[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ ՉԱՓԱՐ ԳՅՈՒՂԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ

1.jpgՀերթական անգամ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի մերձակայքում կայացավ ՙԸնտանեկան ճամբար-2014՚ միջոցառումը։ Ծրագիրը, որն իրականացվեց հունիսի 28-30-ը, ուղղված է ընտանիքի դերի բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանը ու ինքնին ենթադրում է արցախյան ընտանիքների համախմբում։  
Այն կյանքի կոչվեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի (ՄԵՀ) նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և ՙԱսլան Թրեվլ՚ ՍՊԸ¬ի, ՙՀայեր Ակումբ՚ ՀԿ¬ի հետ համագործակցությամբ։ 
Արդեն 5-րդ տարին կազմակերպվող ՙԵրջանիկ ենք միասին՚ խորագրով այս ծրագրին մասնակցեցին 6-13 տարեկան երեխա ունեցող 15 ընտանիք՝ Ստեփանակերտից, ԼՂՀ շրջաններից և 1 ընտանիք էլ՝ Դանիայից։ Նրանք հնարավորություն ունեցան արցախյան բնության գեղատեսիլ վայրում միասին անցկացնել ազգային ավանդական, մարզատուրիստական, մշակութային մրցույթներով, հետաքրքիր հանդիպումներով ու ծանոթություններով հագեցած օրեր։ Ճամբարի պատասխանատուն  նախարարության երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Վիրաբյանն էր։  5.jpg
ԼՂՀ ՄԵՀ  նախարարության կողմից նման ընտանեկան ճամբար առաջին անգամ կազմակերպվել է Բադարա գյուղի շրջակայքում, որին մասնակցել է 7 ընտանիք, 2-րդը՝ Վանք գյուղի մերձակա տարածքում՝ 13 ընտանիքի ընդգրկմամբ, 3-րդը՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի գյուղերի շրջակա տարածքում, որին մասնակցել է 16 ընտանիք, և 4-րդը՝ Շահումյանի շրջանի Սուրբ Աստվածածին վանական համալիրի՝ Դադիվանքի շրջակա տարածքում՝ 14 ընտանիքի ընդգրկմամբ։ Նախարարության  երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Դավիթ Ղուկասյանի տեղեկատվությամբ՝ նախքան միջոցառման մեկնարկն իրականացվել են նախապատրաստական տեղեկատվական և այլ աշխատանքներ։ 
Մրցույթների կազմակերպման և անցկացման ծախսերը հոգացել է ԼՂՀ ՄԵՀ նախարարությունը, իսկ ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են  նաև հովանավորներ։ Ընտանեկան ճամբարը կազմակերպվել է վրանային պայմաններում։ Մասնակից  ընտանիքները բաղկացած էին 3 հոգուց՝ հայր, մայր և մեկ երեխա (առանց ամուսինների տարիքային սահմանափակման)։ Երեք օրվա ընթացքում կազմակերպվեցին մարզատուրիստական խաղ¬մրցույթներ, ազատ ժամանցային ծրագրեր, էքսկուրսիա դեպի շինատեղի Եղցի և Սուրբ Մինաս սրբատեղի։ Միջոցառման վերջին օրը ճամբարականներին միացան ԼՂՀ ՄԵՀ նախարար Նարինե Աղաբալյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը, նախարարության ներկայացուցիչներ։
Ազգային ավանդական խաղերը կազմակերպել է ՙՀայեր Ակումբ՚ ՀԿ¬ն՝ Համբարձում Արզանյանի անմիջական պատասխանատվությամբ։ Կազմակերպվեցին պարանի ձգում, քաշոցի, աքլորախաղ, պտտվիր¬վազիր ավանդական խաղերը։ Պարանի ձգում խաղին մասնակցեցին բոլոր թիմերը։ Մրցույթն անցկացվեց շրջանաձև մրցակարգով։ Իսկ քաշոցի ու աքլորախաղ խաղերն անհատական էին։ Հետաքրքիր էր նաև պտտվիր-վազիր խաղը, երբ մասնակիցները կանգնում են մեկ գծով ու, խաղավարի հրահանգով ձախ ձեռքով բռնելով աջ ականջը, աջ ձեռքի ցուցամատը հպում գետնին։ Խաղավարն ազդարարում է խաղի սկիզբը, և մասնակիցները սկսում են պտտվել՝ ցուցամատը գետնից չկտրելով։ Այնուհետև տրվում է հրահանգ. մասնակիցները բաց են թողնում ականջը և վազում մոտ  50մ հեռավորության վրա նախապես տեղադրված առարկաները վերցնելու (պարան, գոտի և այլն)։ Միավորները հաշվարկվում են խաղավարի՝ առարկան հանձնելու հերթականության հիման վրա։ Ազգային-ավանդական խաղերում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Ավագիմյանների ընտանիքը (ք. Մարտունի), 2-րդ տեղը՝ Հայրապետյանների (ք. Մարտունի) և  3-րդ՝ Սևումյանների (ք. Ստեփանակերտ)։ Նրանց համար նվերներ էր սահմանել ՙԻնֆինո՚ ՍՊԸ խանութը։  
Մարզատուրիստական մրցումների պատասխանատուն ՙԱսլան Թրեվլ՚ ՍՊԸ¬ն էր՝ Ասլան Գրիգորյանի պատասխանատվությամբ։ Այս փուլի մրցույթները թիմային էին։ Յուրաքանչյուր թիմ հերթականորեն պիտի հաղթահարեր առաջադրվող բոլոր արգելքները՝ կախովի անցում, անցում գերանով, ծանծաղուտով ու զուգահեռ պարաններով, ճոճանակ, տուժածի տեղափոխում։ Այստեղ գնահատեցին ըստ ժամանակի և արագության։ Առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց  Հայրապետյանների ընտանիքը (ք. Մարտունի) և ստացավ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից սահմանված մրցանակը՝ լվացքի մեքենա։ Երկրորդ տեղ զբաղեցրած Աբրահամյանների ընտանիքը (ք. Ստեփանակերտ) ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացավ սպասքի կոմպլեկտ, իսկ երրորդ տեղ գրաված Ղազարյանների ընտանիքը (ք. Ստեփանակերտ) ՙՍոնետ՚ խանութի կողմից արժանացավ փոշեկուլի։ Բացի այդ, կազմակերպվեցին նաև մշակութային մրցույթներ՝ ժողովրդական երգի կատարում, ՙԻմ ընտանիքը՚ խորագրով։ Այս մրցույթներին թիմերը մասնակցեցին և՜ անհատական, և՜ միասնական ձևով, որից էլ ընտրվեցին լավագույն կատարողները։ Ասմունքի մրցույթի թեման նույնպես ընտանիքն էր։ Բնականաբար, միավորներ վաստակեցին ասմունքելու լավագույն վարպետություն ցուցաբերած թիմերը։  Անցկացված մրցույթների շարքում էր նաև ՙԻմ սիրելի հերոսը՚ ստեղծագործական մրցույթը, որտեղ  երեխաները ծեփոնով (պլաստիլին) կերտեցին իրենց սիրելի հերոսներին ու պատմեցին նրանց մասին։ Այս մրցույթում առաջին տեղում նույնպես Հայրապետյանների ընտանիքն էր (ք. Մարտունի), 2-րդ տեղում՝  Աբրահամյանների (ք. Ստեփանակերտ), և 3-րդ տեղում՝  Սահակյանների (ք. Մարտակերտ) թիմը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած  թիմերը նվերներ ստացան ընտանեկան ճամբարի մշտական հովանավոր ՙՌեզոն՚ խանութից։ Բոլոր մրցույթների արդյունքներն արտացոլվեցին ՙԸնտանեկան ճամբար¬2014՚ միջոցառման ընդհանուր հաշվարկում։ Այսպես, մրցույթների ընդհանուր արդյունքներով՝ 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Հայրապետյանների ընտանիքը (ք. Մարտունի), 2-րդ տեղը՝ Ավագիմյանների (ք. Մարտունի), և 3-րդ՝ Ղազարյանների (ք. Ստեփանակերտ) ընտանիքը։ Մրցանակային տեղեր զբաղեցնողները ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, ՙԱրցախ՚ հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի կողմից արժանացան համապատասխանաբար 150 հազար, 100 հազար և 50 հազար դրամի դրամական պարգևների։ Մրցույթներում հաղթող ճանաչված և մասնակից բոլոր թիմերը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից  պարգևատրվեցին հուշանվերներով, նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Դ. Ղուկասյանի տեղեկատվությամբ՝ ծրագրին աջակցել են նաև ՙՋիովաննի՚, ՙՍոնետ՚, ՙԿանցլեր՚, ՙԱրծվաբերդ՚ ՍՊԸ-ները և ՙSportstyle՚ խանութը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ