[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՂՈՒՀԱՍ, ԱՍԵԼ Է ԹԵ՝ ՍՈՒՐԲ ՀՈՂ

DSCN0505.JPGՈրևէ  բնակավայրի ծանոթանալիս  ակամայից սկսում ես անունից: Վաղուհաս անվանումն առաջին հայացքից նմանեցվում է ՙվաղահաս՚ (շուտ հասնող) բառին: Սակայն Վաղուհասում մրգերն ու բանջարեղենը շուտ չեն հասնում, և գյուղի անունն էլ կապ չունի դրա հետ: Պատմաբան Սլավա Սարգսյանի բացատրությամբ` ՙհաս-խաս՚-ը մեծարող, սրբացնող իմաստ ունի: ՙՎեղը հաս է՚` նշանակում է հողը սուրբ է: Տարածքի եկեղեցիներից մեկի` Խթրավանքի, վրա կա այսպիսի արձանագրություն.ՙՀողը հաս տվեցի…՚:
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում հաճախակի  ես հանդիպում սրբատեղիների: Գյուղի տարածքում եկեղեցիներ կան, խաչքարերի մասունքներ: Դրանք կարծես մի աներևույթ ձեռքով շաղ են տրվել տարածքում: Նորակառույց դպրոցի մուտքի  մոտ  Եղցու կտոր մատուռն է: Իսկ գյուղի մուտքը նշանավորում է նորակառույց ս. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի պատմությանը շատ թե քիչ գիտակ, թոշակառու մանկավարժներ Ռոմա Աղաբեկյանը և Վալերի Մանգասարյանը պատմում են, որ Վաղուհասը երկու բնակավայր է ունեցել, որի հետքերը դեռ մնում են:  Շուրջ 100-150 տարի առաջ եղել են Վերին Վաղուհաս (Երուխաս` Վերին խաս, որն ուներ 800 տնտեսություն) և Ներքին Վաղուհաս: Վերինում կան եկեղեցիներ: Դրանցից մեկը Կարմիր վանքն է, որի վրա  շատ արձանագրություններ կան: Այն թվագրվում է 12-13-րդ դարերը: Բնակչությունը ժամանակի ընթացքում տեղափոխվել է Ներքին Վաղուհաս, և հիմա պարզապես կոչվում է Վաղուհաս: Խնկավան (Խնգութալա) գյուղը նախկինում եղել է Վաղուհասի թաղամասերից մեկը:
Վաղուհասի դիմաց ձգվում է Մռովի լեռնաշղթան: Գյուղն անտառածածկ է, անտառները  ձգվում են երկար` մինչև Խոխանաբերդ: Սկսվում է Չարեքտարից  և ձգվում մինչև Նարիշտար: Դրանց միջև ընկած տարածքում  Վաղուհասի ձմեռային ֆերմաներն են` Վարդանա գոմեր, Բբին շեն, Յուրդեր, Չարին շեն անուններով: Մայիս ամսից սկսած` անասնապահները բարձրանում են սարերը: Գյուղի բարձր կետից նայելիս դիմացդ տեսնում ես Հաթերք, Զարդախաչ, Չափար գյուղերը: Մոտակայքում  Գետավան գյուղն է, որն ի բնե Վաղուհասի հողն էր։ Հետագայում ադրբեջանցիներն այնտեղ կառուցեցին փայտամշակման կոմբինատ, և այդպես գյուղն առանձնացավ: Այդ տարածքով հոսում է Թարթառ գետը:
Խնկավանից վերև, մոտ 4 կմ հեռու  Խթրավանքն է, հետևը` Վահին սարը, ամենագեղեցիկը: Ասում են`  Նարիշտարի կողմից երբ նայում ես,  նման է Մասիս սարին:
Ամենանշանավոր եկեղեցին  Մարիամ քաղաք Աստվածածինն է. երկար ժամանակ այն կարծիքն էր  տիրում, թե կառուցվել է Գանձասարի նշանավոր եկեղեցուց հետո, բայց վերջերս բացված մի արձանագրությունից  պարզվել է, որ ավելի վաղ է կառուցվել: ՙՔաղաք՚ անունը հենց այնպես չի կցվել: Այն բնակավայրերը, որոնք 700-800 տնտեսություն ունեին, այդպես էին կոչվում: Եկեղեցին եպիսկոպոսանիստ էր, սպասարկում էր տարածքի գյուղերին: Եկեղեցական բոլոր կարևոր որոշումներն այստեղ էին ընդունվում: Շրջակա գյուղերի ննջեցյալներին, մինչև հողին հանձնելը, բերում էին այս եկեղեցին: Հարուստ գրադարան ուներ, որը Մատենադարան էր կոչվում: 1930-ական թվականներին գյուղի կոմերիտականները պայթեցրին եկեղեցին և գյուղի կենտրոնում, ժողովրդի աչքի առաջ, վառեցին երկու դեզի չափ գրքերը: Այդ գրքերից որոշները հավանաբար  պատմական տվյալներ են պարունակել գյուղի մասին: 
Գյուղը ձորերով բաժանված   մի քանի թաղամաս ունի՝ Քարենգլուխ, Շենին թաղ, Մուկլուչ,  Թփարա հող, Հայրապետանց թաղ:
Բնակիչները հիմնականում օգտվում են գյուղի աղբյուրներից, որոնցից նշանավոր են Ձորի աղբյուրը և Շողկաթը: Վերջինից  կավե խողովակներով (թունգ) ջուրը հասցրել էին  մինչև եպիսկոպոսանիստ եկեղեցին: Ժողովուրդը մինչև հիմա օգտվում է  այդ աղբյուրից: Կան նաև փոքր աղբյուրներ: Գյուղամիջին ևս աղբյուրներ կան:
Երկու գետ է հոսում` Շենին գետ, Խնգութալայի գետ: Վերջինս ժամանակին համարյա բավարարում էր այդ գյուղի ոռոգմանը: Շենի գետից օգտվելիս է եղել Թփարա տեղամասը: Յոթ տարի առաջ գյուղի բարձունքին ջրամբար է կառուցվել,  ջուրը հասցվել այդտեղ, որտեղից պիտի մատակարարվեր ժողովրդին:   Սակայն ներքին ցանցը չկառուցելու պատճառով բնակիչները զրկված են  ջրից: 2011թ. շահագործման  հանձնված  դպրոցի շենքում  բացակայում էր ջրամատակարարումը: Անցյալ տարի շրջվարչակազմի ղեկավար Վ. Խաչատրյանի օժանդակությամբ ձեռք են բերվել  պոլիէթիլենային խողովակներ, և գյուղը հիմա որոշ չափով  ապահովված է ջրով: 
Վաղուհասը Հաթերքից հետո Մարտակերտի շրջանի երկրորդ մեծ գյուղն է: Խորհրդային  տարիներին այստեղ զարգացած էր անասնապահությունը, տոհմային ֆերմա ուներ: 
Գյուղի անտառը հարուստ է մրգերով: Եթե տարին լավ է լինում, բնակիչներն օգտվում են անտառից` ընկույզ, հոն, զկեռ, այլ հատապտուղներ են հավաքում: Անտառը նաև բնակիչների տների ջեռուցման և վառելիքի աղբյուրն է: Գազն այստեղ չի հասել: Վաղուհասում տարին բոլոր տներից ծուխ է ելնում: 
Վաղուհասն Արցախյան պատերազմից ամենաշատ տուժած բնակավայրերից է: Գյուղն ազատագրվելուց հետո ամեն ինչ զրոյից են սկսել: Թանկ զոհերի գնով գյուղն ազատագրվեց և  քաջ որդոց մարմիններն ամփոփեց իր գրկում: Տնքաց, մռնչած ցավից, բայց  դիմացավ: Աշխարհի բոլոր ճանապարհները բաց էին, ընտրյալ զավակները, սակայն, նախընտրեցին մոխրակույտի վերածված հայրենի տան ճանապարհը: Ոսոխին հաղթելու ամենակարճ ճանապարհն է դա:
1993թ. հոկտեմբերի 5-ին, հարկադիր ընդմիջումից հետո, նորից հնչեց դպրոցի զանգը, այն զանգը, որ թուրքերը պոկել էին, շպրտել հեռու: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին պատմում է, որ զանգը գտել էին մի տեղ ընկած, լվացել, կախել են գյուղապետարանից, որի մի թևում դպրոցն էր տեղավորվել: Սկսել են 36 աշակերտով: Բռնագաղթից հետո դպրոցի առաջին տնօրենն Արմինե Մուրադյանն էր: Տարբեր տեղերից գրքեր, գրենական պարագաներ հայթայթեցին և այսպես գոյատևեցին վեց տարի, մինչև 1999թ. արգենտինահայերի կողմից գյուղում նոր դպրոց կառուցվեց:   
Գյուղն արագ ոտքի կանգնեց: Առաջին հերթին դա նշանակում է բնակչության, հետևաբար` երեխաների թվաճ: Նոր դպրոցը նախորդի  համեմատությամբ լավ էր, բայց գնալով սկսեց չբավարարել: Աշակերտները չէին տեղավորվում, դասասենյակները չէին հերիքում,  դպրոցը ժամանակակից պահանջներին չէր համապատասխանում: Հրատապ էր նոր դպրոցի կառուցումը:  
 Ցանկացած բնակավայրի կենսունակության առաջին չափանիշը երեխաներն ու երիտասարդներն են:  Հինգ տարվա մեջ դպրոցի աշակերտների թիվն ավելացել է 50-ով` հասնելով 151-ի: Միևնույն ժամանակ, կա նախադպրոցական տարիքի 100 երեխա: Վաղուհասում, առհասարակ, հարգի է բազմազավակությունը. 157 ընտանիքից մեկը տասը,  25 ընտանիք՝ չորս և ավելի երեխատեր են: Նկատենք, որ  մինչև արցախյան պատերազմը  գյուղում կար  1441 բնակիչ՝ 241 ընտանիքով:  
Ինչո՞վ են բացատրվում գյուղում բնակչության աճի նման տեմպերը: Եթե ասենք սոցիալ-տնտեսական պայմաններով` ճիշտ չի լինի: Վաղուհասին էլ հատուկ են այն բոլոր դժվարությունները, ինչ առկա են մյուս գյուղերում, պարզապես այստեղ մարդիկ  հայրենասիրությունը յուրովի են պատկերացնում: Հայրենասիրությունը նրանց ըմբռնմամբ միայն լավ կռվելը չէ, այլ նաև  հայրենի հողում  ամրանալը, երեխաներ բազմացնելը: Թոշակառու ուսուցիչ Վալերի Մանգասարյանը փորձեց պարզաբանել, թե սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում ինչն է խթանում բազմազավակությանը: Կառավարության համապատասխան ծրագրերի հետ մեկտեղ նա կարևոր է համարում գյուղում  քարոզչության ուժեղ ազդեցությունը: Ըստ նրա, յուրաքանչյուր սեղան` լինի ուրախության թե տխրության, ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Ինքը գյուղի հիմնական թամադան է և իր կենաց խոսքը միշտ  համեմում է Չարենցի, Սևակի, Շիրազի, Թումանյանի, մյուսների` մորը նվիրված տողերով: Ասում է. ՙՍիրելի մայրեր, խոնարհվում ենք ձեր առաջ, դուք եք սուրբ  վանքը,  առյուծներ  ծնեք, որ աշխարհը  մեզանից պատկառի: Ամեն սեղանի  նման կոչով դիմում եմ, և դա իր ազդեցությունն է ունենում՚:
Տեղին է հիշել, թե ինչ էր պատգամում երիտասարդներին ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը, երբ գալիս էր իր հայրենի Ծմակահող: Նա տղաներին խորհուրդ էր տալիս Վաղուհասից աղջիկ ուզել, ասում էր` նրանց կանայք երեխաներ շատ են բերում: 
Ղարաբաղյան երկարակեցությունն էլ ավանդական է Վաղուհասում: Գալյա տատն օրինակ  է բերում իր տատին, որն ասում էր. ՙՄջալ չեմ անում, թե մեռնեմ՚, այսինքն` այնքան զբաղված է, որ ժամանակ չունի մեռնելու:   
Համայնքի ղեկավար  Սամվել Հայրապետյանի խոսքով`  ինչպես խորհրդային տարիներին, ներկայումս էլ հիմնական արտադրաճյուղը անասնապահությունն է: Հողագործությամբ  չեն զբաղվում (վարելահողերի հազիվ 10 տոկոսն է մշակվում), որովհետև չունեն տեխնիկա, ոռոգման ջուր: Լիզինգով տեխնիկա ձեռք բերել չեն ցանկանում, պարզապես չեն ուզում ռիսկի դիմել: Իսկ հարևան Գետավանի տեղամասում գտնվող մեքենատրակտորային պարկը համալրված չէ համապատասխան գյուղատնտեսական ագրեգատներով, որպեսզի կարողանա սպասարկել ենթաշրջանի գյուղատնտեսական աշխատանքները:  
Գյուղում բավարար չափով արտադրվում է միս, յուղ, պանիր, սակայն իրացման շուկա չկա: Տասը երեխատերը հարյուր կով ունի. լսողը կիմանա ֆերմեր է, բայց իրականում աղքատության մեջ են, քանի որ չեն կարողանում ստացած մթերքը վաճառել: Մսամթերման կոմբինատը էժան է վերցնում, դրա համար էլ մթերման չեն հանձնում: Պահում են իրենց կարիքների համար, կամ էլ գայլերի բաժին են դառնում:
Գյուղում իրական դրամ վաստակում են նրանք, ովքեր աշխատում են հիմնարկներում (գյուղապետարան, դպրոց): Իսկ երիտասարդությունը ներգրավված է Դրմբոնի հանքերում: Տան հոգսը հիմնականում ընկած է աշխատունակ թոշակառուների և կանանց վրա, որոնք մշակում են տնամերձը, հավ ու ճիվ պահում: Նրանք նաև տունը փող բերողներ են: Ում տանը թոշակառու կա, ուրախանում են:  Բազմազավակ մայրերը ևս փողի աղբյուր են:  Խանութպաններն ուրախանում են` տեսնելով, որ երիտասարդ կինը երրորդ և հաջորդ երեխային է սպասում. հենց երեխան ծնվում է` պահանջում են ստացած միանվագ գումարով խանութում ունեցած պարտքը մարել:   
Համայնքի ղեկավարը գյուղի զարգացման հեռանկարը տեսնում է ոռոգովի հողատեսքերի մեջ, որպեսզի կարողանան զարգացնել բուսաբուծությունը և գուցե դրանով հնարավոր դառնա լրացնել սպառողական զամբյուղը: 
Ամենակարևորը` երիտասարդները գյուղից չեն հեռանում, ամուր կպած են հողին: Չէ՞ որ դա ոչ թե սովորական, այլ բնակավայրի անվանը համահունչ` սուրբ հող է, որի համար իրենք անձնվիրաբար կռվել են, ոսոխից ազատագրել:  Որպեսզի շեն ու ապահով հանձնեն ապագային:  
        
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ