[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

788.jpgՈղջունելի նախաձեռնություն, ինչը, մասնակիցների վկայությամբ, 
անհրաժեշտություն է և պետք է շարունակական բնույթ կրի։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունը փորձում է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար ստեղծել որոշակի  պայմաններ, աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ բարձրացնել գործազուրկների և հաշմանդամների մրցունակությունը, խթանել երիտասարդների և կանանց զբաղվածությունը, կարգավորել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը, իսկ զբաղվածության պետական ծառայությունները՝ քաղաքացիների և գործատուների համար դարձնել առավել գրավիչ և թափանցիկ։
Հոկտեմբերի 19-ին առաջին անգամ  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ, որտեղ 20 գործատուներ ներկայացրին առկա և սպասվող թափուր աշխատատեղերը՝ համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատողներ գտնելու նպատակով, իսկ ավելի քան 300 աշխատանք փնտրողներ հնարավորություն ունեցան միաժամանակ հանդիպել գործատուներին, գտնել իրենց մասնագիտությանը և որակավորմանը  հարմար աշխատանք: Տոնավաճառի ընթացքում ներկայացվեցին զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, փոխնախարար Լենստոն Ղուլյանը, նախարարության և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, գործազուրկներ։ 
Զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության և ոլորտում իրականացվող ամենամյա ծրագրերի վերաբերյալ ներկաներին տեղեկություններ տրամադրեց նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրող անձանց թիվը հանրապետությունում 2100 մարդ է, որոնցից 2022-ը կանայք են: Աշխատանք փնտրողների 93,1%-ը, կամ 1955 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Գրանցված 1955, քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 22 հոգի: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 111 գործազուրկ: Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է աշխատանքի խթանմանը, զբաղվածության խրախուսմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելու և նրանց սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը, աշխատանք փնտրողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը: 789.jpg
Այդ առումով առաջին անգամ կազմակերպվող աշխատանքի տոնավաճառում տեղադրված սեղաններին նշված էր գործատու ընկերության անվանումը, որը զբաղեցնում էր գործատուն կամ ընկերության ներկայացուցիչը։ Աշխատանք փնտրողները նախօրոք ծանոթացան թափուր աշխատատեղերին և ըստ իրենց նախընտրած աշխատանքի մոտեցան ընկերության ներկայացուցչին՝ հանձնելով անհրաժեշտ տեղեկությունները։ Իր հերթին գործատուն կամ նրա ներկայացուցիչը աշխատանք փնտրողին ներկայացրեց ունեցած թափուր աշխատատեղերի վերաբերյալ պայմաններն ու պահանջները։ Բանակցությունների արդյունքում կայացած որոշման մասին գործատուն աշխատանք փնտրողին տեղեկացրեց տեղում կամ էլ թողեց հետագային։ Բացի դրանից, տոնավաճառի մասնակիցները լրացրին նախարարության կողմից մշակված՝ տոնավաճառի գնահատման հարցաշար, որպեսզի հետագա տոնավաճառներին հաշվի առնվեն գործազուրկների և մյուսների առաջարկները։ Տոնավաճառում կողմնորոշվելու և ընթացքում ծագող հարցերի լուծման համար պատրաստ էին օգնելու աշխատանքի և զբաղվածության գործակալության աշխատողներն ու ՙՀայկի Սերունդ՚ հասարակական կազմակերպության երիտասարդները։ Նշենք, որ տոնավաճառին ներկա էր 20  գործատու՝ ավելի քան 250 աշխատատեղով ու 50 տարբեր մասնագիտություններով։ Գործազուրկների մեծ մասը բարձրագույն կրթությամբ մանկավարժներ էին, իսկ Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը հիմնականում Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջաններում էին։ ԼՂՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանի պարզաբանմամբ՝ այս ուսումնական տարվա նախաշեմին նախարարությունն ունեցել է ուսուցչի շուրջ 140  թափուր աշխատատեղ։ Դրանց մի մասը համալրվել է, սակայն շրջաններում դեռ կան շուրջ 50-70 թափուր աշխատատեղեր։ ՙՆախընտրելի է, որ նման տոնավաճառը կազմակերպվի նոր ուսումնականի նախաշեմին, մենք համագործակցում և պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժնի հետ,¬ ասաց Է. Գրիգորյանը։¬ Ներկա դրությամբ թափուր աշխատատեղեր ենք առաջարկել հանրապետության շրջաններում, սակայն քչերն են համաձայնվում։ Բոլորն էլ գերադասում են աշխատել Ստեփանակերտում։ Ընդամենը 3 հոգի իրականում ցանկություն հայտնեցին շրջաններում աշխատելու՚։ 
 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը հուսով է, որ առաջին անգամ կազմակերպվող նման ակցիայի արդյունքները կլինեն դրական, և հետագայում այդ ամենին կտրվի շարունակական բնույթ։ Նման տոնավաճառ շրջաններում նախատեսվում է հաջորդ տարի։ Շրջանառվում է նաև էլեկտրոնային բորսայի գաղափարը. նախարարության կայքէջում տեղադրվում են թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ, ինչը հետագայում ՙԳործ՚ տեղեկատվական համակարգի օգնությամբ աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա առցանց ռեժիմով ծանոթանալ թափուր աշխատատեղերին։ Գործատուներն էլ իրենց հերթին կայքէջում կտեղադրեն առկա թափուր աշխատատեղերը։ ՙԱյս փուլից հետո մեկ ամսվա ընթացքում կամփոփվեն տոնավաճառի արդյունքները, որպեսզի պարզենք, թե 250 թափուր աշխատատեղերից քանիսն են լրացվել, որից հետո կարվեն որոշակի եզրակացություններ։ Բացի այդ, Ստեփանակերտից շատ քիչ գործատուներ են մասնակցել տոնավաճառին, մինչդեռ կարող էին մասնակցել հարյուրավորներ։ Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը, որ արձագանքեց և ամենաշատ թափուր աշխատատեղերը ներկայացրեց։ Հուսով ենք, որ հետագայում շատերը կարձագանքեն՚,- նշեց Ս. Ավանեսյանը։ 
Հ. Ստեփանյանի տեղեկատվությամբ՝ տոնավաճառի մասին հայտարարությունից հետո գրանցվել են 300-ից ավելի աշխատանք փնտրողներ, բայց միայն վերլուծության արդյունքներից հետո պարզ կդառնա, թե քանիսն են աշխատանք գտել։ Գրանցվածների 80%-ից ավելին նախապատվությունը տվել է  պետական հիմնարկներում աշխատելուն, որոնց թիվը, ցավոք, քիչ է։ Աշխատանքի և զբաղվածության գործակալությունը կշարունակի համագործակցել գործատուների հետ գործազուրկներին աշխատանքով ապահովելու համար։ Գործատուները ներկայացրել էին 50-ից ավելի տարբեր մասնագիտությունների աշխատատեղեր ու հիմնականում՝ շինարարական, սպասարկման, առևտրի, արտադրության և կրթության ոլորտներում։ Տոնավաճառը բավականին աշխույժ ընթացք ունեցավ, սակայն շատերի համար ներկայացված թափուր աշխատատեղերը գրավիչ չէին։ Որպես գործատու՝  ՙՊանտ՚ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Հարությունյանը ողջունեց նման տոնավաճառի կազմակերպումն Արցախում, որին 2-3 ամիս առաջ էր պատրաստվում նախարարության աշխատողների հետ։ ՙՄտածում էի, որ ցանկացողներ շատ կլինեն, բայց քչերը մոտեցան մեզ։ Բանվոր ոչ ոք չի ուզում աշխատել, իսկ մեր ընկերությունը բանվորների, քարտաշների, զոդողների, վերամշակող վարպետների մեծ պահանջարկ ունի։ Ներկայացրել ենք նաև աշխղեկի, ճարտարապետ-շինարարի, արտադրատեխնիկական բաժնի պետի թափուր աշխատատեղեր։ Սակայն մեզ մոտեցավ  ընդամենը 3 հոգի, որից երևի մեկ երիտասարդի կվերցնենք որպես աշխղեկ։ Մենք բոլոր ցանկացողներին հրավիրում ենք աշխատել մեր ընկերությունում, միայն թե չթերանան՝ աշխատեն՚,- ասաց Ս. Հարությունյանը։ Ստեփանակերտցի Օֆելյա Սարգսյանն ուրախությամբ նշեց, որ ՙՍեյսմիկ պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ում իրեն առաջարկեցին աշխատել որպես գեոֆիզիկոս։ Նրա խոսքով՝ եթե տոնավաճառ չլիներ, ինքը թերևս չգտներ այդ աշխատանքը, որովհետև կոնկրետ չգիտեր, թե որ ընկերությունում ինչ աշխատատեղ կա։ ՙՂարաբաղ-կարպետ՚ գորգագործական ընկերությունն ունի 5 արտադրամաս Հադրութում, Շուշիում, Ճարտարում, Բերձորում և Ստեփանակերտում։ Ներկայացրել են 10 թափուր աշխատատեղ, բայց արձագանքեցին միայն 2-3 հոգի, իսկ ՙՍանմաքրում՚ ընկերության առաջարկած 4 աշխատատեղերը ոչ մեկի համար գրավիչ չէին։ ՙԱրցախ կարի-կոշկի արտադրական միավորում՚ ՓԲԸ-ի ներկայացրած 17 թափուր աշխատատեղերից համալրվեց միայն 7-ը։ Տոնավաճառի արդյունքները կերևան մեկ ամսվա ընթացքում՝ կատարված վերլուծությունների և եզրակացությունների արդյունքում։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ