[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՈՒՄ ՀԱՐԱՎ ԳՅՈՒՂՈՒՄ

mankapartez.jpg
SPFA հայ-ֆրանսիական կազմակերպությունը, երկար տարիներ գործելով Արցախում, բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչել՝ մանկապարտեզների ու խաղահրապարակների կառուցում, ջրատարների անցկացում և այլն։ Հերթական ծրագիրը, որ իրականացվել է կազմակերպության ու  ԼՂՀ կառավարության համագործակցության արդյունքում՝ Ասկերանի շրջանի Հարավ համայնքում մանկապարտեզի կառուցումն է։ 
Օրերս տեղի ունեցավ Հարավի ՙՄերսեդես և Ֆաբիան Ջաբուրյաններ՚ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, պետական պաշտոնյաներ, SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության անդամներ, բարերարներ, հարավցիներ։ 
Նախքան միջոցառումն սկսելը Արա Հարությունյանը մոտիկից ծանոթացավ հարավցի դպրոցականների հետ՝ մտերմիկ զրույցի բռնվելով  հասարակության ամենապարզ ու շիտակ խավի՝ մանուկների հետ։ Ա. Հարությունյանի այն հարցին, թե երեխաներն ի՞նչ կցանկանային, վերջիններս անկաշկանդ վրա տվեցին՝ համակարգիչ, հեծանիվ, պլանշետ… Կառավարության ղեկավարը խոստացավ՝ նվերները կլինեն Ամանորին։ 
Ի դեպ, վարչապետը դատարկաձեռն չէր եկել միջոցառմանը. նորաբաց մանկապարտեզը համակարգիչ նվեր ստացավ։
Բացման խոսքով հանդես եկավ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանը։  Ողջունելով հյուրերին՝ նա ասաց, որ իրանականացավ գյուղի հասարակության երազանքներից մեկը։ Նրանց համար չկա ավելի մեծ երջանկություն, քան նման գեղեցիկ ու հարմարավետ, ժամանակի պահանջներին համահուչ կահավորված մանկապարտեզ ունենալը։ Հ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Արցախի կառավարությանն ազգապահպան ձեռնարկմանն աջակցելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, նաև երախտագիտություն՝ բարերարներին։
Հարավ համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանն իր խոսքում նշեց, որ միջոցառման մասնակիցներն այսօր ականատեսն են երկու ժողովուրդների բարեկամության առհավատչյան հանդիսացող բարեգործությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության արդյունքում կառուցված այս հրաշալի մանկապարտեզի բացմանը։ 
- Սփյուռքը բոլոր ժամանակաշրջաններում միշտ թև ու թիկունք է եղել հայ ժողովրդին։ Դրա վառ ապացույցն Արցախում կառուցված և վերանորոգված բազմաթիվ դպրոցներն ու մանկապարտեզներն են, բազմաթիվ այլ կառույցները։ Անկասկած, նաեւ նրանց շնորհիվ են Հայաստանն ու Արցախն օրեցօր բարգավաճում ու շենանում,- ասաց թոշակառու ուսուցչուհի Թամարա Առուստամյանը։
Մանկապարտեզի կառուցումը խթան կհանդիսանա, որպեսզի գյուղում նոր ծնունդներ գրանցվեն, ու, որպեսզի երիտասարդները չլքեն գյուղը։ Մյուս կողմից էլ ծնողները համոզված են լինելու, որ իրենց փոքրիկների խնամքը, գեղագիտական դաստիարակությունն ու ապագան հուսալի ձեռքերում են։ Ներկայում Հարավում մինչև 5 տարեկան 25 երեխա կա։ Միջնակարգ դպրոցում ուսում է ստանում 44 աշակերտ։ Գյուղում հիմնականում լուծված է զբաղվածության հարցը։ 
Մանկապարտեզի տնօրեն Սիլվա  Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ժամանակակից չափորոշիչներին համահունչ մանկապարտեզ ունենալը հարավցիների վաղեմի երազանքն էր։ Նա մանկապարտեզի աշխատակիցների անունից խոստացավ ջանք ու եռանդ չխնայել երեխաների ապահովության,  ժամանացի կազմակերպման և հայրենասիրական ոգով դաստիարակելու համար։ Մեր մանուկներն այսօր պետք է անհոգ մեծանան, որպեսզի սիրեն իրենց ծննդավայրը՝ Արցախ աշխարհը, եւ որ ամենակարեւորն է՝ ամուր կապված լինեն իրենց հող ու ջրին։
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով շրջանում լայնածավալ բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար, բարերարներին նվիրեց արցախյան չքնաղ տեսարաններով գեղանկարներ։
Ներկաների հետ տպավորություններով կիսվեց Ժակ Մաթոսյանը, ով, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր  Ֆրանսուա Ռոշբուլանի բնութագրմամբ, այնպիսի անձնվորություն է, որ մշտապես աշխատում է ու կանգ առնել չգիտե։ Ժակ Մաթոսյանն անգնահատելի աշխատանք է կատարում ու այնքան է եռանդով ու ավյունով լեցուն, որ դեռ շատ գործեր կկատարի Արցախում, համոզմունք հայտնեց Ֆ. Ռոշբլուանը։
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ֆաբիան Ջաբուրյանին և Անդրանիկ Ղազարյանին։ Ներկաները, շրջելով նոր մանկապարտեզում, հիացան  նրա հարմարավետությամբ ու կատարված նրբաճաշակ աշխատանքներով։
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին դպրոցի աշակերտները, հանդես գալով գեղեցիկ արտասանություններով, հումորային բեմականացմամբ և ազգային պարով։ Ասկերանի ՙԲերդ՚ համույթը հյուրերին և հարավցիներին ճոխ ներկայացավ  տոնական ծրագրով։