[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

43380440.jpgԱյսօր, երբ օրախնդիր են դարձել հարաբերական հրադադարի պայմաններում  գտնվող ազատ ու անկախ Արցախի շենացումն ու հզորացումը, բարեգործությունը հայրենափրկիչ ու ազգափրկիչ դեր ունի։  Առանց չափազանցելու կարող ենք ասել, որ բարեգործությունը մեր օրերում ոչ միայն հայրենասիրություն, այլև պարզապես հերոսություն է։ ՙԵրանելի է տալը, քան՝ վերցնելը՚,- սովորեցնում է Աստվածաշունչը, սակայն նյութականացված մեր ժամանակներում հեշտ չէ տալը...
Անցած շաբաթ Մարտունու շրջանի հայրենի Ճարտար գյուղն էին եկել ՌԴ Կրասնոդար քաղաքում ապրող բարերարներ Համլետ Համբարձումյանն ու Վոլոդյա Ավագյանը, որոնց բարեգործությամբ վերանորոգվեց Ճարտարի տեղամասային հիվանդանոցը։ Բարերարները Ճարտարի մշակույթի պալատի մեծ դահլիճում հանդիպեցին գյուղի մտավորականության և աշխատավորության հետ։
ՙՄենք բոլորս պետք է միավորենք մեր ջանքերը և ծառայենք մեկ սրբազան նպատակի՝ շենացնենք և հզորացնենք մեր հայրենիքը, համախմբվենք մեր պետականության շուրջ՝ ժամանակի դաժան մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու համար՚,- իր ելույթում նշեց Վոլոդյա Ավագյանը։ Համլետ Համբարձումյանը շեշտեց երիտասարդության կարևոր դերը հայրենիքը շենացնելու գործում։ ՙՕտարի հողում կառուցածը մերը չի եղել ու չի լինելու, մենք մեր հայրենիքում պետք է կառուցենք ու գեղեցկացնենք այն՚,- ասաց նա։
Բարերարները համագյուղացիների համար բարեգործական համերգ էին նախատեսել։ Իր ծննդավայրում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Վյաչեսլավ Գասյան-Օլխովսկին՝  գեղագիտական բավականությամբ լցնելով հայրենակիցների սրտերը։
 
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ