[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ

Տասնամյա գործունեության յուրատեսակ  հաշվետվություն
Հանգանակ՚ հասարակական կազմակերպության ստեղծումն անհրաժեշտություն էր (այն հիմնադրվել է 2004 թվականին)։ Նպատակն էր կյանքի կոչել մի ծրագիր, որը կիրականացնի սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին։ 
Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ ծրագիրը հավակնում է ընդգրկել նաև հանրապետության շրջանները։ Վերջինս Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության մի հրաշալի օրինակ է։ Հավելենք նաև, որ ծրագիրն  իրականություն է դարձել  տաղանդավոր բժիշկ, մեծ բարեգործ, արցախցիներին քաջածանոթ  Քերոլայն Նաջարյանի կողմից։ Հենց նրա միջնորդությամբ էլ ծրագիրը ներկայացվեց ՙՀայ կանանց բարեկեցության միություն՚ կազմակերպությանը (առավել հայտնի որպես AWWA.), որի նպատակներն ու խնդիրները համահունչ էին ՙՀանգանակ՚-ի մշակած ծրագրին։ Միությունը միաձայն որոշում կայացրեց սատարել տարեցների ծրագրին։
Օրերս ՙՀանգանակ՚¬ը տոնեց իր տասնամյակը։ Նախքան գործունեության ծրագրի հիմնադրույթներին անցնելը, ՙՀանգանակ՚ ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հիանալի հայուհիների վրա, ովքեր առայսօր շարունակում են իրենց անձնվեր աշխատանքը և ովքեր Բոստոնից ժամանել են մասնակցելու հոբելյանին նվիրված միջոցառումներին։ Դահլիճը բուռն ձափողջույններով դիմավորեց բարեգործ տիկնանց։ 
Այնուհետև Գ. Հովհաննիսյանը  ներկայացրեց իրենց գործունեության հիմնական ուղղությունները։
Ծրագրի հիմնական նպատակը Ստեփանակերտում բնակվող միայնակ մեծահասակների կյանքի որակի բարելավումն է, շահառուներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելը, անհրաժեշտ դեղամիջոցներ տրամադրելը,  ամենամսյա  պարենամթերքով ապահովելը։
Բուժօգնություն և բուժսպասարկում ստանալու համար շահառուներն այցելում են Տարեցների բժշկական կենտրոն, որը տեղակայված է ՙՀանգանակ՚¬ի  գրասենյակում։ Բժշկական կենտրոնը հագեցած է ԷՍԳ սարքով, գլյուկոմետրով, առաջին օգնության դեղանյութերով։ Բժիշկներն ու բուժքույրերը պարբերաբար այցելում են այն տարեցներին, ովքեր դժվարանում են այցելել Կենտրոն։ Կազմակերպության կողմից մատուցվում են նաև սոցիալական այլ ծառայություններ, սպասարկում 30 անկողնային հիվանդների։
Գոհար Հովհաննիսյանը ծրագրի իրականացման կարևոր մաս համարեց պարենամթերքի տրամադրումը, ինչը մասամբ թեթևացնում է շահառուների  սոցիալական վիճակը։ Կենտրոնը կառավարության տրամադրած միջոցներն  օգտագործել է կինոցուցադրումների նպատակով անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Կինոցուցադրումներից հետո շահառուների համար կազմակերպվում են նաև  հոգևոր զրույցներ,   էքսկուրսիաներ Արցախի պատմամշակութային տեսարժան վայրերը՝ Գանձասար, Շուշի, Ամարաս, Տիգրանակերտ,  այլուր։
Բոլոր տոնական օրերին նվիրված  միջոցառումներն ուղեկցվում են  հյուրասիրությամբ։ Նշելով, որ տարեցների ծրագիրը հասել է իր հիմնական նպատակին՝ Կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ  բարելավվել է շահառուների կյանքի որակը, նրանք դարձել են սոցիալապես առավել ակտիվ և ինքնավստահ՝ դիմակայելու կյանքի  փորձություններին։ Վերջում նա երախտագիտության խոսք հնչեցրեց  բոլոր այն անձանց և կազմակերպությունների հասցեին, որոնք սատարել են Կենտրոնի և ծրագրի կայացմանը, մասնավորապես Հայ կանանց բարեկեցության միությանը, միության խորհրդին, նախագահ Բրենդա Խեդերյանին՝ զգալի ներդրումների, կազմակերպության հովանավորության համար,  Զավեն Քեն Դարյանին, Քերոլայն Նաջարյանին, Ռեյչել Նաջարյանին և Սոնա Արմենյանին շարունակական աջակցության համար։ 
Հոբելյանի առթիվ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքերը փոխանցեց Ստեփանակերտի հոգևոր հովիվ  տեր Մինաս քահանա Մովսիսյանը։ Տարեցների կենտրոնի առօրյայի մասին էր հանրային հեռուստատեսության պատրաստած տեսանյութը։ ՙՀանգանակ՚ ՀԿ-ի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ հրապարակվեց ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղերձը։ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին մի խումբ բարերարներ։ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը բարձր գնահատեց ՙՀանգանակ՚-ի առաքելությունը՝ մաղթելով հաջողություններ ու նպատակասլաց գործունեություն։ Հոբելյանի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։
ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, ողջունելով ու շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, ՙՀանգանակ՚ և  ՙՀայ կանանց բարեկեցության միություն՚ կազմակերպություններին հայրենանպաստ գործունեության համար պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով։
Հանդիսավար Նաիրա Աղաջանյանի անմիջականության շնորհիվ դահլիճում ծավալվեց ջերմ ու անկեղծ զրույց. երգ ու պարից, ասմունքից անմասն չէին և տարեցները։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ