ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ՝ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների սաներին նոր ուսումնականի նախաշեմին հաճելի անակնկալ մատուցվեց. նորաձև, որակյալ դպրոցական հագուստն ու կոշիկները, որ նրանք ստացան օգոստոսի 26-ին, նվիրել է ծննդով բաքվեցի, ներկայումս ռուսաստանաբնակ Սերգեյ Պողոսյանը։
Ակցիայի կապակցությամբ Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած արարողությանը ներկա էր ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի փոխնախարար Լենստոն Ղուլյանը։
Բարեգործությունը հասցեատերերին է հանձնել Արցախի գործարարների միության նախագահ, ՙԴվին՚ ՍՊԸ գործադիր տնօրեն Դավիթ Դադայանը, ով նույնպես մասնակցություն է ունեցել ակցիայի նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ Ս. Պողոսյանը մեծահարուստ չէ, սակայն ուզում է օգտակար լինել իր հայրենակիցներին, ինչ-որ աջակցություն ցուցաբերել, որը, հավանաբար, շարունակական է լինելու։
ՙՍա հաստատության սաների համար մեծ նվեր է։ Բարեգործության դեպքեր, անշուշտ, լինում են, բայց մեր երեխաների համար առավել կարևորը նրանց հանդեպ ուշադրությունն է։ Անչափ երախտապարտ ենք բարերարին՚,- ասաց Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկի տնօրեն Նոնա Մուսայելյանը։
Ներկայումս թիվ 1 գիշերօթիկում աճում և դաստիարակություն է ստանում 23 երեխա (7 տղա, 16 աղջիկ), և նրանցից միայն մեկն է երկկողմանի ծնողազուրկ։ Գիշերօթիկ հաստատության նպատակը մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումն է, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Տնօրենի հավաստմամբ՝ ձգտում են հնարավորինս ընտանեկանին համապատասխան պայմաններ ստեղծել։ Վերջին ժամանակներս իրականացված վերանորոգման աշխատանքներն էլ ավելի հարմարավետ են դարձրել այստեղ կեցության պայմանները։
Գիշերօթիկի սաների առօրյան հագեցած է տարաբնույթ միջոցառումներով. ուսմանը զուգընթաց՝ նրանցից յուրաքանչյուրն ընդգրկված է որևէ խմբակում, մասնակցում հաստատությունում իրականացվող առօրյա աշխատանքներին։
Թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը գտնվում է Բերձորում։ Տնօրեն Սամվել Քոչարյանն անձամբ էր եկել բարեգործությունն ստանալու։ Բերձորի հաստատությունում 4-ից մինչև 17 տարեկան 24 երեխա է (13-ը՝ աղջիկ, 11-ը՝ տղա) խնամք ստանում։ Երեխաներից մեկը երկկողմանի, մնացածները միակողմանի ծնողազուրկ են։ ՙԳիշերօթիկի թե՜ շենքային ու թե՜ կենցաղային պայմանները նորմալ են, այցելուները միշտ էլ գոհ են մնում,¬ ասաց Ս. Քոչարյանը,¬առանձնակի խնդիրներ չկան, եղածներն էլ առօրյա են՚։
Գիշերօթիկների համար էլ ամառը հանգստի ժամանակաշրջան էր։ Կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Արցախի տարբեր տեսարժան վայրեր։ Գործին մեծապես աջակցել է ամերիկահայ Գրիգոր Հակոբյանը, ով Ստեփանակերտի գիշերօթիկում եղել է ճանաչողական այցով ու բարեգործական նպատակով։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանի խոսքով՝ գերատեսչությունն ամեն ինչ անում է գիշերօթիկի երեխաների խնամքն ու դաստիարակությունը հավուր պատշաճի իրականացնելու համար, բայց, իհարկե, ողջունելի են նաև կողքից արվող նմանատիպ աջակցությունները։
Գալիք՝ 2015 թվականին Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը կհանգրվանի Շուշիում, որտեղ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող շենքի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Ասել է թե՝ էլ ավելի բարեկեցիկ պայմաններում կապրեն ուշադրության արժանի և նույն ճակատագրի տեր արցախցի մեր երեխաները։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ