[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐՈՑ ՙԹՈՄԱՍԻ ԲԵՐԴ՚

IMG_5418.jpgԱմրոցը տեղակայված է համանուն` Թոմաս երբեմնի գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս - արեւելք գտնվող լեռան գագաթին, ծովի մակերեւույթից մինչեւ 1110 մ բարձրության վրա, որտեղից անցնում էր Հակարիի եւ Արաքսի հովիտներ տանող գլխավոր լեռնանցք-ճանապարհներից մեկը: Ամրոցի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան: Այն հիշատակվում է տեղագրող Մ. Բարխուդարյանցի, մեր օրերում` Շ. Մկրտչյանի եւ Ս. Կարապետյանի գրվածքներում: 
Տեղանքն արտաքուստ թերակղզու տպավորություն է թողնում, տարածվելով հյուսիս - արեւմուտք-հարավ-արեւելք ուղղությամբ: Բուն ամրոցը հատակագծում ուղղանկյունաձեւ է` մինչեւ 2 - 2,8 մ հաստությամբ եւ 1,5 մ բարձրությամբ պատերով (չափերը` 48 x 33 մ), որոնք շարված են անմշակ ու կոպտատաշ խառը եւ մեծադիր քարերով` առանց կրաշաղախի: 
Ներքուստ շինությունների հետքեր կամ մնացորդներ չեն նկատվում: Սակայն, մասնավորապես ամրոցի կենտրոնում` ժայռաբեկորների վրա, տարբեր կողմերում պահպանվող փորվածքները կամ քերծվածքները թերեւս վկայում են ամրոցի վրա եղած առանձին շինությունների առկայության մասին (միջանկյալ պարսպաշար կամ կացարաններ): Առանձին տնատեղերի մնացորդներ են պահպանվել նաեւ ամրոցապատերից դուրս` ամրոցակալ լեռան հարավային եւ հարավ - արեւելյան ստորոտում:
Եվս մի նկատառում. պարսպով շրջափակված բուն ամրոցից դուրս գտնվող հյուսիսակողմ հատվածը` մինչեւ 25 մ լայնությամբ, ամբողջովին զուրկ լինելով քարերից, ներքնամասում ուղղաձիգ միաշարք պարսպի տպավորություն է թողնում: Կարելի է ենթադրել, որ ամրոցը, բացի վերը նշված պաշտպանական գծից, նախկինում ունեցել է մեկ այլ շերտ եւս, որը$ սակայն, հնարավոր կլինի բացահայտել տեղում համապատասխան հնագիտական ուսումնասիրություններ կատարելուց հետո միայն: 
Նկատի ունենալով պարսպապատի շարվածքի ձեւը, ինչպես նաեւ` տեղագրական հետազոտություններից ելնելով, ամրոցի հիմնադրումը կարելի է վերագրել վաղ միջնադարին (V – VII դդ.), գուցեեւ` ավելի վաղ ժամանակների: Ժամանակագրական առումով ՙԹոմասի բերդ՚-ին համահունչ են նաեւ մասնավորապես տարածաշրջանի ՙԴիզափայտ՚-ի եւ ՙՄուլքուդարա- Չարաբերդ՚ ամրոցները: 
Ամրոցից 1 կմ հյուսիս - արեւմուտք, լեռան գագաթին մատուռ-սրբատեղի է, իսկ ստորոտում (հարավ-արեւելք)` բնակատեղի, դամբարանադաշտ` դամբանաբլուրներով ու կրոմլեխներով: Մեկ այլ դամբարանադաշտ էլ գտնվում է լեռնազանգվածից մոտ 1 կմ հարավ, Թոմաս բնակավայր տանող ճանապարհի վրա` հանդես գալով քարակույտերի տեսքով: Բացի այդ, ըստ ականատեսների, Թոմաս լեռնազանգվածից արեւմուտք, ամրոցից ուղիղ գծով մոտ 4-5 կմ հեռավորության վրա պահպանվում են մեկ այլ ամրոցի մնացորդները ՙՂազա զամի՚ (ՙԿազան զամի՚) տեղավայրում` հիմնականում մեծ քարերով, որի երբեմնի շարվածքներից մի հատված է պահպանվում մի քանի տասնյակ մետր երկարությամբ: 
ՙԹոմաս՚ եւ ՙՂազա զամի՚ տեղանվանումների ստուգաբանությունը
ՙԹոմաս՚.- Տեղանվանումը` իր տարատեսակներով հանդերձ, տարածում է գտել նաեւ այլ վայրերում: Այն հիմնականում վերաբերում է սրբացված լեռնային բարձունքների (հմմտ. Սուրբ Թովմա): Օրինակ, Թամբան` լեռնաճյուղ Մարտակերտի շրջանի Չափար գյուղից հյուսիս-արեւմուտք, Թմղլու (նաեւ Թբղլու)` բնակավայր Խաչենի հովտում, Թամցի (Թամցի եղցի)` գ. Բալուջա-Այգեստան), Թամբուլ` Նախիջեւանում, Թամբալ` Սիսիանի շրջան, Թամանիս (Դմանիս)` բերդ կամ բերդաքաղաք Գուգարքում եւ այլն, որոնց մասին տեղեկություններ են պահպանվել նաեւ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (հ. 2, Երեւան, 1988, էջ 405, 467 եւ այլն):
ՙՂազա զամի՚.- Անվանումը հուշում է տեղում մի նշանավոր հնավայրի առկայության մասին: Այն կազմված է ՙՂազ՚ (ՙԿազ՚) և ՙզամի՚ (ՙզեմի՚) բառերից, որն ունի ՙսուրբ հող՚ նշանակությունը: ՙԶամին՚-ն ըստ էության պարսկական ծագում ունի` ՙհող, երկիր՚ իմաստով: Հմմտ. ՙԱրանզամին՚` բնակավայր Ասկերանի շրջանում, որը կարելի է բացատրել երկու տարբերակով. որպես ՙԱռանի հող՚ (ՙԱռան երկրամասի հող, կալված՚) եւ ՙհարթ ու արեւակեզ տարածք՚ (հող) իմաստներով: Մեր կարծիքով ՙսուրբ հող՚ իմաստն ունի նաեւ Մարտակերտի շրջանի ՙՂազարահող՚ (Ղազրահող) գյուղանվանումը, որը համադրելի է Գանձասարի վանքի ՋՂԵ (1546թ.) արձանագրության մեջ հիշատակվող ՙԿասրայ՚ տեղավայրի հետ (Կասրա հող, կալված): 
 
Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ