[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱՇԵՆ՝ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ

Լրացավ Նորաշեն վերաբնակեցվող գյուղի ազատագրման 22-րդ տարեդարձը: Այդ օրը` հուլիսի 3-ին, այստեղ կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ հավաքվել են գյուղի բնակիչները, արցախյան գոյամարտի վետերաններ, դպրոցականներ: 

090701.jpg

Բացելով միտինգը՝ Նորաշենի համայնքի ղեկավար Սմբատ Խաչատրյանը նշեց, որ ինչպես  շրջանի մի շարք գյուղեր, այնպես էլ Նորաշենը գերեվարվել էր ազերիների կողմից, որը և հարմար դիրք էր հանդիսացել Հադրութի և մոտակա գյուղերի հրետակոծության  համար: 1992-ի հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը Հադրութի  շրջանի ինքնապաշտպանական ջոկատներն ազատագրեցին Նորաշենը: Այդ գոյամարտում զոհվեցին Կառլեն Բաբայանը և Սեյրան Մայիլյանը: ՙՆորաշենի ազատագրումը  հայոց հինավուրց  մայրաքաղաք Շուշիի ազատագրման շարունակական հաղթանակի երթն էր՚,- նշեց համայնքի ղեկավարը:
1993 թվականից մեկնարկեցին վերականգնման աշխատանքները:  Ռուբեն Մայիլյանը, Ալեքսեյ Թամրազյանը և Բորիկ Արզումանյանը վերադարձան գյուղ և սկսեցին շենացնել այն: Այդ գործն իր վրա վերցրեց Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Գյուղում կառուցվեց 19 բնակելի տուն: Սկսվեց գյուղի վերաբնակեցման աշխատանքը, որին ԼՂՀ կառավարության կողմից աջակցություն և ֆինանսական օգնություն էր ցուցաբերվում: 1998 թվականին գյուղն ընդգրկված էր Այգեստանի համայնքի կազմի մեջ: 2001թ. գյուղն առանձնացվեց Այգեստանի համայնքից և կազմավորվեց առանձին համայնք, 2001 թվականից հետո համայնքում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների 4 ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվել են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ:
Գյուղի վերակառուցման գործընթացը  շարունակական բնույթ է կրում: Այստեղ կառուցվեց ևս 10 բնակելի տուն, տեղամասն անվանվեց Ջրակն: Գործող օրենքի սահմաններում  Նորաշենի 10 ընտանիքներ  հնարավորություն են ունեցել  սեփականաշնորհելու իրենց բնակարանները: Այսօր համայնքում կա 47 տնտեսություն, բնակչության թիվը՝ 162, որոնցից մինչև 14 տարեկան մոտ 50 երեխաներ: 2001 թվականից համայնքում գրանցվել է 32 ծնունդ: Կառուցվել է դպրոցական շենք, գործում են բուժկետ, ակումբ, անց է  կացվել նոր ջրատար, կառուցվել է ջրամբար, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին ապահովելու խմելու ջրով:  
Վերաբնակիչներ Նադիր Բալասանյանը, Սեդա Արամյանը և ուրիշներ նշեցին, որ գյուղը  տարիներ ի վեր շրջապատված էր ադրբեջանական բնակավայրերով, որն առիթ հանդիսացավ դրա հայաթափմանը: 
Միտինգի մասնակիցներին իրենց երգերով, արտասանությամբ հիացմունք պատճառեցին գյուղաբնակ երեխաները։ Դրանում մեծ է ակումբի վարիչ Սեդա Արամյանի դերը:
Տոնական միջոցառումը եզրափակեցին ՙԴիզակ՚ ժողգործիքային համույթը և գյուղի ակումբի ինքնագործ խմբի անդամները, որոնք հանդես եկան ճոխ համերգով:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ