[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՔԱՆԻ ՈՐ ԻՄ ՀԱՄԵՍՏ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՄ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾԻՆ՚

HOM_Jasmen_1_1.jpgՎերջերս Հայ օգնության միության (ՀՕՄ)-ի գործերով Արցախ էր ժամանել այս կառույցի ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի ընդհանուր հաշվապահ-հաշվեքննիչ,  2010թ. նաև այդ նույն գրասենյակի ընդհանուր տնօրեն, ՀՀ-ի և ԼՂՀ-ում միության աշխատանքները համակարգող, բարեգործ Ժասմեն ԲՈՒՆԻԱԹՅԱՆ-ՋԱՌԱՀՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք Արցախ գալու նպատակի և այլ հարցերի շուրջ:
Տիկին Ժասմենին հանդիպեցինք իր տանը, որը գտնվում է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում` Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հարևանությամբ: Դա լավ առիթ էր նաև պատմական էքսկուրս կատարելու համար...
Գյուղն իսկապես ծաղկաշատ էր, Նիկոլ Դումանի վերանորոգված տուն-թանգարանն էլ մերձակա նույնպես վերանորոգված տների ու տարածքի հետ զուգորդվում էր դրախտային հանգստյան գոտու հետ: Այնքա՛ն ճիշտ էին կատարված վերանորոգման աշխատանքները. ամենուրեք պահպանված էր հնաոճ ճարտարապետական տեսքը, անգամ փայտե ճաղաշարերի գույնը չէր հիշեցնում մեր օրերում պատրաստածի մասին: Բոլոր այդ տների բակերը բարեկարգված, բայց՝  նույնպես գյուղական ոճի մեջ: Աչք էին շոյում հնաոճ թոնիրը, օջախը, գյուղական ձևի ճոճանակը, դրսում դրած սեղանները...
Նման գյուղական հնաոճ վայրում ԱՄՆ քաղաքացու ապրելու ցանկությունը տիկին Ժասիկի (նրան բոլորն այդպես են անվանում) կերպարը դարձրեց էլ ավելի հետաքրքիր: Հատկապես որ նրա միջամտությամբ և հովանավորությամբ է հնարավոր եղել վերանորոգել այդ ամբողջը:
Տիկին Ժասիկն ուղղակի ապրում է Արցախով` ուրախանալով նրա ամեն մի հաջողությամբ: ՙԱրցախյան շարժումը զարթոնք էր բոլորիս համար: Միշտ զբաղվել եմ հայության գործերով, բայց Շարժումն ընդգծեց նպատակները, դարձրեց այն տեսանելի,- մի այլ ոգևորությամբ ասաց նա` շարունակելով,- Շարժումը մի նոր իմաստ տվեց ազգանպաստ գործունեությանը, լիցք և եռանդ հաղորդեց հայությանը: Հոգիներս խանդավառվեցին, ու զգացինք, որ կարևոր անելիք ունենք: 1991թ. ՀՕՄ-ի գործերով առաջին անգամ Հայաստան եկա: ՀՕՄ-ի ծրագրով` կապված հաշմանդամների հետ և մշակված Իրանահայ միության կողմից, 1995թ. եկա Արցախ: Սիրտս մղկտաց վշտից ու ավերածություններից: Սիրեցի այս հպարտ ու ազատատենչ ժողովրդին, և իմ կյանքը կապեցի Արցախի բարգավաճման հետ: Այն, ինչ տեսնում եմ ամեն գալով, ապշեցուցիչ տպավորություն է թողնում. հիշողությանս մեջ տպավորված հետպատերազմյան ահռելի պատկերի, այսօրվա գեղատեսիլ Ստեփանակերտի և բարեկարգվող Արցախի միջև տարբերությունը պարզապես  զարմացնում է, թե ինչպես այդ փոքրիկ երկիրն իր սուղ հնարավորություններով և այդքան կարճ ժամանակում կարողացավ ոտքի կանգնել: Ես շատ բարձր են գնահատում իշխանությունների և ժողովրդի նման ջանքերը՚:
Հարց ուղղվեց Ծաղկաշատի հետ կապված գործունեության մասին, և տիկին Ժասիկը պատմեց, թե ինչպես հերթական այցի ժամանակ, երբ հետաքրքրվեց օգնություն ցուցաբերելու հարցով, Սերգեյ Շահվերդյանը և Դավիթ Իշխանյանը տեղեկացրին, որ հայտնաբերվել են Նիկոլ Դումանի, Վարդան իշխանի տոհմական տները, և նրանք փափագ ունեն դրանք վերանորոգել: ՙԿարևորեցի այդ գործը, հատկապես որ ազգի նվիրյալների մասին էր խոսքը, և խոստացա, որ կդիմեմ եղբորս` Կարեն Բենիասյանին, ով բիզնես ունի  ԱՄՆ-ում ու սատարում է ազգանվիրյալ գործերին և ճանաչված բարեգործ է Ղափանում: Նա մեծ սիրով համաձայնեց, և Սերգեյ Շահվերդյանի մանրակրկիտ հսկողությամբ սկզբից վերանորոգվեց  ու  թանգարան դարձավ Նիկոլ Դումանի տունը, հետո` մոտակա տները, մերձակա տարածքը: Այնուհետև` քիչ վերև գտնվող Վարդան իշխանի տունը, մերձակա տները, և ես հասկացա, որ շատ սիրեցի այդ վայրը, ու ցանկացա մի տուն գնել ու նույն սկզբունքով վերանորոգել: Հիմա Արցախ գալուց միայն այստեղ եմ մնում: Հաճախ ինձ հետ բերում եմ ընտանիքիս անդամներին, այս անգամ ինձ հետ է տղա թոռնիկս, ով նույնպես շատ սիրեց այս գյուղը՚,- ասաց տիկին Ժասիկը:
Տեղեկացնենք, որ այս դրախտավայրում պահպանվել և վերանորոգվել է 250 հոգու համար նախատեսված մշակութային սրահը, որը կահավորված է. կան սեղաններ, աթոռներ, երկու երաժշտական կենտրոն, հեռուստացույց: Նպատակը` որ  երիտասարդությունը հաճախ ժամանի այս, կարելի է ասել, համալիրը` ազատ ժամանցը գեղեցիկ անցկացնելու համար և ակամայից մերձենա մեր պատմությանը, ծանոթանա մեր պապերի ապրելակերպին, հասկանա նաև դրա գեղեցկությունը: Նշենք, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի բացումը եղել է 2006թ., 2007-ին էլ` Վարդան իշխանի: 2013 թվականին էլ Ժասմեն Բունիաթյան-Ջառահյանի հովանավորությամբ լույս է տեսել Համլետ Գևորգյանի ՙՆիկոլ Դուման՚ գիրքը:
Մտահոգված լինելով գյուղացիների կենցաղային խնդիրներով, տիկին Ժասմենն սկսեց օգնել նաև նրանց: Բազմազավակ ընտանիքներին նվիրաբերվեցին մեկական կովեր, միայնակ կանանց` ձմեռվա փայտի պաշարը: Գյուղի գործերի համար նվիրվեց տրակտոր: Կանայք դիմեցին աշխատատեղեր ստեղծելու խնդրանքով։ Բերվեցին գորգագործական սարքեր, մի քիչ աշխատեցին, բայց գործն  առաջ չգնաց, բերվեցին կարի մեքենաներ, բայց գործը դարձյալ չստացվեց: Մի խոսքով` Ծաղկաշատի խնդիրներին սատարող կա:
ՀՕՄ-ի ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի ֆինանսավորմամբ Արցախում գործում է երկու մանկապարտեզ, հովանավորվում են 23 արցախցի ուսանողներ (զոհված ազատամարտիկների երեխաներ), իրագործվում են որբախնամ ծրագրեր: Այդ ամենի համակարգողն ու իրագործողը, ինչպես նշեցինք, տիկին Ժասմենն է:
Նա ծնվել է Պարսկաստանում, 14 տարեկանից մասնակցել է ՙԱրարատ՚ միության գործունեությանը, որտեղ և ի հայտ եկան նրա կազմակերպչական ունակությունները: 1984թ. տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր մասնակցությունը բերել սիրելի ՙԱրարատ՚ միությանը: Գործուն անդամ է նաև ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընհանուր միություն): 2006թ. ստացել է ՙՊատվո Արցախցի՚  կոչումը` Ծաղկաշատ գյուղի վերանորոգման աշխատանքները  կատարելու համար: 2007թ. կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից պարգևատրվել է որպես Տարվա կին: 2012թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով: Նույն թվականին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից ստացել է ՙԳիր Գնահատագիր՚` բացառիկ ազգօգուտ աշխատանքների համար: Տիկին Ժասմենը շատ ուրիշ պարգևներ էլ ունի,  սակայն անչափ երախտապարտ է Աստծուն, որը շնորհել է այնպիսի ուժ ու եռանդ, որ անգամ այս տարիքում նա ունակ է աշխատելու 18 ժամ և առանց հոգնելու: Շնորհակալ է նաև ծնողներին, մերձավորներին, ովքեր դաստիարակել են իրեն ազգասեր ոգով: Նա չի հոգնում հուշել, որ երջանիկ է, քանի որ իր համեստ ներդրումն ունի ազգանպաստ գործին: 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ