[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

DSC00685.JPGՄարդիկ հաճախ կարծում են, թե աշխատանքը, բիզնեսը, եկեղեցին ամենագլխավոր դերն են խաղում իրենց կյանքում, մինչդեռ ամենակարևորն ընտանիքն է։ Կայուն ընտանիքը հզոր պետության ու առողջ եկեղեցու հիմքն է։ Մարդու և՜ հաջողությունը, և՜ դժբախտությունը գալիս են ընտանիքից։
 Այն կարող է մարդու կյանքը վերածել դժոխքի կամ դրախտի։ Իսկ դա կախված է ընտանիքի անդամների ցուցաբերած մոտեցումներից, ունեցած աշխարհայացքից։ 
Այս թեմայի առումով տարբեր կարծիքներ են արծարծվում, և, ցավոք, այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտանեկան ավանդույթները փորձում են քայքայել և մարդու ազատ իրավունքի, ազատ ընտրության քողի տակ փոխել ամուսնության վերաբերյալ սահմանումը։ Այս մարտահրավերների դեմն առնելու համար եկեղեցին, քրիստոնեական կազմակերպություններն աշխարհի տարբեր հատվածներում զանազան միջոցառումների օգնությամբ բարձրաձայնում են ամուսնության մասին իրական ճշմարտությունը։ Այդ առումով հոկտեմբերի 2-4-ը Ծաղկաձորում կազմակերպվեցին ընտանեկան զույգերի հանդիպումներ,  քննարկվեցին ամուսնությանը վերաբերող կարևոր հիմնախնդիրներ, երեխաների ճիշտ դաստիարակության հարցեր։ Մասնակցում էին ՀՀ, ԼՂՀ և միջազգային քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ։ 
Ինչպես մեր Հայ Առաքելական եկեղեցին, այնպես էլ միջազգային քրիստոնեական այլ կազմակերպություններ ընտանիքը համարում են մի սրբություն։ Սակայն այսօր շատերն ընտանիք հասկացության տակ հասկանում են միայն սեռական հարաբերություններ կնոջ և տղամարդու միջև ու ձգտում քաղաքացիական ամուսնությունների և այլ կարգի հարաբերությունների։ Տարբեր միջոցներով գովազդվում են անառողջ սեռական կյանքը, միասեռականությունը, անգամ մարդու և կենդանիների միջև սեռական կապեր և այլ արատավոր երևույթներ, որոնք  աղավաղում են ընտանիքի վերաբերյալ իրական նշանակությունն ու պատկերացումները։ Ցավալին  այն է, որ եվրոպական, այսպես կոչված՝ զարգացած երկրներում փորձում են պետական մակարդակով օրինականացնել այդ շեղումները։ Եվրամիության կողմից թելադրված վերոնշյալ գաղափարները մարդկանց շրջանում առաջացնում են տարակարծություններ ընտանեկան արժեքների վերաբերյալ, ինչն էլ քայքայում է մարդկային հարաբերությունները։  Ամուսնությունը երկու հակառակ սեռերի միջև հաստատված միությունն է. ուժեղ պետություն ունենալու համար յուրաքանչյուր ազգ պետք է ունենա առողջ և ուժեղ ընտանիքներ։ Եթե քայքայվեն ընտանեկան ավանդույթները, աստիճանաբար կքայքայվի և ազգը։ Մարդիկ ձգտում են կարիերայի և զուգընկեր փնտրում միայն սեռական կյանքի համար։ Արդեն եվրոպական դարձած այս արժեքները ներթափանցում են և մեր իրականություն։ Ոմանք, եթե ամուսնանում են, ձգտում են առաջիկա տարիների ընթացքում երեխա չունենալ, իսկ եվրոպական երկրներում միասեռ ամուսնացած մարդիկ պահանջ են ներկայացնում երեխաներ որդեգրելու։ Սակայն միայն աստվածաշնչյան հիմքի վրա ստեղծված ընտանիքը կարող է առողջ ընթացք ունենալ և ազգի համար պիտանի լինել։ Այս և նման գաղափարներն էին արծարծում Ծաղկաձորում հավաքված քրիստոնյա զույգերը և կոչ անում հետևել աստվածաշնչյան ճշմարտություններին, նպաստել ընտանիքի, եկեղեցու և ազգի ամրապնդմանը։ Առողջ ընտանիքը բարձրացնում է ազգը, իսկ այսօրվա եվրոպական որոշ կազմակերություններ, ուղղություններ փոշիացնում են ընտանեկան արժեքները և տեղ տալիս արատավոր երևույթներին։ Միաժամանակ Եվրոպա մուտք են գործում մուսուլմանները՝ իրենց սովորույթներով ու կրոնով, և արագ թափով նրանց թիվն աճում է, իսկ եվրոպական կեղծ արժեքներով տոգորված երկրներում արձանագրվում է ծնելիության կտրուկ նվազում։ Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն եվրոպական, այլև աշխարհի մյուս երկրների համար։ Այդ տեսանկյունից Հայաստանը դեռևս ունի առավելություն ընտանեկան արժեքների վերաբերյալ, և շատերը դեռևս դրանք սրբություն են համարում։ Այս հարցում իրենց մեծ դերն ունեն ինչպես Հայ Առաքելական եկեղեցին, այնպես էլ  ընտանեկան արժեքների մասին մեր նախահայրերի թողած պատկերացումը։ Պարզապես պետք է զգոն լինել, որ կեղծ արժեքները չսողոսկեն և ներսից չքայքայեն ոչ միայն ընտանիքները, այլև մեր ազգը։ Այսօր պետք է առավել կարևորվի ընտանիքի և ազգային գաղափարախոսության դերը։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև արհեստական վիժումներին, ամուսնալուծություններին և երեխաների դաստիարակությանը վերաբերող հարցեր։ Աստվածաշնչում շատ է խոսվում ընտանիքի մասին։ Այդ թեմայի մասին գրված է Ծննդոց գրքից մինչև Հայտնություն։ Ընտանիքն այն տեղն է, ուր դրսևորվում է մարդու անհատականությունը։ Այստեղ մարդն ազատ է իր պահվածքի, մտածելակերպի և այլ հարցերում։ 
Երեխաների դաստիարակության հարցի վերաբերյալ նշվեց, որ այն սկսվում է ծննդյան պահից։ Համարվում է, որ աշխարհում աստվածաշնչյան ամենամեծ ինստիտուտն իրենց երեխաներին Աստվածաշունչ կարդացող հայրիկն ու մայրիկն են։ Բացի դրանից, ծնողների կյանքը, արարքները, բառերը, աշխարհայացքը երեխաների համար մեծ նշանակություն ունեն։ Ծնողների աշխարհայացքը, ազնվությունը, ընթերցած գրականությունը, դիտած հեռուստածրագրերը, այլ մարդկանց հետ շփվելու ձևերը նույնպես ներգործում են երեխաների վրա։ Շատ կարևոր է երեխաների հետ ունեցած ամենօրյա հաղորդակցությունը։ Ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել ծնողների ներկայությանն ու սիրուն։ Երեխաներն ապրում են այնպիսի մի աշխարհում, որտեղ սկսում են անտեսվել բարոյական արժեքները, անգամ ուսուցիչներն են տատանվում իրենց մտքերի ու դատողությունների մեջ։ Աշխարհի բարոյական ու հոգևոր այդ խառնաշփոթում երեխաները կարիք ունեն ընտանեկան հաղորդակցության, որտեղ էլ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Աստվածաշունչը կարևորում է ընտանեկան աղոթքը։ Ընտանիքի անդամների համատեղ  աղոթքը, աստվածաշնչյան հատվածների ընթերցումն անչափ կարևոր են հատկապես ընտանեկան արժեքներին նետված մարտահրավերներին դիմագրավելու համար։ Ժամանակակից աշխարհում ընտանիքը բախվում է խնդիրների, փորձությունների, ու այդ ամենին դիմագրավելու համար ընտանիքի անդամները պետք է իրար օգնեն, աջակցեն և միասին լուծում գտնեն։ Ոչ ոք կատարյալ չէ, ուստի պետք է միմյանց զիջել և միմյանց մեջ տեսնել դրական հատկանիշներ ու Աստծո խոսքի լույսի տակ փնտրել խնդրի լուծումը։ 
Հանդիպան մասնակիցները քրիստոնյա զույգի փոխհարաբերությունները համեմատեցին եռանկյան հետ, որի գագաթն Աստված է։ Ամուսինը գտնվում է եռանկյան հիմքի մեկ անկյունում, իսկ կինը՝ մյուս։ Եվ ինչքան ամուսինները ձգտում են ավելի մոտենալ Աստծուն ու Աստծո խոսքին, նրանք ավելի մոտ են դառնում միմյանց իրենց ամուսնական փոխհարաբերություններում։ Ու, կրկնենք, ինչքան առողջ լինեն ընտանիքները, այնքան ուժեղ կլինի պետությունը։
Արցախ աշխարհի համար դա առավել  քան կարևոր է։ Առողջ ընտանիքներից կելնեն հայրենասեր զավակներ, ազգի համար պիտանի մարդիկ, որոնք անտարբեր չեն մնա նրա ճակատագրի հանդեպ և, ընդհանրապես, կնպաստեն հայրենիքի բարգավաճմանը։ 
 
Ստեփանակերտ-
Ծաղկաձոր-Ստեփանակերտ 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ