[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-19-ը Ստեփակերտում ընթանում են փիարի ու քարոզչության վերաբերյալ դասընթացներ, որոնց մասնակցում են նախարարությունների և այլ գերատեսչությունների մամլո ծառայությունների պատասխանատուներ ու հասարակայնության հետ կապերի գծով բաժինների աշխատողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 
Դասընթացները վարում են  ՙSPRINGroup PR՚  ռազմավարական ընկերության ներկայացուցիչները` ԵրՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, ընկերության հիմնադիր-նախագահ Նվարդ Մելքոնյանի ղեկավարությամբ, ով նաև Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն է: Հիշեցնենք, որ Արցախի հանրության համար նորություն հանդիսացող նմանօրինակ միջոցառում նույն ընկերության կողմից կազմակերպվել էր նաև ընթացիկ տարվա օգոստոսին: Ն. Մելքոնյանի խոսքերով, այս անգամ ունկնդիրները հնարավորություն ունեն ավելի խորքային տեղեկատվություն ստանալ, մասնակցել տարողունակ թեմաների քննարկմանն ու ներկայացնել իրենց կառույցների խնդիրներն ու խորհուրդներ ստանալ մասնագետներից։
Դասընթացների մեկնարկի թեման էր ՙՊետական կառույցների PR-ի առանձնահատկությունները՝ նպատակները, գործառույթները, խնդիրները՚: Գրեթե յուրաքանչյուր պետական մարմին ունի հասարակայնության հետ կապերի սեփական ծառայությունը, որը հանդես է գալիս տարբեր ձևերով, սակայն բոլորն էլ գործում են մեկ նպատակի շուրջ. պետական մարմնի գործունեության վերաբերյալ հասարակայնությանն իրազեկում, հետադարձ կապի ապահովում և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծում պետության ու հասարակայնության միջև: Ըստ Նվարդ Մելքոնյանի` սովորաբար ռեսուրսների առկայության տեսակետից պետական PR ծառայությունների գործունեությունը  խնդիրներ է ունենում սահմանափակ բյուջեի  պատճառով, սակայն պետական կառույցները տիրապետում են հսկայական վարչական ռեսուրսների և ինֆորմացիոն աղբյուրների: Այս առումով շատ կարևոր է տեղեկատվական հոսքերի կառավարման ու PR գործունեության իրավական հիմքի ապահովումը: Նա մատնանշեց պետական երկարատև PR ռազմավարության մշակման կարևորությունը, քանզի ներկայումս հայրենի PR ծառայությունները գործում են հիմնականում իրավիճակային ու կարճատև պլանավորման միջոցով: Բանախոսը շեշտեց.  չպետք է մոռանալ, որ պետական մարմինների կայուն դրական իմիջի ստեղծումն ու պահպանումը հնարավորություն կտան խուսափել պետություն-հասարակություն լարվածության առաջացումից, կնպաստեն պետության նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի առաջացմանն ու պահպանմանը, ինչը ժողովրդավարական պետության զարգացման կարևորագույն նախադրյալն ու գրավականն է: Դասընթացների առաջին օրվա պարապմունքները եզրափակեց ընկերության համահիմնադիր Տաթև Սիմոնյանը` ՙՄամուլի ծառայությունների և հանրային կապերի բաժինների գործառույթները պետության իմիջի ձևավորման համատեքստում՚ թեմայով դասախոսությամբ: Երկրորդ օրն անդրադարձ եղավ Տեղեկատվական համակարգերին, դրանց տեսակներին, դասակարգման հիմքերին: ՙՀակաճգնաժամային տեղեկատվական գործողություններ: Ադրբեջանի հակահայկական քարոզչություն. Կիրառվող հակաքարոզչության մեթոդները՚ թեման ընթացավ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Հաջորդ երկու օրերին անդարարձ կկատարվի  մամուլի ծառայությունների և ԶԼՄ-ների արդյունավետ համագործակցության ու փոխշահավետ հարաբերությունների ձևավորման հիմքերին,  պետություն-հասարակություն երկկխոսության ապահովման գործում  ԶԼՄ-ների դերին և այլ թեմաների: Պարապմունքների ընթացքում կազմակերպվում են խաղեր, քննարկվում այս կամ այն  թեմային առնչվող հետաքրքիր և ուսանելի օրինակներ: Մասնակիցներին կտրամադրվեն նաև բովանդակալից նյութեր, թեմային առնչվող գրականության հարուստ ցանկ: Քառօրյա թրենինգները կեզրափակվեն հավաստագրերի հանձնմամբ:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ