[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԱԶԵԼ ԵՆ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔԵՐԸ

yasherichnaya_zmeya_big_2.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2013թ. մայիսից ԼՂՀ առողջապահության նախարարության հանձնարարականով հաստատվել է օձի և կարիճի խայթոցի դեպքում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ուղեցույցը, որպեսզի առավել արդյունավետ իրականացվի բուժսպասարկումը։ Նշված ուղեցույցը տրամադրվել  է նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական-վերլուծական բաժիններին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին, որպեսզի  լիարժեք կազմակերպվի գործընթացը։ 
Հանրապետությունում օձի և կարիճի խայթոցների դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ տարեցտարի դրանք սկսել են նվազել։ 
ԼՂՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Բախշիյանի տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ  հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցների 19 դեպք։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում դեպքերի թիվը եղել է 29։ Տուժածներից 6-ը կանայք էին, 3-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ։ Գրանցվածներից 4-ական դեպք եղել է Մարտակերտի և Հադրութի շրջաններում, 2-ը՝ Մարտունու և 9-ը՝ Քաշաթաղի շրջանում։ Տուժածներից 14-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 5-ի դեպքում անհրաժեշտություն չի եղել։ Նշենք նաև, որ օձի խայթոցի վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 5-ին, Հադրութի շրջանում։ Լ. Բախշիյանի տեղեկատվությամբ՝ կարիճի խայթոցի դեպքեր չեն արձանագրվել։ Ի տարբերություն  ԼՂՀ¬ի՝ ՀՀ-ում սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք, ընդ որում, 2013թ. համեմատ դրանք աճել են 16-ով։ Տուժածներից 56-ին ներարկվել է հակաթույն։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից 28-ը՝ Երևանում, 17-ը՝ մարզերում։ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ Արմավիրի մարզում կարիճի խայթոցի 13 դեպքերից մեկն ունեցել է մահվան ելք։ Արցախում  մահացու դեպքեր չեն գրանցվել։ 
Մասնագետների կարծիքով՝ խայթոցների մեծ մասը պարզապես բնակիչների անուշադիր վերաբերմունքից է։ Այդ պատճառով էլ առավել տարածված են ստորին և վերին վերջույթների խայթոցները.  դեպքերի մեծ մասը օձերին տրորելու արդյունք է։ Ուստի միշտ պետք է զգույշ լինել և պահպանել որոշակի կանոններ, հատկապես հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Մեր հանրապետությունում խայթոցի դեպքերի մի մասն  արձանագրվում է հենց այդ աշխատանքներով զբաղվողների մոտ։ Ուստի պետք է միշտ զգույշ լինել նույնիսկ տարվա այս շրջանում, որովհետև խայթոցի վերջին դեպքը մեր հանրապետությունում գրանցվել է հենց անցած շաբաթ, այսինքն այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել էր։ Մասնագետները հորդորում են հագնել ամուր կոշիկներ, և տաբատի փողքերը մտցնել գուլպայի ու կոշիկների մեջ։ 
ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկատվությամբ` հանրապետությունում կա չորս տեսակի թունավոր օձ. երեքը՝ կովկասյան, տափաստանային հայկական իժեր և գյուրզա։ Դրանք բոլորն էլ վտանգավոր են, որոնց խայթած տեղը ուժեղ ցավում է, ապա առաջանում է  այտուց։ Հետո մաշկը կարմրում է, իսկ այտուցը տարածվում վերջույթով։ Դեպքից 20-40 րոպե անց արդեն առաջանում են շոկի ախտանշաններ՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում, ճնշման իջեցում և այլն։ Օձի թույնն ազդում է օրգանիզմի հյուսվածքների վրա, խախտում արյան մակարդելիությունը, քայքայում արյան կարմիր գնդիկները։ Բացի դրանից, տուժած մարդու վիճակի ծանրության աստիճանը կախված է օձի տեսակից, չափից, տարիքից, ինչպես նաև տարվա եղանակից, օձի՝ վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից, կծած տեղերի քանակից, խորությունից և տեղակայումից։ Օձի խայթոցի դեպքում պետք է տուժածին հորիզոնական դիրքի բերել, ապահովել    լիակատար հանգիստը կամ ավելի լավ է տուժողն ընդհանրապես չշարժվի։ Այդ ամենը դանդաղեցնում է օրգանիզմում թույնի տարածումը։ Իսկ տուժածին ցուցաբերած առաջին օգնությունը մեծ նշանակություն ունի։ Նյարդային գրգռված վիճակը, շարժումներն արագացնում են արյան շրջանառությունը, նպաստում թույնի տարածմանը։ Տուժածի հանգիստն ապահովելուց հետո պետք է տալ շատ հեղուկ՝ ջուր, հյութեր, թեյ, բացառությամբ սուրճի և ալկոհոլի։ Այնուհետև անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղափոխել հիվանդանոցի վերակենդանացման բաժին, քանի որ այստեղ առավել որոշիչ գործոն է համարվում ժամանակը։ ԼՂՀ առողջապահության նախարարության մասնագետները խստիվ արգելում են խայթոցի տեղն այրել և  կտրել։ Նման  սխալ գործողություններն ավելի են վատթարացնում տուժածի վիճակը։ Լ. Բախշիյանի տեղեկատվությամբ՝ նախարարության բոլոր բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակություն, իսկ բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ 
Վերջին տարիներին ԼՂՀ-ում եղել են նաև կարիճի խայթոցի դեպքեր։ Կարիճները  երկու տիպի են՝ գույնզգույն և սև։ Սև կարիճները շատ թունավոր են, և երբեմն նրանց խայթոցն ավելի վտանգավոր է, քան օձինը։ Կարիճի խայթոցի տեղն ուժեղ ցավում է, կարմրում և բշտում։ Արագանում է տուժածի սրտի ռիթմը, բարձրանում մարմնի ջերմաստիճանը, հետո սկսվում են ուժեղ գլխացավ, սրտխառնոց։ Կարիճի խայթոցի դեպքում հակաթույն չկա, բայց հիվանդանոցներում բավականին արդյունավետ բուժում են և դրանց մահացու դեպքերի թիվը շատ ավելի փոքր է։ Ուստի այս դեպքում նույնպես հիվանդին պետք է անհապաղ հասցնել հիվանդանոց։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ