[ARM]     [RUS]     [ENG]

ԷԲՈԼԱ ՎԻՐՈՒՍԻ ԱՐՑԱԽ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ebola_virus.jpgԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ)՝ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկյան մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև՝ Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում։ Այս հիվանդությունը 2012թ. դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար: 
Ներկայումս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից 4000-ը՝ մահվան ելքով: Բացի աֆրիկյան երկրներից,  այս հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև եվրոպական և ամերիկյան երկրներում։ Այսպես, Իսպանիայում արձանագրվել է հիվանդության 2 դեպք: Տուժածները եղել են վանականներ, ովքեր աֆրիկյան երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների:  Այնուհետև հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) և 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր և նրա ամուսինը): Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Թագավորությունում և Չեխիայում: 2014թ. սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրված մեկ հիվանդը հոկտեմբերի 9-ին մահացել է: Արդեն 80 կոնտակտավորներ  մեկուսացված են: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ: Կասկածելի դեպք է արձանագրվել նաև Բրազիլիայում։
Աշխարհում Էբոլա վիրուսով հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված՝ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից հոկտեմբերի 17-ին ստորագրվել է հրաման, համաձայն որի, Արցախում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ՝ հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումը կանխելու նպատակով։  ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ նախարարության և համակարգի, առանձնապես շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար: Նշենք, որ ԱՀԿ-ն աշխարհի բոլոր առողջապահական կազմակերպություններին առաջարկել էր բարձր պատրասխանատվություն ցուցաբերել հիվանդության վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման նկատմամբ, ինչպես նաև միջազգային նշանակության օդանավակայաններում ստեղծել պայմաններ տենդով ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար և ուղևորներին իրազեկել ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգի մասին:
Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություներն իրականացնում են անհրաժեշտ քայլեր։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ 
ԼՂՀ բնակչության, ինչպես և Արցախ ժամանողների ու մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու նպատակով ԼՂՀ առողջապահության նախարարությունում արդեն պատրաստ են էբոլա վարակի վերաբերյալ հուշաթերթիկների նմուշներ, ինչպես նաև վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության մեթոդական ուղեցույց: Նախատեսվում են սեմինար-դասընթացներ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար: Առողջապահության նախարարությունն ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ հանրապետություն վայրի կենդանիների ներկրման սահմանափակումների առնչությամբ: Օ. Հարությունյանի պարզաբանմամբ՝ Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ:
Մասնագետները զգուշացնում են, որ էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թվականին՝ Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը էբոլա վիրուսն է: Այն մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում հիվանդի առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք գրանցվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում: Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են, որոնք Հայաստանում չկան: Վիրուսը մարդկանց փոխանցվում է չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծյամներ) հետ արյունային կամ լորձային սերտ շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով: Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչև 21 օր է: Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝ մեկուսացման պայմաններում։ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժման համար պատվաստանյութ դեռևս առկա չէ։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ