[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ. ԽՆԴԻՐՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

3342.jpgՆերքաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման վերաբերյալ Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումը քաղաքացիների մոտ առաջացրել է բողոքի ալիք։ 
Արդյունքում սեպտեմբերի 24-ից տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Ձևավորվել է կազմակերպչական նախաձեռնող խումբ, որին սատարում է ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցությունը, որի կողմից կազմակերպվել է  սոցիալական հարցում և հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ:
Ազգային վերածնունդ՚ կուսակցության տրամադրած տվյալներով, քաղաքապետարանը ներկայացրել է հետևյալը: Ուղեվարձի բարձրացման հայտեր են ներկայացրել ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ-ն և ՙՄհեր՚ ՍՊԸ-ն՝ առաջարկելով գները բարձրացնել. առաջինը՝ մինչև 120 դրամ, երկրորդը՝  112 դրամ: Քաղաքապետարանի որոշմամբ ընդունվել է 100 դրամ սակագին: Պարզաբանվել է նաև, որ ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ-ի բաժնետոմսերը պատկանել են քաղաքապետարանին, սակայն 2012թ. վաճառվել են Արցախի ներդրումային հիմնադրամին: Թե՜ հիմնադրամի տնօրենը, թե՜ ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ-ի տնօրենը հաստատեցին, որ ընկերությունն աշխատում է  ամսական 7-10 մլն դրամի չափով  վնասով։ Արցախի ներդրումային հիմնադրամը սուբսիդավորում է ընկերությանը տարեկան մինչև 100 մլն դրամի չափով: ՙՍտեփանակերտ սերվիսը՚ սպասարկում է 10, 13, 14, 16 համարների ավտոբուսային երթուղիները, փորձնական համարվող 18-րդ միկրոավտոբուսային երթուղին և Աջափնյակ թաղամասը սպասարկող 10-րդ միկրոավտոբուսային երթուղին: ՙՍտեփանակերտ սերվիսը՚ ավտոբուսային երթուղիների մրցույթը շահել է 7 տարի ժամանակով։
Մհեր Մովսիսյանին պատկանող ՙՄհեր՚ ՍՊԸ-ն սպասարկում է 17-րդ ավտոբուսային և 12, 15 միկրոավտոբուսային երթուղիները:  ՙՄհեր՚ ՍՊԸ-ն աշխատում է շահույթով, չնայած ներդրողի սպասումները շահույթի մասով արդարացված չեն։ 
Թե՜ ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ, թե՜ ՙՄհեր՚ ՍՊԸ տնօրենները կողմ արտահայտվեցին ուղեվարձի բարձրացմանը: Երկուսն էլ նշեցին, որ Հեքիմյան փողոցի անբարեկարգ լինելու պատճառով լրացուցիչ նորոգման ծախսեր են ունեցել, դժգոհեցին նաև անբարեխիղճ ուղևորներից, որոնք փչացնում են նստատեղերը: ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ-ի համար ուղեվարձի բարձրացումը թույլ կտա  նոր գումարներ ներգրավել ապագա ներդրումների համար: Ըստ Մհեր Մովսիսյանի՝ թանկացումը հնարավորություն կտա ավելի արագ փակել ներդրումների համար ներգրավված առևտրային վարկը և կատարել նոր ներդրումներ: Տրանսպորտի սակագնի բարձրացումը, ըստ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Ա. Միրզոյանի, թույլ կտա տարեկան տնտեսել 100 մլն դրամ, որն այժմ ուղղվում է ՙՍտեփանակերտ սերվիսի՚ սուբսիդավորմանը:
Ուղևորները հիմնականում գոհ են տրանսպորտային ծառայությունից: Դժգոհություններ կան` կապված Աջափնյակ թաղամասի (սպասարկվում է միկրոավտոբուսային 10-րդ երթուղու կողմից) տրանսպորտային սպասարկման հետ:
Սոցհարցում է անցկացվել 288 ուղևորների  շրջանում: Հարցումներից պարզվել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում եկամուտների ավելացում հիմնականում ունեցել են քաղծառայողները և պետական ծառայողները, եկամուտները չեն աճել մասնավոր հատվածում աշխատողների մեծամասնության մոտ: Ընդհանուր առմամբ` հարցվածների 58%-ի մոտ եկամուտների ավելացում չի եղել, 40%-ի մոտ եղել է, իսկ 2%-ի մոտ եկամուտները պակասել են: Մինչև 45 հազար դրամ ստացողների ճնշող մեծամասնությունն աշխատում է մասնավոր հատվածում: Հարցվողների 40%-ն աշխատում է քաղծառայության (պետական ծառայության) ոլորտում, մասնավոր հատվածում՝ 26%-ը, կրթական ոլորտում՝ 7%-ը, անհատ ձեռներեց են 7%-ը, չի աշխատում հարցվողների 20%-ը (հիմնականում ուսանողներ): Հարցվածների 79%-ը պատասխանել է, որ թանկացումներն էական ազդեցություն կունենան իրենց ընտանեկան բյուջեի վրա, 10%-ը գտնում է, որ էական ազդեցություն չեն ունենա, իսկ 11%-ը դժվարանում է պատասխանել: Հարցին, թե՝ արդյո՞ք կմասնակցեն ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների, եթե այդպիսիք կազմակերպվեն, հարցվողների 54%-ը պատասխանել է դրական, 26%-ը դեմ է  բողոքի ակցիաներին, 20%-ը դժվարացել է պատասխանել:
Նախաձեռնող խումբը տրանսպորտի նոր սակագնի դեմ կազմակերպել է ստորագրահավաք, որին միացել է մոտ 3000 մարդ: 
Ելնելով այն հանգամանքից, որ ՙՄհեր՚ ՍՊԸ-ն աշխատում է շահույթով (թեկուզ՝ նվազագույն), և որ երկու սպասարկող ընկերությունների վարորդների վրա դրված է օրական հանձնվող գումարի գրեթե նույն պլանը, նախաձեռնող խումբը եկել է այն եզրակացության, որ սակագնի բարձրացումն անհիմն է, որի թիրախը հիմնականում կդառնա սոցիալապես անապահով խավը: Ուստի կազմակերպվել են միտինգներ քաղաքապետարանի առջև, որտեղ հավաքվածները վանկարկում էին՝ ՙՈչ՝ 100 դրամին՚: Կայացել է  հանդիպում քաղաքապետարանի պատասխանատուների հետ, և որոշվել է կազմակերպել միտինգ կառավարության շենքի առջև:
Սեպտեմբերի 29-ին միտինգավորները եկել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին, որ գործադիրը սուբսիդավորի տրանսպորտի ոլորտը` հաշվի առնելով և այն փաստը, որ անգամ զարգացած երկրներում այդ ոլորտը սուբսիդավորվում է պետության կողմից:
Միտինգավորների մի մասին ընդունել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, որի առջև նախաձեռնող խումբը՝ ի դեմս Տիգրան Գրիգորյանի, դրել է պահանջները և հիմնավորումները։ 
- Որպես սոցիալական պետություն (ըստ ԼՂՀ սահմանադրության)՝ կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել  ներքաղաքային տրանսպորտի սուբսիդավորումը, եթե այն վնասով է աշխատում, քանի որ նման մոտեցումն ընդունված է անգամ զարգացած երկրներում: Պահանջը հիմնավորված է նրանով, որ երկրում առկա է սոցիալական անապահով մի ստվար զանգված, որի վրա դնել տրանսպորտի ֆինանսական ողջ բեռը՝ անարդարացի է, մանավանդ որ այդ խավի մարդկանց աշխատավարձերը բարձրացվել են ոչ համարժեք,- շեշտեց Տ. Գրիգորյանը։ Նա առաջարկել է պակասող գումարը գոյացնել՝ պակասեցնելով պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների քանակը: 
Վարչապետը հիմնավորեց պաշտոնական մոտեցումը.
- Խնդիրն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, եզրակացությունն այն է, որ այսօրվա դրությամբ գործող 70 դրամ սակագինը չի հատուցում կատարած ծախսերը: Սակագնի բարձրացման հայտը մի քանի անգամ քննարկման է դրվել, սակայն կառավարության առաջարկով քաղաքապետարանը մերժել է` հաշվի առնելով հենց ժողովրդի սոցիալական վիճակը: Համաձայնությունը տրվեց միայն թոշակների, աշխատավարձերի բարձրացումից հետո: Նվազագույն աշխատավարձը երկրում պետք է կազմի 50000 դրամ, որը պարտադիր օրենք է նաև մասնավոր սեկտորի համար` չնայած կա վերլուծություն, համաձայն որի՝ ոչ բոլոր մասնավորներն են հետևում օրենքին, ինչը առաջացնում է խնդիրներ, որոնք ամպայման կլուծվեն: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ես իրավասու չեմ նման որոշում կայացնելու: Ընդհանուր առմամբ բյուջետային գործընթացը ձևավորվում է բյուջեի նախագծի մշակման ժամանակ, այսինքն՝ դա պետք է մտցվի բյուջետային ծրագրի մեջ, և եթե Ազգային Ժողովը որոշի այն ընդունել, դա կստանա օրենքի ուժ և կսկսի գործել 2015 թվականից: Սակայն, ինչպես գիտեք, բյուջեի հնարավորությունները սահմանափակ են, իսկ լուծելու խնդիրները՝ բազմաթիվ, հատկապես որ 2015-ից պետք է կարողանանք ապահովել նվազագույն աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացումը, որը պետության հռչակած քաղաքականությունն է: Այժմ իմ անձնական կարծիքը հայտնեմ: Դուք պահանջում եք սուբսիդավորել Ստեփանակերտում գործող ներքաղաքային տրանսպորտի ոլորտը: Հարց է ծագում` ինչո՞վ են ստեփանակերտցիներն առավել հանրապետության մյուս քաղաքացիներից: Եթե սուբսիդավորման խնդիր դրվի, ապա դա պետք է վերաբերի տրանսպորտի ամբողջ ոլորտին, իսկ այդպիսի գումարներ հայթայթել անհնար է: Մի մոռացեք, որ կառավարությունն իր վրա է վերցրել էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը:
Գրեթե մեկ ժամ տևած քննարկումների ժամանակ վարչապետը միտինգավորներին առաջարկեց ներքաղաքային տրանսպորտի սակագնի վերաբերյալ իրականացնել անկախ աուդիտորական վերլուծություն, եթե նրանք գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա:
Դիմելով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, փորձեցինք պարզաբանել հասարակության համար կարևոր մի հարց` նախատեսվո՞ւմ են զեղչեր գոնե թոշակառուների, արտոնյալ խմբերի, ինչպես նաև աշակերտների և ուսանողների համար: Ի պատասխան հնչեց այն միտքը, որ նշված խավը հանրապետությունում կազմում է մի ստվար մաս, և զեղչ կատարելու դեպքում դա կպահանջի բավականին մեծ գումար, որը, ամենայն հավանականությամբ, չի գտնվի քննարկվող բյուջեում, քանի որ նախատեսված են սոցիալական այլ  ծրագրեր: Այնուամենայնիվ, փորձ կարվի հարցը դնել Ազգային Ժողովում:
Պարզաբանեցինք նաև ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի դիրքորոշումը բողոքի ակցիայի և հետագա քայլերի վերաբերյալ: Մեր այն հարցին, թե ինչու է բողոքի ակցիան կազմակերպվել սակագնի բարձրացման  որոշումն  ուժի մեջ մտնելուց ընդամենը մի շաբաթ առաջ, նա պատասխանեց, որ որոշման մասին տեղեկանալուց մեկ շաբաթ անց սկսեցին տանել կազմակերչական աշխատանքներ`սոցհարցում իրականացնելու վերաբերյալ. հանդիպումներ պատկան  մարմինների, ժողովրդի հետ: Ուշացումը կապված է նաև ուսումնական տարին սկսվելու հետ, քանի որ պայքարի դուրս է գալիս հիմնականում երիտասարդությունը: 
Հ. Խանումյանն ընդգծեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն: ՙՍա առաջին բողոքի ակցիան է, որն ունի մեկ այլ նպատակ` իշխանություններին զգուշացնել, որ չի կարելի առաջացած տնտեսական խնդիրները լուծել սոցիալական անապահով կամ նվազ  ապահով խավի հաշվին: Ընդհանրապես, բոլոր ակցիաները չէ, որ ունենում են դրական արդյունք, բայց դրանք ձևավորում են քաղաքացիական հասարակություն, նպաստում, որ իշխանությունները նման որոշումներ ընդունելուց առաջ կազմակերպեն հանրային քննարկումներ, որը մեզ մոտ ընդունված չէ: Դա է  ժողովրդի ձայնը դարձնում  լսելի՚,- շեշտեց  կուսակցության նախագահը:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ