնակատեղիի մոտակայքում ներկայացված է Անձկայք անվամբ բնակավայրը, որն էլ (դատելով նաև անվանումից) հիմք հանդիսացավ վերը նշված ժայռափոր համալիրի անվանակոչման: 
Ժայռափոր բնակատեղին հարակից տարածքով կազմում է ավելի քան 1,7 հա (120 x 140մ): Եռանկյունաձեւ ժայռը վեր է ածվել ժայռափոր կացարանների` թշնամու հարձակման դեպքում ծառայելով նաև որպես ապահով ապաստարան: Այստեղ բնական ու արհեստականորեն ստեղծված քարանձավների թիվն անցնում է մեկ տասնյակից: Ինչպես հաղորդում են Ս. Ջալալյանցն ու Ղ. Ալիշանը Խնձորեսկ գյուղի քարանձավների նկարագրության մեջ, մարդիկ այդ անմատչելի ժայռափորերն են բարձրացել կաշեփոկերով, իրենց հետ տանելով նաև ջուր ու սննդամթերք: Վերին (մասնավորապես, երկու նշանավոր, անմատչելի) քարանձավները ներքուստ հիմնականում ծխացած-սևացած են, ունեն առանձին բաժանմունքներ և, ըստ էության, ծառայում էին որպես երկսենյակ կամ երեք սենյականոց կացարաններ: Այդուհանդերձ, քարանձավային համալիրում ուշագրավ է հատկապես ժայռափոր եկեղեցին` հարավահայաց ժայռի տակ: Դա իրենից ներկայացնում է մոտ 8,5 x 4մ միջին չափերի եւ մինչև 5մ բարձրության միանավ թաղակապ սրահ` կիսաշրջան ցածրիկ խորանով ու մկրտության ավազանով: Լուսավորվում էր մուտքի վերնամասում բացված երկու փոքր պատուհաններով: Ավելի ուշ, ստորին` մուտքից ձախ փլուզված ժայռը լրացվել է կոպտատաշ անշուք մի պատով և բացվել մեկ այլ պատուհան: Եկեղեցին դեկորատիվ հարդարանքներ չունի: 
Բացի քարանձավներից, բնակատեղին կառուցապատված է եղել պաշտպանական եռաշերտ գծով: Վիմափոր ժայռը հարավային կողմից, ավելի քան 10մ հեռավորությամբ շրջափակվել է 1,2մ հաստությամբ և մինչեւ 70-80մ երկարությամբ պարսպապատով, որի մնացորդներն ու առանձին հատվածները պահպանվում են մինչև 2-3մ բարձրությամբ: Երկրորդ շերտն անց է կացվել առաջինից մինչեւ 30մ հեռավորությամբ, շուրջ 100մ երկարությամբ, իսկ երրորդը` վերջինից 20-25մ հարավ, ձգվելով դրան զուգահեռ: Բնակատեղիով անցնում էր դեպի վեր` Խնձորեսկ տանող  սայլի հին ճանապարհը:
Տեղում իրականացված հետազոտության արդյունքում հանգել ենք այն հետևության, որ ՙԱնձկայք՚-ը գոյություն է ունեցել՝ սկսած վաղ միջնադարից, ընդհուպ մինչեւ նոր ժամանակներ, ամենայն հավանականությամբ` մինչև XVIII դ. կեսերը:
 
Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմաբան, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ