[ARM]     [RUS]     [ENG]

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ՝ ԳԵՐԽՆԴԻՐ

Սեպտեմբերի 29-ը  Սրտի համաշխարհային օրն էր
2000 թվականից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր։   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահացության հիմնական պատճառ են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի մահանում է 17,3 միլիոն մարդ։ Տարեցտարի այդ թիվն աճում է:
 Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի  23 միլիոնի։ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի տեղեկատվությամբ՝ սրտային հիվանդությունների և ինսուլտի հետևանքով վաղաժամ մահացության առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե վերահսկվեն ռիսկի  հիմնական  գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անդամ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել աղի չարաշահման դեմ, ինչը կնպաստի ինսուլտների և սրտային հիվանդությունների նվազեցմանը:
ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները սովորաբար համարվում են տարեց մարդկանց կամ տղամարդկանց հիվանդություն: Ըստ այդմ էլ կանայք թերագնահատում են  սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն վիճակագրական տվյալներով՝ տարեկան շուրջ 8,8 միլիոն կին մահանում է հենց այդ հիվանդություններից: Ռիսկի խմբի մեջ են նաև երեխաները, ու եթե սրտի առողջության պահպանմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն և ուշադրություն չդարձվի նրանց առողջ կենսակերպին, ապա այսօրվա երեխաները վաղը կհայտնվեն սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի խմբի մեջ: 
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ  խնդիրներից մեկը:  Մասնագետները պարզել են, որ արյան շրջանառության հիվանդություններից մահացությունը կազմում է 48%: Ընդ որում, մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են սրտանոթային հիվանդությունների ուշ հայտնաբերմամբ և դրանց զարգացման ռիսկի գործոնների լայն տարածվածությամբ: Ծխախոտի օգտագործումը, զարկերակային բարձր ճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը, ավելցուկային քաշը և  այլ գործոններ  նպաստում են այդ հիվանդությունների զարգացմանը: 
Հիմնախնդիրը լուծելու և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները նվազեցնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ՙՈչ վարակիչ հիվանդությունների կառավարում և կանխարգելում՚ ուղեցույցը: Դրանով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ այդ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները վաղ հայտնաբերելու ուղղությամբ: Առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանի բնակչության մահացության ավելի քան 50%-ը պայմանավորված է սիրտանոթային հիվանդություններով։ Խնդրի լուծման արդյունավետ միջոցառումներից են սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, սկրինինգային ծրագրերի օգնությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը։
Դեռևս մայիս ամսին  ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցում կազմակերպվել էր գիտաժողով՝ սրտանոթային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի միջոցների մասին թեմայով։ Ուսումնասիրվել է նաև բնակչության տեղեկացվածության մակարդակը նշված ռիսկի գործոնների, հիվանդության և հնարավոր բարդությունների մասին:  
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորել է նման գիտաժողովների դերն ու նշանակությունը, ընդգծել, որ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության միջոցով հնարավոր է կանխարգելել այդ հիվանդությունները, և որ սրտանոթային հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակակից արդյունավետ միջոցներին ու մեթոդներին տիրապետելը, ինչպես նաև որակյալ բուժօգնության ապահովումը: ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ևս անհրաժեշտ է համարել Արցախում սրտանոթային հիվանդությունների կապակցությամբ անցկացվող գիտաժողովների և այլ միջոցառումների անցկացումը: Սրտաբանի խոսքով, իրենք հետազոտությունների միջոցով պատկերացում են կազմել համապարփակ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների մասին։
Սրտանոթային հիվանդություններից մահացության նվազեցումը ռազմավարական կարևոր խնդիր է փոքրաքանակ բնակչություն ունեցող երկրների, հատկապես Արցախի համար։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը Հայկական բժշկական ասոցիացիայի և ֆրանսիական ՙԼե Լաբողատուաղ Սեղվիե՚ դեղագործական ընկերության հետ միասին տարածաշրջանում առաջին անգամ իրականացրել է սկրինինգային հետազոտություն Ստեփանակերտի չափահաս, աշխատանք ունեցող, գործունյա, իրենց առողջ համարող 700 ստեփանակերտցիների շրջանում։ 
Ուսումնասիրության ենթարկվածների 33%-ը տղամարդիկ էին, 67%-ը` կանայք։ Ծրագիրն իրականացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի և Երևանի սրտաբանության ազգային ինստիտուտի բազայի վրա։ Պ. Զելվեյանի պարզաբանմամբ՝ հետազոտության հիմնական նպատակն է  գործնականում առողջ և ասիմպտոմատիկ (առանց ախտանշանների) չափահաս մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումը՝ բարձր զարկերակային ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ, ծխամոլություն, թերակտիվ կենսակերպ, ավելորդ քաշ, ալկոհոլի չարաշահում և այլն։ Ուսումնասիրվել է բնակչության տեղեկացվածությունը նշված ռիսկի գործոնների, հիվանդության  հնարավոր բարդությունների մասին։
Մասնագետները փորձել են համապարփակ պատկերացում ունենալ ոչ վարակիչ հիվանդությունների և նրանց  գործոնների տարածվածության վերաբերյալ։ Ծրագրի գերխնդիրը սրտանոթային հիվանդությունների պատճառով մահացության դեպքերի նվազեցումն է, հատկապես մինչև 65 տարեկանը։ Ուսումնասիրության արդունքներով պարզվել է, որ Ստեփանակերտում յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ամենօրյա ծխող է, սննդակարգում կերակրի աղը չարաշահողները կազմում են 15% , ֆիզիկական թերակտիվություն  ունեցողները՝ 51%։ Դիտարկման տվյալներով՝ հարցվածների 35%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 72%-ը՝ բարձր խոլեստերին։ 25-60 տարիքային խմբի աշխատունակ բնակչության 54%-ն ունի զարկերակային գերճնշման խնդիր։ Այդ խնդիրն ունի 18-45 տարիքային խմբի 40%-ը (Հայաստանում այդ թիվը 20%-ից չի անցում)։ 
 Պ. Զելվեյանի խոսքով՝ սկրինինգի արդյունքներն անչափ կարևոր են հետագա ռազմավարական նշանակության միջոցառումների անցկացման համար, որոնք կիրականացվեն ԼՂՀ առողջապահության նախարարության, Հայկական բժշկական ասոցիացիայի, ՙԼե Լաբողատուաղ    Սեղվիե՚ դեղագործական ընկերության հետ համատեղ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ