[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՐ ՀԵՔԻԱԹ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆՔ՚

mifologika.JPGՀուլիսի 7-ին ՙՎալլեքս գարդեն՚ հյուրանոցային համալիրում մանուկների համար կազմակերպվել էր հետաքրքիր միջոցառում։

 Նրանք հրավիրվել էին  "Мифологика''  ստեղծագործական խմբի՝ կենդանի հեքիաթի թատրոնի։ 

 Հենց հանդիսատեսի մասնակցությամբ էլ խմբի անդամները ներկայացրին ՙԳեղեցկուհի Վասիլիսան՚ հեքիաթը և ՙԻլյա Մուրոմեց՚ ասքը։ Երեխաներն անչափ ոգևորված էին այդ ձևաչափով և աշխուժորեն դերի մեջ էին մտնում։

 

Ի՞նչ է հեքիաթը՝ ճշմարտությո՞ւն, թե՝ հորինվածք, ի՞նչ է տալիս այն, որքանո՞վ է այն օգտակար ժամանակակից մարդու (երեխայի) համար, ի՞նչ դասեր կան հեքիաթում և այլն։ Խումբը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից է և ուխտագնացության է եկել Հայաստան ու Արցախ։ Այն ձևավորվել է երկու տարի առաջ և այժմ ճամփորդում է երկրից երկիր և փորձում հեքիաթի միջոցով  աշխարհը դարձնել ավելի բարի ու հասկացող։ ՙՄենք փորձում ենք ցույց տալ, որ հեքիաթը միայն դրսից է կախարդական, անիրական երևում։ Իրականում այնտեղ հավաքված, թաքնված են մարդու կյանքը կարգավորող կանոնների, օրինաչափությունների  վերաբերյալ գիտելիքներ։ Ուստի հաճախ մեր ենթադրությունները հաստատելու կամ հերքելու համար դիմում ենք գիտնականների՝ ազգագրագետների, բանասերների, գենետիկների, բնական գիտություններով զբաղվող անձանց,¬ ասաց խմբի ղեկավար Հարոլդ Ստրելկովը։¬ Գիտությունն օգնում է, ասենք, չար կախարդի  կամ Վանկա¬Հիմարիկի կերպարի մեջ բացահայտելու կյանքի բազում ծանոթ երևույթներ։ Հեքիաթն էլ իր հերթին օժանդակում է բացահայտելու գիտության գաղտնիքները։ Հանդիսատեսին առաջարկվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել բեմադրությանը, խաղալ, հորինել՝ բեմականացմանը տալով իրենց նախընտրած ընթացքը՚։ Հ. Ստրելկովի խոսքով՝  առաջին բեմականացումն ընտրել են Անդերսենի ստեղծագործություններից, բայց հետո ավելի շատ ռուսական ժողովրդական հեքիաթներին են սկսել անդրադառնալ։

Հայաստանում և Արցախում նրանք առաջին անգամ են։ Եվ մեր հարցին, թե հասցրե՞լ են ծանոթանալ, պատասխանեցին՝ ոչ միայն. նաև հասցրել են սիրահարվել և սիրել։ ՙՄեկ անգամ  այցելելով՝ անհնար է կրկին չգալ։ Այս երկրամասն, իրոք, հեքիաթային է, իսկ ժողովուրդը՝ կախարդական։ Արցախում նոր հեքիաթ բացահայտեցինք՚։

Երեխաների հետ միասին խմբի անդամները, ինչպես նշեցինք, ներկայացրին ՙԳեղեցկուհի Վասիլիսան՚, մեկնաբանեցին ՙՎասիլիսա՚ անունը՝ սուրբ, մաքուր, լուսավոր, բացատրելով, որ մեզանից յուրաքանչյուրը մի քիչ Գեղեցկուհի Վասիլիսա է, մի քիչ՝ կախարդուհի, երբ բարի գործ է կատարում, որից փոխվում, գեղեցկանում ենք մենք՝ ինքներս ու գեղեցկացնում մեր շրջապատը։ Այսինքն, հեքիաթը նաև պատմություն է մեզանից յուրաքանչյուրի մասին։ Ներկայացնելով խմբի գործունեությունը, Հ. Ստրելկովը նշեց, որ հավատում է, որ յուրաքանչյուր բեմադրությունից հետո  հանդիսատեսների այդ խումբը հեռանում է՝ տանելով իր հետ այդ լույսը։  

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ