[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Ընդունված կարգ է` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ֆիզիոթերապևտիկ բաժանմունք ուղեգրված յուրաքանչյուր զինծառայողի սիրալիր դիմավորում են բուժքույրեր, ենթասպա Զարինե  Խաչատրյանն ու  շարքային-պայմանագրային Անուշ Գրիգորյանը: Այնուհետև բաժանմունքի պետ, մայոր Լիա Երիցյանը զննում է բուժօգնության խնդրանքով դիմածներին, իր եզրակացությունների ստուգման նպատակով հարցուփորձ անում և նշանակում համապատասխան բուժման կուրս:
 Ողջ ընթացքում բժշկուհին հետևում է հիվանդի առողջության բարելավմանը, անկեղծորեն ուրախանում դրական շարժընթացի համար: Բուժքույր Զարինե Խաչատրյանը պատրաստակամորեն օգտակար խորհուրդներ է տալիս հիվանդներին, անգամ բուժման կուրսից հետո հետաքրքրվում նրանց առողջությամբ, ինքնազգացողությամբ: Դա վկայում է, որ ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում բարենպաստ ու օրինակելի մթնոլորտ է տիրում, իսկ անձնակազմը հավատարիմ է Հիպոկրատի երդմանը։ Այդ երդումը քննություն է  բռնել պատերազմի դժվարին տարիներին և սրբագործվել հրադադարին հաջորդած երկու տասնամյակների ընթացքում: 
Բաժանմունքի պետն ու բուժքույրերը բավական հարուստ փորձ ունեն և երկար ճանապարհ են անցել: Բուժքույրեր  Զարինե  Խաչատրյանը և Անուշ Գրիգորյանը մինչև պատերազմը կամ բանակում ծառայության անցնելն աշխատել են նախկին մարզային հիվանդանոցում ու անմիջապես իրենց տեսական և գործնական գիտելիքներն ի սպաս են դրել հայրենիքի պաշտպաններին շարք վերադարձնելու գործին, որի կարևորությունն ավելի է ընդգծվում կենդանի ուժի սահմանափակ քանակության պարագայում:  Ենթասպա Զ.  Խաչատրյանը 1993 թվականից ծառայում է ՊԲ-ում, իսկ շարքային-պայմանագրային Ա. Գրիգորյանը՝ 1996-ից: Ակնհայտ է, որ ֆիզիոթերապևտիկը առանձնահատուկ բաժանմունք է, որտեղ աշխատելու համար պետք է ունենալ փայլուն գիտելիքներ, հարուստ փորձ և բարեհամբույր վերաբերմունք այցելուների նկատմամբ: 
Եվ երբ մայոր Լիա Երիցյանը նշանակվեց ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի պետ, հայտնաբերեց, որ բուժքույրերն օժտված են այդ հատկանիշներով և ՙնրանց սովորեցնելու կարիք չկար, նրանք իրենց մասնագիտության մասին ամեն ինչ գիտեին՚: Նրանց հետ երկար տարիներ գործակցել է ենթասպա Վլադիմիր Դանիելյանը, որը զորացրվել է պահեստազոր: Բժշկուհի Լ. Երիցյանի նախորդները՝ Լեոնիդ Զախարյանը, Կարինե Մուսայելյանը, Ծովինար Մարդյանը զգալիորեն նպաստել են ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի զարգացմանը: Անուշ Գրիգորյանը երախտագիտությամբ է հիշում ճանաչված մասնագետ Սվետլանա Ալեքսանյանին, ում սաներն  է համարում իրեն և Զ. Խաչատրյանին: Ս. Ալեքսանյանը, որպես մասնագետ նպաստել է Իվանյանի հոսպիտալում ֆիզիոթերապիայի կազմակերպման և զարգացման գործին: Նրա վաստակը բարձր է գնահատում մայոր Երիցյանը, ով դեռևս Արցախյան շարժման տարիներից իր ակտիվ մասնակցությունն է բերել ազատամարտիկներին բուժօգնություն ցուցաբերելուն: Դեռևս քաղաքային պոլիկլինիկայում տեղամասային բժիշկ աշխատելու ժամանակ զուգահեռաբար ձեռք էր հասցնում բուժօգնության կարիք ունեցող ազատամարտիկներին, ձգտելով լրացնել թերապևտ բժիշկների պակասը: 1991թ. վերջից մինչև 1992 թվականի սկիզբը համագործակցել է հոսպիտալի անձնակազմի հետ: 1992-1996թթ. եղել է հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ, 1996-2009թթ.՝ ընդունման բաժանմունքի պետ, իսկ 2000-ից առ այսօր ղեկավարում է ֆիզիոթերապևտիկ բաժանմունքը: Թե ինչպիսի դժվարություններ է հաղթահարել պատերազմական տարիներին, վերհիշում է բոլոր մանրամասնություններով, բայց առանց ափսոսանքի, որովհետև գտնում է, որ իր մասնագիտական ու հայրենասիրական պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ: Նա ապրում է իր մասնագիտությամբ և այլ կերպ չի էլ պատկերացնում, քան հարազատ ժողովրդի համար դժվարին պահին իր ունակությունները ծառայեցնելը ընդհանուր գործին: Քանի՛-քանի անգամ հարկ է եղել ոտքով հասնել Ստեփանակերտի մի ծայրից մյուսը և բուժօգնություն հասցնել հիվանդին: Անգամ ռմբակոծություններն ու հրետակոծությունները արհամարելով, բժշկուհին  հասել է հոսպիտալ թեկուզ մի կյանք փրկելու ներքին մղումով: Կամավոր մեկնել է մերձճակատային գիծ ու չորս ամիս վիրավորներին և հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերել Կարմիր շուկա, Թաղավարդ և շրջակա այլ գյուղերում: 
Այդ ժամանակ այդտեղ ապաստան էին գտել բազմաթիվ փախստականներ և մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ: Հիշում է, թե ինչպես դեղերի պակասը լրացնելու համար մեկնել էր Ստեփանակերտ, դեղամիջոցներ հայթայթել և երբ վերադարձել է, ռմբակոծությունից ավերված է գտել այն տունը, որտեղ հիվանդներ էր բուժում: Թաղավարդում բժշկուհին համագործակցել է բուժքույր Իրինա Դանիելյանի հետ, միասին են կիսել պատերազմի դժվարությունները, հաղթահարել կորստի վիշտը և ուրախացել առողջացած ու շարք վերադարձած յուրաքանչյուր ազատամարտիկով:Ինչպես պատերազմի տարիներին է բժշկուհի Լ. Երիցյանը իր կանացի փխրուն ուսերին առել թերապևտիկ աշխատանքների ծանրությունը, այնպես էլ հետո, հրադադարի տարիներին երբևէ չի խուսափել դժվարություններից, մարդկանց առողջություն պարգևելու առաքելությունից: Սիրելով իր մասնագիտությունը, նա առաջնորդվում է նվիրումով, հետևողականորեն աշխատելու, հիվանդներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատելու, գիտելիքները մշտապես կատարելագործելու սկզբունքով: Հաճույքով օգնում է թերապևտիկ բաժանմունքի և ուլտրաձայնային հետազոտման աշխատանքներին: 
Պրակտիկ մեծ փորձը հարստացրել է տեսական գիտելիքներով, ավարտելով ևս երկու օրդինատուրա, բացի հիմնական՝ թերապևտի մասնագիտությունից:  
Պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական ծառայություն՚, ՙԳարեգին Նժդեհ՚, ՀՀ ՊՆ ՙԱնբասիր ծառայության համար՚ 4 աստիճանների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:ՙԵս չեմ հոգնում  իմ աշխատանքից, մասնագիտությանը բնորոշ դժվարություններից, - խոստովանում է մայոր Լիա Երիցյանը,- մեր կոլեկտիվը շատ լավն է, քանի որ նրա կորիզը ձևավորվել է պատերազմի տարիներին երջանկահիշատակ Վալերի Մարությանի գլխավորությամբ, և այդ ոգին մնացել է հոսպիտալում, ավանդույթներ են ձևավորվել, ուստի ինձ երբևէ չեմ առանձնացրել հոսպիտալի ողջ անձնակազմից՚:
 
 
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ