[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՇԱՎ-ՄՐՑՈՒՅԹ

Հոկտեմբերի 10-12-ը Շուշիում կայացավ ՙՀայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի՚ հակածխախոտային արշավ-մրցույթը։ Այն կազմակերպվել է ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ և ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
 10728950_10204943834419385_1144782168_n.jpgԾրագրին Հայաստանից մասնակցեցին 45,  Արցախից՝ 30 երիտասարդներ։ 
Նախքան մրցույթին մասնակցելը 16-35 տարեկան այդ երիտասարդները լրացրել են նախօրոք հայտարարված մրցույթի օնլայն հարցաշար և հնարավորություն ունեցել մասնակցելու արշավին։ Միջոցառումն անց է կացվել Ավան Շուշի Պլազա հյուրանոցում։ 
Եռօրյա ծրագրի շրջանակներում ընթերցվել են դասախոսություններ ծխախոտի պատմության, ծխախոտի վնասակար ազդեցության ու պատճառած վնասների շուրջ բժշկական տեսակետների, ծխելու հոգեբանական պատճառների վերաբերյալ։ Այդ առումով կազմակերպվել են նաև խմբային քննարկումներ, ինքնուրույն աշխատանքներ և մրցույթներ։ Մասնակիցների համար սահմանվել էր 6 մրցանակ՝ 3-ը հայաստանցիների, 3-ն էլ՝ արցախցիների համար։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի պարզաբանմամբ՝ ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ներկայացուցիչներ, ու նրանք մրցանակաբաշխության ժամանակ հաշվի են առել նաև հարցաշարի լրացման ճիշտ ձևը։ Արշավի մասնակիցներին հանձնարարվել էր ինքնուրույն աշխատանք՝ ծխախոտի դեմ պայքարի իրենց պատկերացրած ծրագրերի տարբերակների մասին, դրանք նաև՝ թատերական ներկայացմամբ և տվյալ թեմայի վերաբերյալ նկարներով։ Արդյունքում ԼՂՀ¬ ից առաջին տեղը զբաղեցրել է ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ  անդամ Դիանա Հարությունյանը՝ շահելով Արմթաբ պլանշետ, 2-րդ տեղը՝ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից Արայիկ Ապրեսյանը, որն էլ ստացավ ՙSAMSUNG՚ ընկերության սենսորային հեռախոս, և 3-րդ տեղը՝ Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանող Մարիաննա Ահարոնյանը՝ շահելով բջջային հեռախոս։  
Հակածխախոտային այս ծրագրի բոլոր մասնակիցներն ստացել են հավաստագրեր և խորհրդանշական նվերներ։ Ս. Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ սա արդեն երկրորդ ծրագիրն է, որ համատեղ իրականացվում է հայաստանյան երիտասարդական կառույցների հետ՝ ՀՀ նախագահի կողմից տրամադրված դրամաշնորհով։ Առաջին ծրագիրը, որ վերաբերում էր համայնքների զարգացմանը, իրականացվել է ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚ ՀԿ-ի հետ համատեղ՝  Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ս. Պետրոսյանի խոսքով՝ այս ամառ ինքը մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից Վանաձորում անցկացված ՙԵրիտասարդներ՝ հանուն ապագայի՚ ճամբարին, որտեղ որպես թրեյներ հանդես է եկել ալկոհոլի դեմ պայքարի թեմայով։ Այդ ճամբարին մասնակցել են նաև երկու արցախցիներ, ովքեր ստացած գիտելիքները փոխանցել են իրենց հասակակիցներին։ Սեպտեմբերին Արման Մանգասարյանն ու Վալերի Պետրոսյանը Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում իրենց հասակակիցների և ուսուցիչների շրջանում հանդես եկան առողջ ապրելակերպի մասին թեմաներով։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը ջանում է պարբերաբար կազմակերպել նմանատիպ ծրագրեր, որպեսզի երիտասարդության շրջանում առավել արդիական լինի առողջ ապրելակերպի ձգտումը, նրանք ունենան համապատասխան գիտելիքներ ծխախոտի, ալկոհոլի և այլ վնասակար երևույթների վերաբերյալ։ ՙՄենք ձգտում ենք առողջ ապրելակերպ քարոզել ամենուր, հատկապես գյուղերում, որովհետև, շփվելով երիտասարդների հետ, մենք տեսանք, որ խմելն ու ծխելն ինչ-որ տեղ, երիտասարդների պատկերացմամբ, կայացման միջոց է համարվում։ Մենք մեր ծրագրերով բացատրում ենք դրանց վնասակարությունը, և փոխարենը երիտասարդներին առաջարկում զբաղվել ինքնակրթությամբ, ակտիվանալ հասարակական կյանքում, մասնակցել իրենց համայնքի զարգացման ծրագրերին և ապրել իմաստավորված կյանքով՚,- ասաց Ս. Պետրոսյանը։ 
Հակածխախոտային արշավի հայաստանյան ներկայացուցիչները հոկտեմբերի 12-ին մասնակցեցին Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին և տեղում բնակչության շրջանում հարցումներ անցկացրին ծխելու վերաբերյալ։ Հաջորդ տարի նույնպես նախատեսվում է կազմակերպել հակածխախոտային  արշավ, սակայն՝ առավել լայն շրջանակներով։ Այսինքն՝ ծրագիրը կընդգրկի նաև հանրապետության տարբեր շրջաններ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ