ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ 2014Թ. ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՏԸ...

Դեռ նոր են սկսվել հնագիտական աշխատանքները, բայց արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարեւոր գյուտը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է: Ինչպես փաստում է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, դամբարանն ունի արեմուտք-արեւելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբարանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային եւ հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ
մեծ բլոկներով? ամուր կրաշաղախի օգնությամբ: Ըստ Համլետ Պետրոսյանի, այն Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ վաղքրիստոնեական մշակույթում:
Հնագետը հույս ունի, որ պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաեւ փաստագրել եւ պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ