[ARM]     [RUS]     [ENG]

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Arshakyan.jpgՀուլիսի 1-ին ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնի կոնֆերենց¬դահլիճում կայացավ Ծննդօգնության պետական հավաստագրի ներդնման ծրագրի շնորհանդեսը։
 Ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նախարարի տեղակալներ Զոյա Լազարյանը, Կարեն Ղուկասյանը, ոլորտի պատասխանատուներ, շահագրգիռ բուժհաստատությունների ներկայացուցիչներ։ 
ԼՂՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ և 2014թ. հունիսի 23-ի համապատասխան հրամանով հուլիսի 1-ից ԼՂՀ-ում ներդրվեց ՙԾննդօգնության պետական հավաստագրի՚ համակարգը, որի՝ որպես տրամաբանական շարունակություն, շուտով կներդնվի նաև ՙԵրեխաների առողջության պետական հավաստագիրը՚։ Այս նոր բարեփոխումների ծրագիրը հանգամանալից ներկայացրեց ԼՂՀ ԱՆ բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը, իսկ ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի՚ տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրեց կենտրոնում վերջին 8 տարիներին գրանցված ծնունդների, ծննդօգնության հետ կապված վիճակագրական տվյալներ։ 
Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ներդնումն իրականացվում է առողջապահական համակարգի բարեփոխումների հիմնական գործառույթներին համապատասխան։ Նախարարության կողմից գերակա խնդիրների շարքում կարևորվել են մայրերին և երեխաներին ուղղված առողջապահական հարցերը։ Կ. Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ ՙԾննդօգնության պետական հավաստագիրը՚ փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում են անվճար՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։ Այս հավաստագիրը կնոջ համար պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական օգնության իրավունքը հաստատող փաստաթուղթ է և տրվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար բուժօգնության իրավունք ունեցող հղի կանանց։ Հավաստագրի ներդրմամբ ակնկալվում է բուժհիմնարկների տեղեկատվական աշխատանքների իրականացում, որը կբարելավի հղիներին վաղ հաշվառման վերցնելու գործընթացը։ Հավաստագրի հիմնական նպատակը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում հաշվառված հղիների թվի աճն է։ Եթե 2012թ. այն կազմել է 42,1%, 2013թ.՝ 52,6%, ապա հավաստագրի ներդրմամբ ակնկալվում է այդ տոկոսի զգալի աճ, ինչն էլ կբերի հղիության բարդությունների ժամանակին կանխարգելման, առողջ երեխաների ծնունդների, երջանիկ ընտանիքների կայունացման։ DSC_2677.jpg
ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի՚ տնօրեն Վարդգես Օսիպովն ընդգծեց որակյալ ծննդօգնության դերը և կնոջ ու երեխայի առողջությունը համարեց երկրի կարևորագույն հիմքերից մեկը։ 2006-2013թթ. ընթացքում կենտրոնում արձանագրված որոշ վիճակագրական տվյալներից պարզ դարձավ, որ վերջին տարիներին նվազել է ծննդաբերությունների թիվը։ Բայց, դրան զուգահեռ, նվազել է նաև աբորտների՝ արհեստական վիժումների թիվը։ Վ. Օսիպովը ներկայացրեց նաև հղի կանանց հետազոտությունների արդյունքները, նրանց առողջական վիճակը։ Համեմատած մյուս տարիների հետ՝ 2013թ. նվազել է հիվանդ հղիների թիվը։ Հատկապես քչացել են սակավարյունությամբ տառապող հղիները։ Մտահոգիչ էր այն փաստը, որ ավելացել է բարձր ռիսկային խմբին պատկանող հղիների թիվը։ 2013թ. կենտրոնում հաշվառված հղիների 43%-ը հենց այդ ռիսկային խմբից է, այն դեպքում, երբ 2010թ. այն  29% էր։ Դրա հետ կապված՝ աճել է նաև բարդություններով ծննդաբերողների թիվը։ Հղիների պարտադիր հետազոտությունների ցանկում 2013թ. վերջին եռամսյակում մտցվեցին նաև հեպատիտ C-ի հետազոտությունները, որին ենթարկվում են ոչ միայն հղի կանայք, այլև վիրահատական և օպերատիվ այլ միջամտությունների ենթակաները։ 2013թ. շարունակել է աճել կեսարյան հատմամբ ծննդաբերությունների թիվը՝ 32,2%։ Դա պայմանավորվել է նաև 2-րդ, 3-րդ և ավելի կեսարյան հատմամբ ծննդաբերությունների թվի աճով։ Ի դեպ, այս տվյալներով՝ առաջնային դեպքերի թիվը նվազել է։ Ընդհանուր առմամբ 2013թ. կատարվել է 51 կեսարյան հատմամբ ծննդաբերություն։ Այս տարի կենտրոնում գրանցվել է 1695 երեխայի ծնունդ, որից 19,3%-ը ծնվել է հիվանդ։ Աճել է նաև ոչ հասուն նորածինների թիվը՝ 8,9% (2006թ. 5,9%)։ Հետծննդյան մահացության (38,6%)  դեպքերի 60%-ը բաժին է ընկնում այն մայրերին, ովքեր հաշվառված էին կանանց շրջանային կոնսուլտացիաներում և մայրաքաղաքի ծննդատուն են ընդունվել արդեն բարդություններով։ Վերջին տարիներին մայրական մահացությամբ դեպքեր կենտրոնում չեն եղել։ Կենտրոնի տնօրենը հուսով է, որ ծննդօգնության պետական հավաստագրերը կնպաստեն բարձրացնելու հաշվառված հղիների թիվը, ինչպես նաև նվազեցնելու բոլոր բարդություններն ու խնդիրները։ 
Հ. Քուշկյանն իր հերթին կարևորեց նոր համակարգի ներդնումը, որը համարեց ուշադրության սևեռում մայրության, մանկության, ծննդօգնության հանդեպ։ ՙՀավաստագրով մենք հաստատում ենք, որ ոլորտում լինելու ենք չափազանց ուշադիր։ Մենք հետամուտ ենք լինելու տարբեր ռիսկային գործոնների ու բարդությունների նվազեցմանը, որակյալ բուժօգնության ցուցաբերմանը, խորհրդատվությունների կազմակերպմանը, որպեսզի ապագա մայրերը զերծ մնան տարաբնույթ խնդիրներից։ Հավաստագիրը նաև հոգեբանական նշանակություն ունի, այսինքն՝ ապագա մայրն ունի պետության կողմից տրված մի փաստաթուղթ, որն իրեն հավաստիացնում է, որ ինքն իրավունք ունի ստանալ անվճար ու որակյալ բուժօգնություն հանրապետության ցանկացած ծննդատանը՚,-նշեց Հ. Քուշկյանը։ Շնորհավորելով նոր համակարգի ներդրումը՝ առողջապահության նախարարը նշեց, որ 2008թ. ՀՀ-ում ներդրված այս համակարգն ամենահաջողված բարեփոխումներից է, ինչն ակնկալվում է նաև Արցախում։
 
 
Զարինե Մայիլյան