[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿՈՒՄ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՐՑԸ

naxidjevanik1.jpgՆախիջևանիկ համայնքում աննախադեպ տոնի էին պատրաստվել։ Հավաքվել էին գյուղաբնակները երկու պատերազմներում զոհված նախիջևանիկցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ էլ աղ ու հացով դիմավորեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին և SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության անդամներին։ 
Նախիջևանիկում խմելու ջրի ցանցի բացում էր, ասել է թե՝ ամենակենսական խնդրի լուծում։ 
Բացման խոսքով հանդես եկավ Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սահակյանը։ Անկասկած, նախիջևանիկցիները վաղուց էին սպասում այս օրվան։ Նրանք միշտ նվիրված են եղել հարազատ հող ու ջրին՝ անվարան կցվել են գյուղի շենացման գործին։ Հարկ եղած դեպքում բահի տեղ զենք են բռնել, պաշտպանել հարազատ լեռնաշխարհը։ Ու կրկին շարունակել հողը ջրել քրտինքով։ Գյուղում ջրի կարիքը միշտ էլ զգացվում էր։ Գյուղացիները  ձորից էին ջուր բերում ամենօրյա կարիքները հոգալու համար։ Ինչպես նշեց Ս. Սահակյանը, ուրախալի է ոչ միայն ջուր ունենալու փաստը, այլև, որ այն իրականացավ մարդկային ամենամեծ արժանիքներից մեկի՝ բարության շնորհիվ։
Նախիջևանիկ համայնքի ղեկավար Անատոլի Սահակյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ իրականություն դարձավ գյուղացիների տասնամյակներ շարունակ փայփայած երազանքը՝ հայ-ֆրանսիական բարեկամության ուժով Կարկառի ափամերձ աղբյուրների ջրերը հասել են Դրդնգան լեռան լանջերին։ Հասել են ապացուցելու, որ բարեկամությունն ու համախմբավածությունն են բարիք արարում։ 
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչապետ Արա Հարությունյանին, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, ՙՍեդրակ Մարտեն՚ հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենին և փոխնախագահ Դանիել Մարտենին, ինչպես նաև ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժակ Մաթոսյանին, որոնց բարի կամքի, մարդասիրության և առատաձեռնության շնորհիվ իրականություն դարձավ նախիջևանիկցիների վաղեմի երազանքը։
Ողջունելով նախիջևանիկցիներին՝ Արցախի կառավարության ղեկավարը շնորհավորեց նրանց գյուղի համար պատմական օրվա կապակցությամբ։
- Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաեւ Վարդաձորում։ Ջրի սակավության պատճառով գյուղատնտեսությունն այս տարի բավականին վնասներ կրեց։ Հնարավորության սահմաններում պետության և բարերարների միջոցները կուղղենք նման հրատապ խնդիրների լուծմանը-,  հավաստիացրեց Ա. Հարությունյանը։
Ժակ Մաթոսյանը խոստացավ, որ հերթական ջրատարի ցանցի բացումը կլինի Վարդաձորում։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն ասաց.
- Խոնարհվում եմ բոլոր այն քաջերի առջև, ովքեր անվարան նետվել են ազատության ու անկախության համար մղված պայքարի հորձանուտն ու հայրենիքի ազատության համար պայքարի զոհասեղանին դրել իրենց կյանքը։ Անկասկած, այստեղ հավաքվածների մեջ են քաջարի մարտիկների հարազատները, որոնց առջև ես խոնարհվում եմ։ Ժամեր առաջ մենք Հարավում էինք, որտեղ մանկապարտեզի բացում էր, այստեղ էլ ջրատարի բացում է, իսկ ջուրը կյանք է։ Հայ-ֆրանսիական բարեկամությունը կառուցվել է Ժակ Մաթոսյանի շնորհիվ, ով արժանացել է Ֆրանսիայի կառավարության ՙԱրժանիքներ՚ մեդալի։ Նա շատ պրպտող անձնավորություն է, ով շատ է շրջագայել աշխարհում, ու այժմ իր պարտքն է համարում ծառայել իր հարազատ ազգին։ Նրա շնորհիվ է, որ այսօր մենք այստեղ ենք։ Ժակի խոսքը համոզիչ է, նրա ցանկացած նախաձեռնություն կյանքի է կոչվում։  
Ֆրանսուա Ռոշբլուանը, ողջունելով Արցախի կառավարությանը՝ երախտագիտություն հայտնեց ծրագրին դրական արձագանքելու համար, ինչպես նաև նշեց, որ սա նրա 28-րդ այցն է Հայաստան և 9-րդը՝ Արցախ, վստահեցնելով, որ վերջինը չէ։
- Կեցցե՜ հայ-ֆրանսիական բարեկամությունը,- հայերեն լեզվով ասաց Ֆ. Ռոշբլուանը, ինչը մեծ ցնծությամբ ու ոգևորությամբ ընդունվեց։
Գյուղի մշակույթի տան ասմունքի և երգի խմբակի երեխաները հանդես եկան ղարաբաղյան տաղիկների գեղեցիկ արտասանությամբ ու հայրենասիարական երգերի կատարմամբ։ Իսկ Ղարաբաղցի այայի դերի մեջ մտած աղջնակի բեմական կերպարը հիացրեց ներկաներին։ 
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ժակ Մաթոսյանին և Ֆրանսուա Ռոշբլուանին։ Ցայտաղբյուրից առնելով անմահական ջրի համը՝ հյուրերը զուռնա-դհոլի նվագակցության տակ շուրջպար բռնեցին։ 
Արցախի բնակավայրերից ևս մեկում լուծվեց կյանքի համար կարևորագույն հիմնախնդիր։  Ինչպես տեղեկացանք ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚  ՓԲԸ տնօրեն Սամվել Հարությունյանից, տեղադրված են ջրաչափեր, սակայն նախիջևանիկցիները դեռևս ռեժիմով ջուր կստանան, իսկ ժամանակի ընթացքում այստեղ անցնելու են շուրջօրյա ջրամատակարարման։